Մարիա Սահակյանի ճակատագիրը շատ սիմվոլիկ է, այն նման է անկախություն ձեռք բերած Հայաստանի բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողների ճակատագրին։ Նրանք կան, հաջող աշխատում են, մենք նրանցով հպարտանում ենք, բայց միայն մինչ այն պահը, երբ նրանք դրսում են։ Իսկ երբ որոշում են Հայաստան վերադառնալ՝ մենք նրանց լուռ հարցնում ենք՝ ինչո՞ւ եք եկել, գնացեք ուրիշ տեղ ապրեք, ձեզ այստեղ չեն սպասում։
Երեւանում ծնված Մաշային 1990-ականներին ծնողները տեղափոխեցին Մոսկվա, քանի որ Հայաստանում մութ էր, ցուրտ ու անհույս։ Մաշան Մոսկվայում ավարտեց դպրոցը, ավարտեց նաեւ Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը՝ ՎԳԻԿ-ը, սկսեց ֆիլմեր նկարահանել, ցուցադրել ու տարբեր մրցանակների արժանանալ։ Իսկ հետո, երբ նա կայացավ որպես կինոռեժիսոր, որոշեց կտրուկ փոխել իր կյանքն ու Հայաստան վերադառնալ՝ տարբեր հարցազրույցներում ասելով. «Ես իմ էմոցիաների ստրուկն եմ, 13 տարեկանից երազել եմ վերադառնալ հայրենիք եւ իմ կյանքը միայն Հայաստանում եմ պատկերացրել։ Ես հայ ռեժիսոր եմ ու պիտի այստեղ աշխատեմ։ Տարիներ առաջ իմ ծնողներն իմ կամքին հակառակ ինձ տարան Մոսկվա։ Հիմա վերադարձել եմ…»։
Մարիան իր առաջին լիամետրաժ խաղարկային «Փարոս» ֆիլմով շատ մրցանակներ է ստացել, իսկ այժմ իր պաշարում են միանգամից մի քանի ֆիլմերի սցենարներ ու նախագծեր։ Նրա վերջին խոշոր (իսկ Հայաստանի համար՝ նաեւ աննախադեպ) մրցանակը անկախ կինոյի ամենահեղինակավոր ամերիկյան «Սանդանս» փառատոնի «short list»-ում, 12 հեռանկարային ֆինալիստների ցանկում հայտնվելն էր։ Այդ փաստը ցանկացած ստեղծագործողի առջեւ սովորաբար բացում է բոլոր դռները, քանի որ, երբ խոսք է գնում համատեղ ֆիլմարտադրության մասին, «Սանդանսի» գործոնը արդեն իսկ հաջողության մասին է փաստում եւ հեշտացնում է ֆիլմի համար գումար հավաքագրելու, հետագայում նաեւ՝ դիստրիբյուցիայի պրոցեսը։ Ուշագրավ է, որ «Սանդանսում» ներկայացված ֆիլմի նախագիծը հայաստանյան է (փոքր քաղաքում ապրող մոր, դեռահաս դստեր ու նրանց երազանքների մասին պատմող «Ալավերդի» ֆիլմի մասին մենք տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում)։ Եվ արատավոր ավանդույթի համաձայն՝ «Ալավերդին» հայրենիքում արժանացել է տարօրինակ վերաբերմունքի։ Ֆիլմի հետագա ընթացքը ձգձգվում ու արհամարհվում է։ Արդեն 2 տարի է՝ ֆիլմի սցենարը ուղարկվել է հայկական եւ ռուսաստանյան կինոհանձնաժողովներին։ 1,5 տարի առաջ Ռուսաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է այս նախագծով ու ուզում է համատեղ ֆիլմարտադրության մասին փաստող փաստաթուղթ ստորագրել։ Իսկ Հայաստանը լռում է՝ ամեն կերպ խուսափելով ստորագրել մի փաստաթուղթ, որը հայկական կինոյին ֆինանսական հոսքեր կապահովի։ Ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ. Հայաստանը ամեն կերպ ցանկանում է «փակ», տեղայնացված մոդելով շարունակել աշխատել ու մերժում է շահավետ գործարքները։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չգիտի։
