Վնասակարությո՞ւն, թե՞ դամբուլություն

19/01/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հակառակ Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, մեր երկրում տնտեսական անկումը չի դադարել: Դրանում համոզված է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հայաստանը նոր արմատական բարեփոխումների կարիք ունի»,- ասում է նա՝ ավելացնելով, որ ներկայիս կառավարությունը տնտեսական ճգնաժամից դուրս գալուն ուղղված բարեփոխումներ չի անում:

Անհրաժեշտ բարեփոխումների թվին Հ. Բագրատյանը դասում է, օրինակ, պրոգրեսիվ եկամտահարկը, որին մեր իշխանությունները չեն գնում։ Նախկին վարչապետը նաեւ համոզված է, որ չպետք է լինի մասնավոր վիճակախաղ, որովհետեւ վիճակախաղի եկամուտն առանց ռիսկի եկամուտ է, եւ Ֆինանսների նախարարությունը պետք է այն վերահսկի: Հ. Բագրատյանը դեմ է նաեւ մասնավոր կառուցապատողներին խրախուսելու քաղաքականությանը, այն դեպքում, երբ ճգնաժամը մեզանում այսպիսի սուր երանգներ ընդունեց հենց կառուցապատման ծավալների պատճառով։ «Իրենց անձնական շահի համար մարդիկ էլիտար բնակարաններ են կառուցում, բայց առնող չկա։ Անիմաստ եւ վնասակար է երկրի համար 20 հազար շքեղ բնակարաններ կառուցելը, որոնք չեն վաճառվում: Ի՞նչ իմաստ ունի 20 հազար շքեղ բնակարան կառուցել Երեւանում եւ փոշիացնել ռեսուրսները: Դա արվում է մեր սերունդների հաշվին»,- ասում է նա։

Նախկին վարչապետը համեմատություն է կատարում 1994 թվականի հետ, երբ հետպատերազմյա շրջանում գրանցվել էր 7%-անոց տնտեսական աճ։ Իսկ այսօր ուրախանում են, որ անկումը 15 % է:

Ուրախանալն անտեղի է հատկապես պետական պարտքի շարունակական աճի ֆոնին, որի սպասարկման գումարները առաջիկա տարիներին ահռելի չափերի են հասնելու։ «2008-ին Հայաստանի արտաքին պարտքի սպասարկումը կազմել է 54 մլն ԱՄՆ դոլար, 2009-ին` 74 մլն, իսկ ահա 2010-ին այն կլինի` 115 մլն ԱՄՆ դոլար, 2011-ին` 129 մլն ԱՄՆ դոլար, 2012-ին` 280 մլն, 2013-ին` 478 մլն ԱՄՆ դոլար»,- ասում է Հ. Բագրատյանը: Վերջինիս կարծիքով, ամենավտանգավորը կոմերցիոն վարկերն են, մասնավորապես՝ Ռուսաստանից ներգրավված միջոցները։ Նա ավելի նպատակահարմար է համարում, եթե այդ ռեսուրսները մեր բանկերից վերցնեին։ Բացի այդ, ըստ նախկին վարչապետի, չի կարելի չափից դուրս ոգեւորվել այն հանգամանքով, որ արտաքին աշխարհը մեզ վարկեր է տալիս՝ իբր մեզ համարելով վճարունակ երկիր։ «Հիմա աշխարհում խնդրում են, որ վարկ վերցնեն։ Օրինակ՝ Ճապոնիայում 0% է տոկոսադրույքը»,- ասում է Հ. Բագրատյանը՝ նկատելով, որ մեր իշխանություններն ուրախանում են, երբ 7-8%-ով վարկ են վերցնում։ Եվ վատն այն է, որ գումարները փոշիանում են։ Օրինակ, ռուսական վարկից 40 միլիոն դոլար տրվել է «ՀայՌուսգազարդին»։ «Ռուսական պետությունից վարկ են վերցնում, տալիս են ռուսական պետությանը: Խելքի նայեցեք»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Նրա համար պարզ չէ՝ գործող նախագահին զեկուցե՞լ են, որ մի քանի տարի հետո պարտքի սպասարկման վրա ավելի շատ գումար է ծախսվելու, քան բանակի վրա։ Հ. Բագրատյանի կարծիքով, Սերժ Սարգսյանին չեն էլ ասում, թե իրականում ինչ է կատարվում երկրում։

Իսկ ի՞նչ ռեսուրսներ ունի ՀԱԿ-ը՝ մասնավորապես տնտեսական ծանր իրավիճակը հաղթահարելու համար։ Հ. Բագրատյանի խոսքերով՝ հիմնական ռեսուրսն այն է, որ ՀԱԿ-ը կցրի բիզնեսի կենտրոնացումը. 12 հազարի փոխարեն բիզնեսով կզբաղվեն 120 հազար, 1 միլիոն մարդ։ «Ռեսուրս պետք չի, ռեսուրսը Մոնտե Քրիստոյի գանձերը չէ, որ պետք է գնալ ու գտնել: Պետք է առկա գործոնները ռեսուրս դարձնել: Մենք թույլ չենք տա, որ նախագահը երկրում միլիարդատեր լինի, թույլ չենք տա, որ հայկական եկեղեցին զբաղվի կոմերցիայով, մենք դրա համար հաշիվ կդնենք: Այսօր եկեղեցին փայ է մտնում բիզնեսի մեջ։ Էլ ի՞նչ եկեղեցի, ի՞նչ Քրիստոս»,- ասում է Հ. Բագրատյանը՝ նախազգուշացնելով, որ նման կերպ շարունակվելու դեպքում մենք բոլորս անխուսափելիորեն գնալու ենք դեպի կործանում։

