Անհանգստացած են

19/01/2010

«Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր»,- ըստ թուրքական լրատվամիջոցների, նման հայտարարություն է արել Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Թայֆուն Քընդափը` ավելացնելով, որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով եւ գտնվում է սեյսմիկ գոտում: Ըստ Քընդափի, Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում կտուժեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլեւ Եվրոպան: «Եվրոպան գիտակցում է այդ վտանգը, եւ Եվրամիությունն այդ նպատակով Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փակելու եւ էներգետիկ նոր աղբյուրների հետազոտման համար 100 միլիոն եվրո էր առաջարկել: Սակայն բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին, քանի որ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգետիկ կարիքների 40%-ը, եւ Հայաստանը պահանջում էր 800 միլիոն եվրո: Հայաստանը պետք է փակի Մեծամորի ատոմակայանը եւ գտնի մեկ այլ ճանապարհ էներգետիկ կարիքների բավարարման համար: Այդ հարցում Թուրքիան նույնպես կարող է աշխատանք կատարել, քանի որ մենք շատ մոտ ենք ատոմակայանին»,- ասել է Թայֆուն Քընդափը։