Ազգային Կինոկենտրոնը, որը հանդես է գալիս որպես «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն ու իրավասու է համատեղ արտադրության մասին պայմանագիր ստորագրել, չի անում դա։ Եվ հայ կինոգործիչները չեն կարողանում օրինական դաշտում գործել։ Խնդիրը փողը չէ, խնդիրը սիստեմն է, որը անհատ կինոռեժիսորների առջեւ փակում է բոլոր դռներն ու պատուհանները։
«Ալավերդի» ֆիլմը ֆինանսավորվելու է մի քանի աղբյուրներից, ռուսաստանյան, մասնավոր եւ միջազգային հիմնադրամները պատրաստ են գումար ներդնել։ Հայաստանի Հանրապետության ներդրումը մեծ չի, սակայն որպես ֆիլմարտադրող պետություն` մենք պարտավոր ենք գոնե օրինական դաշտ ստեղծել կինոյի մեջ գումար ներդնողների համար, եթե ուզում ենք, որ հետագայում «Ալավերդին» արտադրող պետությունների շարքում նշվի նաեւ Հայաստանի անունը։ Ընդ որում՝ պետք է նշել, որ «Ալավերդին» իր ներքին տրամաբանությամբ ու ձեւավորմամբ շատ նուրբ ու խորը հայկական շերտեր է ունենալու, այդ մասին վկայում են ֆիլմի սցենարն ու օգտագործվելիք երաժշտությունը։ Մարիան ոգեւորությամբ պատմում է Ալավերդի քաղաքի բնության ու կառուցվածքի մասին. «Հասկանում եք, այդ քաղաքը իսկական նկարահանման հրապարակ է, որտեղ նույնիսկ դեկորացիաներ կառուցել պետք չի, այնտեղ զարմանալի ուժեղ էներգետիկա կա։ Ես ինքս էլ սցենարը գրել եմ՝ հենց Ալավերդին նկատի ունենալով»։
Մարիան մի քանի անգամ՝ օգտագործելով իր անձնական կապերը, հանդիպել է ՌԴ Գոսկինոյի ղեկավարների հետ ու համաձայնեցնելով Հայաստանի Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ հարմար ժամկետները, հանդիպման օր նշանակել։ Գ.Գեւորգյանը խոստացել է մեկնել Մոսկվա ու հանդիպել ռուս կինոչինովնիկների հետ, բայց… չի գնացել։ Առաջին հանդիպումը պետք է կայանար ամռանը, հետո այն հետաձգվեց մինչեւ նոյեմբեր։ Մարիան պատմում է. «Ես կես տարի նախապատրաստել էի այդ հանդիպումը։ Գեւորգյանը խոստացավ գալ, բայց չեկավ։ Շատ ամոթ էր, համոզված եմ, որ նույնիսկ թշնամու հետ այդպես չեն վարվում։ Ամեն անգամ, երբ Գեւորգյանը հրաժարվում էր գալ, ես խնդրում էի ռուսական կողմին՝ եւս մեկ շանս տալ, տարբեր սուտ արդարացումներ էի հնարում ու կրկին խնդրում էի Գոսկինոյի տնօրենին՝ պայմանագիրը ստորագրելու մեկ այլ օր նշանակել։ Հասկանում եք, Ռուսաստանին հարկավոր է, որ Հայաստանից լիազորված անձ գա ու ստորագրի, այլապես նրանք գումար չեն տա։ Հարց եմ ուզում տալ՝ ո՞ւմ վատ կլինի, եթե մենք գումար ստանանք։ Չէ՞ որ պետք է առաջին քայլը անել, որպեսզի հետագայում մյուս ռեժիսորների համար նման բարդություններ չծագեն։ Սկզբում ես շատ էի վրդովվում ու բարկանում, բայց արդեն հանգստացել եմ ու պատրաստվել եմ սպասել։ Հիմա շատ խնդրելուց-աղաչելուց հետո ես կարողացա կազմակերպել երրորդ հանդիպումը։ Գեւորգյանը ասել է, որ հունվարի 12-ին կգա Մոսկվա ու մեր բազմաչարչար էպոպեան կավարտվի, ու մենք կկարողանանք սկսել նկարահանումները»։
Դա ասելու պահին Մարիան դեռ չգիտեր, որ այդ երրորդ փորձը նույնպես տապալվելու է, քանի որ կինոոլորտի հայ պատասխանատուները ասում են մի բան, իսկ անում բոլորովին այլ բան։ Եվ բնավ էլ կինոյի մասին չեն մտածում, այլ մտածում են միայն դաշտի նեղացնելու ու սահմանափակելու մասին։ Իսկ Մարիայի նման ակտիվ ու արագ աշխատող պրոֆեսիոնալները միայն վախեցնում են նրանց՝ ցույց տալով մեր հնամաշ կինոհամակարգի ողորմելիությունը։ «Ոչ ոք չգիտե, թե ինչպիսի չափանիշներով ու սիստեմով են Հայաստանում ֆիլմեր արտադրվում։ Եվ ընդհանրապես կա՞ արդյոք որեւէ սիստեմ։ Հայաստանում կինո նկարահանելը նման է ֆանտաստիկայի։ Ռուսաստանում, օրինակ, սցենարը հանձնելու, ընդունվելու ու նկարահանումները սկսելու միջեւ ընկած ժամանակահատվածը ընդամենը մի քանի ամիս է կազմում։ Իսկ Հայաստանում այն տարիներ է տեւում։ Եթե որոշվում է, որ տարեկան պետք է 2 ֆիլմ ստեղծվի, ապա պետք է աջակցել հենց այդ ֆիլմերին, այլ ոչ թե պլանավորել 10 ֆիլմ ու դրանք փորձել ավարտել 10 տարում։ Լինելով շատ կինոփառատոներում, ես գրեթե նոր հայկական ֆիլմեր չեմ տեսնում։ Իսկ եթե դրանք հանկարծ հայտնվում են, ապա եւ՛ տեխնիկապես, եւ՛ գաղափարապես շատ թույլ են լինում։ Ստամբուլում, օրինակ, ես տեսա ֆիլմեր, որոնց համար ամաչեցի։ Իսկ ես չեմ ուզում ամաչել, երբ հայկական ֆիլմ է ցուցադրվում։ Եթե Հայաստանի օրեր են անցկացվում, ապա միայն Փելեշյան ու Փարաջանով են ցուցադրում, քանի որ ուրիշ բան չկա։ Բայց կարող է, չէ՞, լինել, եթե որոշվի, որ բոլոր ուժերը պետք է ուղղել կոնկրետ ֆիլմերի վրա։ Ստացվել է այնպես, որ Հայաստանում հին կինոգվարդիան ավելի ուժեղ է, քան նորը։ Ոչ մի նոր անուն չի ծնվում, իսկ դա նշանակում է, որ կինոն մահանում է։ Պետությունն էլ չափազանց անհեռանկարային է ծախսում իր գումարները։ Հայկական կինոն հիմա լուրջ կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի։ Աշխարհը ճանաչում է մեզ «Ոսկե ծիրան» կինոփառատոնով, չե՞ք կարծում, որ ժամանակն է՝ ճանաչի մեզ նաեւ ֆիլմերով։ Էլի եմ կրկնում, հիմա լավ կինո ստեղծելու համար առաջնայինը ոչ թե գումարն է, այլ խելացի աջակցությունը։ Եթե աջակցություն լինի՝ գումարները կգտնվեն»։
