Նոր ինքնության համար գլխավորը «Հայրենի հող» հասկացությունն է։
Հայրենի հողն այստեղ դիտարկվում է որպես սրբություն, որպես տնտեսական ու
աշխարհաքաղաքական արժեքներից անկախ մի բան։ Աբխազական կողմին առաջարկվում
է վրաց փախստականներին Գալիի շրջան վերադարձնելու ծրագիր, որտեղ նրանք
նախկինում մեծամասնություն են եղել։
Ի պատասխան՝ առաջ է քաշվում աբխազական հինավուրց Սամուրզաքանիի մասին հակափաստարկը, որտեղ մեծամասնությունն էթնիկ աբխազներն էին։
Նույն աբխազական վերնախավին մեղադրում են էթնիկ զտումներ անցկացնելու
համար, ինչին 1993 թվականին ավելի քան 200 հազար վրացի է ենթարկվել (նրանք
թվական մեծամասնություն ունեին հանրապետությունում)։ Ի պատասխան՝
ներկայացվում են աղյուսակներ, համաձայն որոնց՝ պարզ է դառնում, որ
1992-ին, զինյալ հակամարտության սկզբում, վրացիները մեծամասնություն էին
Վրացական ՍՍՀ ղեկավարության վարած վրացականացման քաղաքականության շնորհիվ։
Ամենատարածված փաստարկն այսպիսին է՝ սա Վրաստանին պատկանող հող է, եւ
Վրաստանից բացի ոչ ոք իրավունք չունի այնտեղ իր կարգերը հաստատելու։
Շրջանը փակվում է։ Հայկական կողմը խոսում է Ղարաբաղում իր ավելի վաղեմի
ներկայության մասին, իսկ ադրբեջանցիները հիշում են նույն այդ տարածքներում
ապրած իրենց ցեղակիցներին։
Արդյունքում՝ այսօրինակ մոտեցման դեպքում հակամարտող կողմերը Կովկասում
կլինեն չհատվող զուգահեռ ուղիղներ։ Վրացիների համար Հարավային Օսիայի
պայքարը կլինի վրացական Սամաչաբլոյի կամ Շչիդա Քարթլիի պաշտպանությունը,
իսկ օսերի համար դա կլինի պայքար ընդդեմ «փոքր կայսրության»։ Հայկական
«պատմաբանությունն» առաջին պլան կմղի Սումգայիթն ու Բաքուն, իսկ
ադրբեջանականը կսահմանափակվի միայն Խոջալուի համայնապատկերով։ Վրացական
կողմը կհիշի միայն 1993-ի էթնիկ զտումները, իսկ աբխազները՝ բռնի
վրացականացման գործընթացն ու Վրաստանի Պետխորհրդի զորքերի 1992-ի
օգոստոսյան ներխուժումը։
«Հայրենի հողը» որպես գաղափարախոսական հիմնադրույթ ենթադրում է կոլեկտիվ
էթնիկ սեփականության առաջնայնությունը։ Էթնոսը եւ միա՛յն այն կարող է
լինել հողի գերագույն սեփականատերն ու տիրապետողը։ Այսուհանդերձ (ի
տարբերություն քաղաքացիական նորմերում սեփականության իրավունքի
հիմնավորվածության), «հայրենի հողի» նկատմամբ իրավունքը մեկնաբանվում է
կամայականորեն, պատմական «պրեզենտիզմի» հիմքի վրա, առանց անցյալի իրական
փաստերը հաշվի առնելու։
Մեծ սխալ կլինի հետխորհրդային տարածքի ճանաչված ու չճանաչված
կազմավորումների սպասելիքները բացառապես որպես ուտոպիա կամ պատրանք
մեկնաբանելը։ Այդ ուտոպիաների ետեւում հազարամյա պատմական փորձառություն
կա։ ՍՍՀՄ-ին մաս կազմող ազգային հանրապետությունների հասարակությունները՝
ձեռք բերելով քաղաքական ազատություն, ձեռնամուխ եղան փրկելու իրենց
տեսանկյունից ամենաթանկը՝ իրենց ազգային ինքնությունը։ Այդպիսով, նրանց
իրավունքների պաշտպանությունը միաժամանակ դարձավ այլոց իրավունքների
խախտում։
Գլոբալիզացիայի պայմաններում չճանաչված հանրապետություններից եկող
«մարտահրավերները» շոշափում են ոչ միայն Ռուսաստանն, այլեւ եվրոպական
երկրներն ու ԱՄՆ-ը։ Սրանից էլ բխում է աշխարհի առաջատար երկրների
միջազգային կոոպերացիայի անհրաժեշտությունը, որպեսզի նրանք հետխորհրդային
տարածքում ապահովեն լեգիտիմություն։ Հետխորհրդային տարածքում
անկայունության օջախներին աջակցելը Ռուսաստանին երբեք չի բերել էական
դիվիդենտներ։
Ռուսական քաղաքականության հայամետ ուղղվածությունը եւ աջակցությունը
ԼՂՀ-ին մեզ մոտ անդրադարձավ Բաքվում Իչկերիայի Չեչենական Հանրապետության