Ինչ վերաբերում է իշխանությունների լայնամասշտաբ ծրագրերին, որոնք պետք է երկիրը դուրս բերեն ճգնաժամից, Հ. Բագրատյանն ասում է, որ այդ գաղափարներն իրականում պատկանում են ընդդիմությանը: Մասնավորապես, Համահայկական բանկի ստեղծումը, Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, ինչպես նաեւ նոր ատոմային էներգաբլոկի շինարարությունը, նախկին իշխանությունների ուշադրության կենտրոնում են եղել դեռ 1992 թվականից։ Համահայկական բանկի «նախահայրը», օրինակ, Հայաստան Համահայկական հիմնադրամն էր։ Իսկ Իրան-Հայաստան գազատարի շինարարության պայմանագիրը, ըստ Հ. Բագրատյանի, ստորագրվել է իրենց իշխանության օրոք։ Այդուհանդերձ, նախկին վարչապետը գտնում է, որ այդ հարցերը չեն կարող ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունը, քանի որ կան ավելի կարեւոր հարցեր։ Սակայն, երբ իշխանությունը զգում է, որ այդ քայլերի իրականացումը կարող է տանել եկամուտների վերաբաշխման, հետ է քաշվում դրանից։ Իսկ եկամուտները այսօր բաշխված են շատ սահմանափակ թվով մարդկանց միջեւ։ Նույն Սփյուռքը, որի ներուժի մասին այդքան սիրում են խոսել, այսօր գրեթե մասնակցություն չունի մեր բիզնեսում։ «Այսօր Հայաստանի 100 խոշորագույն բիզնեսների մեջ ոչ մի սփյուռքահայի բիզնես չկա։ Օտար երկրին թույլ ենք տալիս, սփյուռքահային՝ ոչ։ Հայաստան-Սփյուռք տնտեսական ինտեգրացիա տեղի չի ունեցել»,- ասում է Հ. Բագրատյանը։

Սփյուռքահային որպես գործարար չեն ընդունում, իսկ ներմուծողների համար ամեն ինչ անում են։ Հ. Բագրատյանը հենց այդպես է բացատրում դրամի արժեւորումը՝ ասելով, որ դրամը արժեւորելով՝ պետությունը պարտք է վերցնում ու ֆինանսավորում ներմուծողներին։ Նրա գնահատմամբ՝ դոլարի փոխարժեքն այսօր պետք է լիներ 470 դրամի սահմաններում։ Հ. Բագրատյանը համոզված է, որ եթե շուկային չմիջամտեն՝ դրամը կարժեզրկվի, որոշ չափով նպաստելով արտադրությանն ու արտահանմանը։ Սակայն դա իշխանությունների կամքից է կախված։ «Դա միակ ձեւն է։ Կուրսը արհեստական պահելը թույլ չի տալիս, որ տնտեսությունը զարգանա, արտահանումն աճի: Երկիրը մեռած է, տնտեսություն չկա։ Լավագույն դեպքում խաշանոց են բացում, հավաքվում խաշ են ուտում»,- ասում է նա։ Իշխանությունների այս գործելաոճը Հ. Բագրատյանը չգիտի ինչպես անվանել՝ վնասակարությո՞ւն, թե՞ դամբուլություն։

«Դամբուլության» տարրեր Հ. Բագրատյանը նկատում է նաեւ պաշտոնյաների ելույթներում։ «Նստել դամբուլ-դամբուլ խոսում են բանկային համակարգի կայունությունից։ Ի՞նչ բանկային համակարգ, նման բան չկա,- նշում է Հ. Բագրատյանն ու ավելացնում,- Իրենք իրենց շոումեններով, աստղերով ու աստղային երգերով իրենց միկրոաշխարհն են ստեղծել, Հայաստան աշխարհի մասին էլ մոռացել են»։

Չնայած իշխանությունների հասցեին իր քննադատություններին՝ Հ. Բագրատյանն ասում է, որ տնտեսության հարցում ինքը բժիշկ է եւ հարկ եղած դեպքում պատրաստ է օգնել։ «Ես միակ տնտեսագետն եմ, ով քննադատելուց հետո լուծումներ է առաջարկել»,- ասում է նա։ Իսկ լրագրողների հարցին, թե իշխանություններն իրեն երբեւէ այդ հարցով չե՞ն դիմել, նախկին վարչապետը կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է՝ դիմում են միայն դատարան։