Մարիա Սահակյանը նկատում է, որ «Ալավերդի» ֆիլմի բյուջեն կազմում է 560 դոլար, որից 300-500 հազարը պատրաստ է տրամադրել Ռուսաստանը։ «Եվ եթե Հայաստանը մեզ պետք է ընդամենը գումարի 10%-ը տա, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ՝ մեզ դա պետք չի, այդ տոկոսները ընդամենը մի կաթիլ են, առանց որի էլ մենք ֆիլմ կնկարահանենք։ Մեզ պետք է, որ պայմանագիրը ստորագրվի։ Իսկ դրա համար հարկավոր է, որ Հայաստանը մեզ տա այդ 10%-ը, այլապես ֆիլմը հայկական չի լինի»,- ասում է նա։ Ընդ որում՝ Ռուսաստանը նրան մի քանի անգամ առաջարկել է փոխել հերոսների ազգությունը (դարձնելով նրանց վրացի կամ ինգուշ) ու նկարահանման վայրը՝ խոստանալով հենց վաղը տրամադրել անհրաժեշտ տեխնիկան, գումարն ու մարդկանց։ «Կարող եք ինձ խելագար անվանել, բայց ես պատասխանեցի, որ այդպես չեմ կարող։ Այս ֆիլմում Կոմիտասը, Հաղպատն ու իմ հայրենիքն է։ Միգուցե հիմար է հնչում, բայց ես իրոք այդպես եմ զգում։ Տարիներ շարունակ ապրել եմ հայրենիքում ֆիլմ նկարահանելու երազանքով, եւ չեմ պատրաստվում իմ երազանքից հրաժարվել։ Խնդիրը միայն իմ ֆիլմը չէ։ Ֆիլմը ինքնանպատակ չէ, կարեւորը հայկական կինոսիստեմի փոփոխումն է։ Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում կինո նկարահանելու հնարավորություններ կան, որ այստեղ կա տեխնիկա, կան որակյալ կադրեր ու մարդիկ»,- ասում է նա։
Խոսելով տարբեր պետությունների կողմից իրականացված կինոռեֆորմի մասին, Մարիան նկատում է. «Ռումինիաին, օրինակ, վերջին մի քանի տարիների ընթացքում նոր կինոալիք ստեղծեց այն բանի շնորհիվ, որ շատ բաց էր աշխարհի նկատմամբ աշխատում։ Եվ կարողացավ ռումինական կինոհամակարգում հեղափոխություն կատարել։ Իսկ Ռուսաստանը մեծ նշանակություն տվեց դեբյուտներին։ Հիմա պետությունը աջակցում է միայն դեբյուտային ֆիլմերին՝ հասկանալով, որ կինոշուկա պետք է մտնել նաեւ նոր անուններով։ Իսկ արդեն վարպետացած ռեժիսորներին պետությունն այլեւս չի օգնում, վստահ լինելով, որ եթե ռեժիսորը լավն է, ուրեմն ինքնուրույն կարող է գումար գտնել։ Ռյազանովին ու Բոնդարչուկին պետությունը գումար չի տալիս։ Իսկ Վրաստանը բոլորովին այլ ուղով է զարգացնում կինոն, պետությունը ցանկացած ֆիլմին (լինի օտարազգի թե վրացական), 100 հազար դոլար է տրամադրում՝ դնելով միայն մեկ պայման. որ ֆիլմը նկարահանվի Վրաստանի տարածքում ու վրացական մասնագետներով։ Նրանք մտածում են, որ կարեւորը ոչ թե ազգային ֆիլմերն են, այլ կինոպրոցեսը։ Այդ նույն մոդելով արդեն 10 տարի աշխատում են եվրոպական երկրները, որոնք լավ հասկանում են, որ առանց կոպրոդուկցիայի կարող են միայն կոմերցիոն ֆիլմեր ստեղծել, բայց «արտհաուսային» կինո չի ծնվի»։
Մարիա Սահակյանի դեբյուտը՝ «Փարոս» ֆիլմը (Սոս Սարգսյանի ու Սոֆիկո Չիաուրելիի մասնակցությամբ այս ֆիլմը պատմեց պատերազմի, կյանքի ու վերադարձի մասին) Ռուսաստանը ոչ միայն ամբողջովին ֆինանսավորեց, այլեւ՝ ամեն առիթն օգտագործելով, նշեց, որ ռուսական կինոյում նոր հեղինակ է ծնվել։ Եվ հիմա արդեն Մարիայի համար շատ ճանապարհներ են բացվել։ Փակ է միայն հայկական ճանապարհը, որն էլ նա ոչ միայն ընտրել է, այլեւ համառորեն փորձում է անպայման անցնել։ «Շատերին թվաց, որ եթե ես վերադարձել եմ, ապա պիտի իրենց տեղը զբաղեցնեմ ու իրենց գումարներին տիրանամ։ Դա ինձ ավելի շատ ոչ միայն զարմացրեց, այլեւ տխրեցրեց»,- նկատում է նա։
Ընդ որում՝ անցյալ տարի Մարիան Հայաստանի հետ համատեղ ֆիլմ նկարահանելու եւս մեկ փորձ է արել։ Ռուսաստանը հայտարարել էր, որ նախապատրաստվում է Մեծ Հայրենական պատերազմի տարեդարձին նվիրված ֆիլմեր ստեղծել, նախագծերի մեջ հայտնվել է նաեւ Մարիա Սահակյանի «Սխտոր, սոխ եւ պղպեղ» կինոսցենարը, որի հիմքում գյումրեցի զինվորի ճակատագիրն էր ու Գյումրվա կոլորիտը։ Այդ նախագծի մեջ ռուսական կողմը, ըստ Մ.Սահակյանի պնդման՝ պատրաստ էր 3 մլն դոլար ներդնել։ Սակայն հայկական կողմին դա չհետաքրքրեց։ Պայմանագիր չստորագրվեց, իսկ ռուս պրոդյուսերին ասվեց՝ գնա եւ քո ֆիլմը Ռուսաստանում նկարահանիր։
Եթե Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հայտարարեր, որ այսուհետ որոշում է ընդունվել համատեղ ֆիլմեր չնկարահանել, այլ միայն տեղական շուկայում գործել՝ նկարահանելով հեռուստահաղորդումներ ու մանկական հումորային հանդեսներ, նման պահվածքը հասկանալի կլիներ։ Բայց Կինոկենտրոնը ճիշտ հակառակ ճառերն է ասում, հպարտությամբ նշելով, որ տարբեր փառատոների ու կինոշուկաների համար են ուզում կինոապրանք ստեղծել։ Եվ այդ դեպքում պարզ է դառնում, որ «Գժուկով» կամ «Հայ ասպետով» միջազգային շուկա դուրս չես գա, լուրջ եւ պրոֆեսիոնալ աշխատանքներ, նաեւ՝ լուրջ փողեր են հարկավոր։ «Սխտորն…», օրինակ, ոչ միայն փող, այլեւ՝ ցուցադրություն էր մեզ ապահովելու։
Հիմա փողը պատրաստ է գալ, բայց մենք չենք ուզում այն վերցնել՝ վախենալով, որ փող ստանալով՝ ստիպված կլինենք վերակառուցվել։ Մշակույթի նախարարությանն ու Կինոկենտրոնին թերեւս հենց դա է ամենից շատ սարսափեցնում։ Լավ է, էլի, Ալբերտ Մկրտչյանը, Վիգեն Չալդրանյանը ֆիլմեր են նկարահանում, մենք էլ խոսում ենք ազգային կինոյի մասին ու դժգոհում այսօրվա իրավիճակից։ Իսկ թե ինչո՞ւ դժգոհելուց հետո չենք փորձում կինոյի մասին օրենք ընդունել ու կինոդաշտին ինքնուրույնություն տալ, պետք է թերեւս հարցնել Մշակույթի նախարարին ու Կինոկենտրոնի տնօրենին։
Իսկ Մարիա Սահակյանը ասում է. «Իմ էությամբ միշտ հեղափոխական եմ եղել, միշտ շտապել եմ, բայց հիմա հասկացել եմ, որ պետք չէ շտապել, որ թիկունքում դեռ երկար ժամանակ ունեմ։ Ես համառ մարդ եմ, կսպասեմ ու կհասնեմ նրան, որ հայկական կինոսիստեմը տրամաբանական կգործի»։