մշակութային կենտրոնի (հունվար, 1995թ.) եւ մուսուլմանական երկրներում
Իչկերիայի լիազոր ներկայացուցչի գրասենյակի (1999թ.) ստեղծմամբ։
«Փախստականների տեղավորման հարցում մեզ անգնահատելի օգնություն է
ցուցաբերել Ադրբեջանը»,- ժամանակին ասել է անջատողական Իչկերիայի Արտաքին
հետախուզության ղեկավար Խոջ-Ահմեդ Նուխաեւը։ Իսկ 2000-2001 թվականներին
ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի շտկումը բերեց Ադրբեջանից
որոշ անջատողականների վտարման։ Ռուսաստանի աբխազամետ քաղաքականության
արձագանքը հնչեց 2001-2002 թվականներին Պանկիսի եւ Կոդորի կիրճերում։
Ինչպես մոտենալ այս խնդրի լուծմանը։ Ակնհայտ է, որ «խաղաղ գործընթացին»
ֆինանսապես աջակցելով հարցը չի լուծվի։ Դա ցույց են տվել ոչ պակաս
խնդրահարույց երկու տարածաշրջաններ՝ Բալկաններն ու Մերձավոր Արեւելքը։
«Հայրենի հողի» պաշտպանները մեծ հաճույքով յուրացնում են խաղաղ գործընթացի
համար տրամադրված միջոցները՝ դրանք օգտագործելով էթնիկ մաքրության համար
մղվող պայքարում։ Այդ պատճառով, մեր կարծիքով, խոսքը պետք է գնա
գաղափարախոսական (ինտելեկտուալ) լայնածավալ աշխատանքի մասին, որը տեւելու
է տարիներ ու տասնամյակներ եւ նպատակ է ունենալու փոխելու ազգի, էթնոսի,
նրանց իրավունքների ու փոխհարաբերությունների մասին պատկերացումների
հիմքերը։ Ըստ էության, խոսքը գնում է կովկասյան ժողովուրդների քաղաքական
ու սոցիալական գիտակցության մեջ լայնածավալ մշակութային փոխակերպման մասին։
«Պատմական արդարությունն այնուամենայնիվ ունի իր սահմանը։ Երբեմն անցյալին
վերադառնալու փորձերը դառնում են ներկայի նկատմամբ պատմական
անարդարություն»,- գտնում է Ուկրաինայի ռազմավարական հետազոտությունների
ազգային ինստիտուտի պրոֆեսոր Պարախոնսկին։ Այս ճշմարտությունն ի վերջո
պետք է հասկանան ու ընդունեն Հարավային Կովկասի ճանաչված ու չճանաչված
կազմավորումների ղեկավարները։
Երկրորդ ոչ պակաս կարեւոր սկզբունքը։ Անհրաժեշտ է պրագմատիկ, երբեմն
նույնիսկ ցինիկ խաղաղարարություն։ Փախստականների անպայման վերադարձի հարցը
պետք է դադարի հետկոնֆլիկտային կարգավորման կառույցի կրող հիմքը լինելուց
(Աբխազիայի եւ ԼՂՀ-ի դեպքում)։ Անհրաժեշտ է համատեղ ուժերով մշակել վրաց
փախստականներին՝ Աբխազիա (բացառությամբ՝ Գալիի շրջանի) եւ
ադրբեջանցիներին՝ Ղարաբաղ չվերադարձնելու սցենարներ։ Այսպիսով, սակայն,
միջազգային ֆինանսական հաստատությունների հաշվին փախստականներին պետք է
վճարել նյութական ու բարոյական վնասների փոխհատուցում եւ հատկացնել
միջոցներ նոր տեղերում հարմարվելու համար՝ դրան գումարելով չվերադառնալու
առանձին «բոնուս»։
Որքան էլ ցինիկ չթվա այսօրինակ ծրագիրը, դա սեփականության եւ ազդեցության
ոլորտների նոր վերաբաժանումից, ինչպես նաեւ՝ Աբխազիայում եւ Ղարաբաղում
ազգամիջյան հարաբերությունների սրացումից խուսափելու միակ միջոցն է։
Փախստականները միայն երեխաներ ու ծերեր չեն, այլեւ՝ կյանքի երեկվա
«տերերը», ովքեր կորցրել են իրենց անշարժ գույքն ու երբեմնի կարգավիճակը
եւ այդ պատճառով լցված են ատելության ու վրեժի մոլուցքով։
Նման տրամադրությունները միանգամայն բնորոշ են նաեւ հակամարտությունների
«հաղթողներին» (աբխազներին ու հայերին), եթե, իհարկե, այս տերմինը տեղին
է։ Վրաստանի հետ հակամարտության ընթացքում փոքրաթիվ աբխազ ժողովուրդը (90
հազարից քիչ ավելի) երեք հազար մարդ է կորցրել։ Այսօր աբխազները պատրաստ
չեն իրենց երբեմնի հայրենակիցների հետ համատեղ կյանքի։ Կարելի է նրանց դրա
համար դատապարտել, բայց այս փաստն անտեսել անկարելի է։
Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