Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա: Հանդիպման սկզբին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը հայտնել է, որ քննարկվելու են եւ՛ տնտեսական հարցեր, եւ՛ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ, եւ՛ գլոբալ կարեւորության մի շարք հարցեր, այդ թվում` ԼՂ հարցը: Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մեդվեդեւին այն օժանդակության համար, որը դրսեւորում է ՌԴ-ն տարածաշրջանային հարցերի շուրջ Երեւանի դիրքորոշումն ավելի ամրապնդելու ուղղությամբ: «Մենք հետաքրքրված ենք բոլոր հարցերի խաղաղ լուծմամբ, եւ այստեղ խոսում ենք ոչ թե որպես ռազմավարական դաշնակիցներ, այլեւ համախոհներ»,- ասել է Ս. Սարգսյանը: Ավելի վաղ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը չէր բացառել, որ այլ հարցերի թվում կքննարկվի նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն կիրակի օրը Ստեփանակերտում ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր տարածաշրջանային այցի նպատակն է՝ նախապատրաստել Ս. Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումը, որը, նրա ասելով, «տեղի կունենա այս շաբաթ»: «ԱՄՆ-ը հաստատակամորեն տրամադրված է ԼՂ լուծման ուղղությամբ առաջընթացի հասնել»,- ասել էր Ռ. Բրադկեն: Թեեւ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին որեւէ բան չի նշվում, սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ ԼՂ հարցի արծարծումները այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շարունակականությունն ապահովելու նպատակ են հետապնդում: Հնարավո՞ր է, որ շաբաթվա վերջին կայանալիք Ալիեւ-Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը լուրջ տեղաշարժ արձանագրի ԼՂ հարցում` ասենք` կարեւոր հայտարարություն արվի կամ փաստաթուղթ ստորագրվի: Փորձագետների տեսակետները այս հարցում արդեն տարբերվում են: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, թե ԼՂ հարցի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ որեւէ ստորագրված փաստաթղթի իրականացումը այս պահին շատ դժվար կլինի: «Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1993թ.-ի 4 բանաձեւերն այդպես էլ թղթի վրա մնացին: Այդ բանաձեւերի կետերը, նույնիսկ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը չիրականացվեցին, քանի որ ռազմական գործողությունները ի վերջո դադարեցվեցին մոտ մեկ տարի անց, իսկ «անհապաղ» ասելով՝ մեկ տարի չի հասկացվում: Ես, արդեն 10 տարի է, ինչ թոշակի եմ անցել եւ ինֆորմացիա չունեմ` որեւէ փաստաթուղթ առաջիկայում նախատեսվո՞ւմ է ստորագրել ԼՂ հարցի հետ կապված, թե՞ ոչ: Բայց կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա»,- երեկ տեղի ունեցած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Վ. Կազիմիրովը` շեշտելով, որ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները «ինքնուրույն, իրար հետ չկապված» գործընթացներ են: Վ. Կազիմիրովը, սակայն, կարծում է, որ նախագահների հանդիպման ժամանակ «փոքր առաջընթաց» կարող է լինել: «Ես, իհարկե, չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց բեկումնային առաջընթաց, կարծում եմ, որ չի լինի»,- ասաց դիվանագետը: Ըստ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովի՝ ԼՂ հարցում որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո: «Ցանկացած դեկլարատիվ հայտարարություն կամ փաստաթուղթ ավելի շատ կարող է վնասել ԼՂ հարցի կարգավորմանը, քան թե օգնել: Կարծում եմ՝ այս փուլում նախագահների հանդիպումների պարագայում ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել եւ ավելի կարեւոր են լեքսիկոնի, մոտեցումների, տոնայնության փոփոխությունները, ինչը կարող է դրսեւորվել երկու երկրների ԶԼՄ-ների, փորձագետների, պաշտոնատար անձանց եւ այլ մակարդակներով: Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն ԼՂ հարցում հնարավոր կլինի որեւէ դեկլարացիայի ստորագրում»,- նշեց Ա. Սկակովը: Մինչդեռ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական է համարում այն, որ նախագահների եռակողմ հանդիպմանը Մայնդորֆյան հռչակագրի կարգի մի որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Սակայն, ըստ Ա. Իսկանդարյանի, ինչպես որ Մայնդորֆյան հռչակագիրը, այնպես էլ ստորագրվելիք որեւէ փաստաթուղթ չեն կարող իրական փոփոխություններ առաջացնել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խնդիրները ոչ թե Երեւանում են, այլ Անկարայում: ՀՀ-ում այս գործընթացին հակազդողները որոշ ինտելեկտուալներ են, լրագրողներ, հասարակական կարծիքի լիդերներ եւ բնակչության մի որոշ հատված: Բայց քաղաքական հակազդեցությունը բավարար չէ այն բանի համար, որ արձանագրությունները չվավերացվեն ՀՀ պառլամենտում: Թուրքիայում այդպես չէ: Այստեղ, բացի ինչ-որ ինտելեկտուալներից, կան նաեւ շատ լայն մասսաներ բնակչության մեջ, եւ կա հակազդեցություն հենց իշխող էլիտայի ու կառավարող կուսակցության ներսում: Այս մարդկանց, այս ուժերին պետք է ինչ-որ բան ցույց տալ: Այդ ինչ-որ բանը կարող է հանդես գալ փաստաթղթի տեսքով, որի վրա ԼՂ հարցում առաջընթացի մասին ինչ-որ բան կլինի գրված»,- ասաց Ա. Իսկանդարյանը: Ըստ նրա, Մայնդորֆյան հռչակագիրն էլ կատարում չէր ենթադրում: «Այդ փաստաթուղթը չստորագրվեց այն բանի համար, որ հետագայում իրականացվի: Բայց այն ինչ-որ նշանակություն ուներ, ինչ-որ գործիքային դեր ուներ: Հենց նման մի գործիքային դեր ունեցող փաստաթուղթ էլ ԼՂ հարցի վերաբերյալ այժմ թուրքերին պետք է: Ստորագրել կստացվի, թե չի ստացվի` չգիտեմ: Բայց կա հավանականություն, որ հունվարին կամ փետրվարին մեզ Մայնդորֆյան հռչակագրի կարգի մի փաստաթուղթ ներկայացնեն»,- ասում է Ա. Իսկանդարյանը: