Ռուսներն ուրան են փնտրում Լեռնաձորում

19/01/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շուրջ 2 տարի է, ինչ Կապանում տեղաբնակների շրջանում թափառում են Լեռնաձոր գյուղի ուրանի հանքավայրի շահագործման մասին լուրերը: Դա է պատճառը, որ կապանցիներին այլեւս չի զարմացնում Կապանում քաջարանցիների կողմից բնակարաններ գնելու ձգտումը: «Ախր, զարմանալ կարելի ա: Էդ ուրանը 40կմ շառավղով տարածվում ա: Հիմա քաջարանցիներն իջնում են Կապան` որ ի՞նչ: Մենք էլ ուզում ենք էստեղից փախնել: Ահավոր կլինի մեր վիճակը»,- այսպես են մտածում շարքային կապանցիները` համոզված լինելով, որ ուրանի հանքավայրը ուշ թե շուտ շահագործվելու է: Նրանց չի զարմացնում նաեւ այն, որ ուրանի հանքավայրի թեման տեղական իշխանությունների կողմից, մեղմ ասած, չխրախուսվող թեմաներից է, ինչպես, ասենք, մարզում հանքարդյունաբերության ոլորտում կատարվող կոռուպցիոն երեւույթները: Ինչեւէ, այս ամենով հանդերձ, մենք փորձեցինք հասնել Լեռնաձոր եւ պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ:

Լռությունը` վախի նշա՞ն

Լեռնաձորը գտնվում է Քաջարանի ճանապարհին, որտեղ մուտք գործելուց առաջ նախեւառաջ պետք է բարեւ տաս Քաջարանի գանձերը պահող արջին: «Հեն ա, Քաջարանի կոնցենտրատի գետն ա»,- խոսում էին Քաջարանի երթուղային տաքսու ուղեւորները, որոնց հումորը, թերեւս, շատ տարբեր է մյուս տարածաշրջանների բնակիչների հումորից: «Եթե թոքերս ստուգեն, երեւի մոլիբդենի հանք դուրս կբերեն, երակներովս էլ պղնձաջուր ա հոսում»,- խոսում էր երթուղային տաքսու ուղեւորներից մեկը: Քիչ հետո երթուղայինը կանգնեց գյուղի մուտքի մոտ, որտեղից կարելի էր տեսնել գյուղի համայնապատկերը: Ժայռերին կառչած տներից հանդարտ բարձրանում էր վառարանի ծուխը: Գյուղն ամբողջությամբ, ասես, շղթայված է բարձր լարում ունեցող հաղորդալարերով: «Դե, էս լարերը կոմբինատինն են: Մեզ ի՞նչ են անում: Կոմբինատն ա մեր տունը պահողը»,- նշեցին լեռնաձորցիները` քիչ անց դժգոհելով նաեւ այն վարձավճարներից, որոնք ստանում են իրենց կատարած աշխատանքի դիմաց: Այս փաստը նրանց ընդհանրապես չի հուզում, որովհետեւ գյուղի 90%-ը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: «Հիմա մեր միակ վախը ուրանի հանքավայրի բացումն է: Չգիտենք, էդ ճի՞շտ ա, որ ուզում են բացեն: Բա էդ դեպքում մենք ի՞նչ պիտի անենք: Դե, եթե ուզում են բացեն, թող մի մեծ լաբորատորիա էլ հետը բացեն, որ մեզ հետ կատարվող մուտացիոն երեւույթները իմանան»,- նշում են գյուղապետարանի մոտ հավաքվածները, որոնք հերթով թվարկում էին այն հիվանդությունները, որոնք բնորոշ են հենց իրենց տարածաշրջանի բնակիչներին` սրտանոթային անբավարարություն, հիպերտոնիկ հիվանդություն, ինֆարկտ, ծնելիության ցածր մակարդակ: «Ամբողջ օդային ավազանը ծանր մետաղներ են: Հատկապես կանաչեղենի մեջ ա շատ, կարտոֆիլի: Բայց դե կարտոֆիլն էլ մեր էմբլեման ա, ի՞նչ անենք, որ չմշակենք: Հա, կարծեմ` նախորդ տարի էր, երբ մեր դպրոցի աշակերտներին ենթարկեցին հետազոտության: Էրեխեքի մազերի ու եղունգների մեջ ծանր մետաղների մեծ քանակություն կար»,- նշում են Լեռնաձորի բնակիչները: «Մենք իսկապես սովոր ենք ապրել էստեղ, բայց գոնե ուրանի բետոնը չքանդեն, էդ որ քանդեցին, մեր վիճակը ահավոր կլինի: Հեն ա, էդ ուրանի հանքավայրը ա՜յ էն գարաժների մոտ ա: 1970-ական թթ. ուզում էին շահագործեն, բայց մի գիշերվա ընթացքում 6 հոգի մահացան, հետո թունելի բերանը բետոնով փակեցին ու գնացին»,- ասաց բնակիչներից Լյուդվիգ Գեւորգյանը, ըստ որի` ուրանի պաշարների օգտագործման դեպքում ոչ միայն իրենք, այլեւ ամբողջ կապանցիները կտուժեն: «Մեծ վնաս կլինի, եթե ուրանը շահագործեն` թե մարդկանց, թե բուսականությանը: Բայց եթե ուզեն` բացելու են: Գյուղացուն հուվ ա՞ լսում»,- նկատում է Լիդա Կարապետյանը: Լեռնաձորցի Ռաֆիկ պապը տեղյակ էր, թե ինչու այն տարիներին ուրանի պաշարները չօգտագործվեցին։ «Էն ժամանակ ռուսները եկան, ռազվեդկա արեցին, տեղը գտան, բայց չօգտագործեցին: Պատճառը էն էր, որ Քաջարանում արդեն կար կոմբինատը: Հիմա էլ ասում են, թե շահագործելու են հանքը: Մեր գյուղացիները ձայն են բարձրացրել, որ մեր պապերն էստեղ են ապրել, ու իրենք էլ են շարունակելու էստեղ ապրել: Առաջինը` ինչի՞ են մեզ մեր հող ու ջրից գցում, երկրորդն էլ` էս էն պետությունը չի: Իրենց մարդը չի հետաքրքրում: Իրենց մենակ եկամուտն ա հետաքրքրում: Ժողովրդի հաշվին հարստանում են»,- ուրանի պաշարներով հարուստ սարը մատնացույց անելով` ասում է կոմբինատի նախկին զոդող Ռաֆիկ Ավետիսյանը: «80-ական թթ. կոմբինատի գլխավոր մեխանիկը գնացել էր սանատորիա: Էնտեղ հանդիպել էր ՍՍՀՄ-ի գլխավոր գեոլոգին: Գեոլոգն էլ հարցնում ա մեր մեխանիկին, թե` դու Հայաստանում եղե՞լ ես: Էս մեխանիկն էլ մտածում ա, ասում ա` ասեմ՝ չէ, տեսնեմ` ի՞նչ կլինի: Էդ ժամանակ գեոլոգը պատասխանում ա. «Ամենահարուստ ուրանի հանքերը գտնվում են Հայաստանում: Էնտեղ մի փոքր արդյունաբերական քաղաք կա: Անունը Քաջարան ա: Էնտեղից էլ 4կմ ներքեւ Լեռնաձոր գյուղն է: Հանքերը հենց այդտեղ են»: Մեխանիկին էլ հետաքրքրում ա գեոլոգի պատասխանը, ու դրա համար հարցնում ա նրանից, թե ինչո՞ւ չշահագործեցին ուրանը: «Ավելի կարեւոր տարրեր կան` պղինձն ու մոլիբդենը»,- այ էսպես ա պատասխանում գեոլոգը: Իսկ էն, որ ուրանի հարուստ պաշարներ կան, էդ գիտեն բոլորը»,- վերհիշում է Ռ. Ավետիսյանը` նշելով, որ հանքավայրի շահագործման դեպքում ամբողջ գյուղը պետք է ոտքի կանգնի: Այս կարծիքին են նաեւ գյուղի մյուս բնակիչները, որոնց միայն մի մասը մասնակցեցին ամիսներ առաջ «Կանաչների միության» հ/կ-ի կողմից կազմակերպված ստորագրահավաքին: «Ես ինքս չեմ ստորագրել, որովհետեւ ինձ չի թվում, թե Երեւանից գալու են մեր մասին մտածեն: Գիտե՞ք` ինչ կա` հեն ա, մի քանի ամիս ա` ռուսներ ու երեւանցիներ են գալիս-գնում: Հանքի բացման պրոցեսը սկսված է: Էլ ի՞նչ հեքիաթներ են պատմում»,- զայրանում է գյուղի բնակիչներից մեկը` հրաժարվելով ներկայանալ: «Սաղ գյուղը պիտի ոտքի կանգնի»,- ավելացնում է նա` դառնալով իր ընկերներին, ովքեր համաձայնեցին խոսել միայն ձայնագրիչը անջատելուց հետո: «Ձեզ թվում ա, թե հիմա ռազվեդկա՞ ա գնում: Չէ հա: Ամեն ինչ պարզ ա: Հես ա, մի օր էլ կլսեք, որ հանքը բացել են: Գոնե մինչեւ էդ իմանանք: Լսել ենք, որ մարզպետարանում գաղտնի քննարկումներ են եղել: Ռուսական ինչ-որ ընկերության հետ են գործարք կնքել: Ասում են` հայերի հետ հավասար շահույթներով` 50-50»,- պատասխանեցին նրանք: Գյուղի բնակիչներից ոմանք էլ նշեցին, որ հանքի մասին որեւէ տեղեկատվություն տալը նույնիսկ գյուղապետ Ստեփան Պետրոսյանին է արգելված, որը մեզ հետ զրուցում նշեց, թե ինքը չի կարող պաշտոնական տեղեկատվություն տալ: «Իրեն մարզպետարան էին կանչել: Մարզպետն ա ասել, որ լռի»,- փորձեցին հավաստիացնել բնակիչները` հետաքրքրվելով գյուղապետի պատասխանով: «Ի՛նչ էլ լինի` մի հոգու գրպան ա մտնելու ամբողջ փողը, իսկ արդյունքում տուժելու ենք մենք»,- եզրակացրին նրանք:

Ուրանի պաշարների մասին տեղյակ էին անգամ աշակերտները, որոնք մանրամասն պատմեցին, թե ի՞նչ վնասակար է այն: «Նայիր, մեր դպրոցի կողքով 408թ. անցել է Մեսրոպ Մաշտոցը` Գողթնից դեպի Բաղք: Մենք ուրիշ ոչ մի տեղ չենք ուզում գնալ, բացի այս դպրոցից»,- ասացին աշակերտները: Դպրոցից դուրս գալուց էլ հանդիպեցի լեռնաձորցի Լենա տատին, ով ամիսներ առաջ 1 տարի ժամկետով ուրանի հանքավայրի մոտ գտնվող իր տունը վարձակալության էր հանձնել: «Իմ փայտյա տունը գտնվում ա հենց հանքավայրի մոտ: Մոսկվայից մի քանի ամիս առաջ մի խումբ էր եկել: Տունս տվեցի վարձով: Ասում են` ինչ-որ հետազոտություններ են կատարում: Բայց ես չեմ հետաքրքրվում: Մենակ գիտեմ` որ գրտնակաձեւ քարեր են բերում, ուսումնասիրություններ են անում»,- թոնրատան ճանապարհին պատմեց Լենա Խուրշուդյանը, ով նախկինում գյուղսովետի քարտուղար էր եղել: Այժմ 72-ամյա կինն աշխատում է գյուղի մանկապարտեզում` որպես խոհարար: Վերջինս էլ սյունեցիներին բնորոշ հյուրասիրությամբ ինձ հրավիրեց ներս: «Չգիտեմ, աղջիկ ջան, էսքան տարի ա` էս գյուղում եմ ապրում, ու չեմ ուզի ուրիշ ոչ մի տեղ ապրել: Մտածում եմ` ինչի՞ են փողի համար ամեն ինչ վաճառքի հանում: 1968թ. երկրաշարժից հետո լեռնաձորցիները նոր-նոր ուշքի են գալիս: Գիտես` գյուղի 50-ամյակն էր նախորդ տարի, բայց գյուղը դեռ կիսակառույց ա: Շատ էր տուժել երկրաշարժից»,- նեղսրտեց խոհարարը` խնդրելով համտեսել իր պատրաստած կարտոֆիլը, որն այդպես էլ չհասցրեցի համտեսել, իհարկե, ոչ այն պատճառով, որ այդտեղ ծանր մետաղները շատ են, այլ՝ որովհետեւ ուշանում էի Քաջարան-Կապան ավտոբուսից: