Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Սովորական ունաբը (ֆինիկ կիտայսկի) ժողովրդական բժշկության մեջ
Ունաբն աճում է քարքարոտ, չոր սարահարթերին` ծովի մակերեւույթից 2000 մ բարձրության վրա: Բուժման համար օգտագործում են այս բույսի տերեւները եւ պտուղները: Տերեւները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնային գլիկոզիդներ, խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական նյութեր եւ վիտամիններ: Ունաբի տերեւներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող եւ հիպոտենզիվ ազդեցությամբ: Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կաթնամուղ, միզամուղ, թույլ լուծողական, ցավազրկող, խորխաբեր, արյուն մաքրող, հակամիկրոբային ազդեցությամբ: Կորիզները ցուցաբերում են հանգստացնող եւ թեթեւ քնաբեր ազդեցություն, իջեցնում են զարկերակային ճնշումը:
Կարելի է պատրաստել ունաբի պտուղների եփուկ եւ օգտագործել սակավարյունության, լուծի, թուլության, գլխապտույտի, ինչպես նաեւ օրգանիզմում որոշ վիտամինների պակասության հետեւանքով առաջացած հիվանդությունների դեպքում` որպես տոնուսը բարձրացնող եւ արյան մեջ խոլեստերինի պարունակությունն իջեցնող միջոց: Այն կարելի է նաեւ օգտագործել մազերն ամրացնելու եւ դրանց աճը խթանելու նպատակով: Իսկ եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 10-20 հատ պտուղը լցնել 500մլ եռջրի մեջ, եփել 20 րոպե, թողնել 1 ժամ, որից հետո կարելի է քամել ու հեղուկն ընդունել 100 մլ ծավալի չափով` օրը 3 անգամ:
Թուրմը պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած տերեւները լցնել 300 մլ եռջրի մեջ, թողնել 1 ժամ, քամել եւ ընդունել 50 մլ` օրը 3-4 անգամ` գերլարված վիճակի, հազով ուղեկցվող թոքերի հիվանդությունների դեպքում: Այս թուրմով կարելի է լվանալ գլուխը` մազերի թեփը վերացնելու նպատակով:
Ունաբի ոգեթուրմը եւս շատ օգտակար է: Այն պատրաստելու համար 100գ կորիզները լցնել 500 մլ ջրի մեջ, եփել 10 րոպե, ավելացնել 200 մլ 96 տոկոսանոց սպիրտ եւ պահել 8 ժամ, որից հետո քամել եւ հեղուկն ընդունել 1 ճաշի գդալից` օրը 4 անգամ` նեւրասթենիայի, հիստերիայի, գլխապտույտի, տախիկարդիայի եւ անքնության ժամանակ:
Քսուքը եւս շատ օգտակար է: Այն պատրաստում են ունաբի թարմ տերեւներից: Թարմ տերեւները խառնել ձիթապտղի յուղի հետ (1:5) հարաբերությամբ, տաքացնել մինչեւ 90 աստիճան, թրմել 10 օր եւ քամել ու օգտագործել թարախապալարների կամ բշտիկների դեպքում:
Այս բույսի օգտագործումը միանշանակ հակացուցված է հղիներին:
Ինչպե՞ս պաշտպանել ձեռքերը ցրտահարությունից
Երեւի շատերը մտածում են, որ այնքան էլ ցուրտ չէ, որ ձեռքերը ցրտահարվեն, բայց դա այնքան էլ այդպես չէ, քանի որ պարտադիր չէ ջերմաստիճանը 0-ից ցածր լինի: Հնարավոր է՝ լինի ուժեղ քամի, մի քիչ էլ մաշկը խոնավ լինի, ու ձմռանը շատ հանգիստ կարելի է ցրտահարել ձեռքերը:
Օրինակ` կարելի է մանանեխով տաք լոգանք ընդունել, իհարկե դա բուժում չէ: Այն պարզապես տվյալ պահին կարող է թեթեւացնել հիվանդի վիճակը:
Ձեռքերը սառելու դեպքում կարելի է սագի յուղով մերսումներ կատարել: Պետք է ասել, որ սա անփոխարինելի միջոց է:
Հակակորյակային դիետա
Ճիշտ սնվելը շատ արագ կարող է ձեզ ազատել կորյակներից: Այս դեպքում խորհուրդ է տրվում ոչ թե միանգամից շատ ուտել, այլ ուտել շուտ-շուտ, բայց քիչ չափաբաժիններով: Սննդակարգից պետք է պակասեցնել սպիտակուցների քանակը: Զգալիորեն պետք է կրճատել կենդանական ճարպերի օգտագործումը: Կերակրացանկում ավելի մեծ տեղ պետք է ունենա ծովամթերքը: Թռչնամիս օգտագործելիս պետք է հեռացնել կաշին, իսկ թեւիկներին կարելի է գերադասել կրծքամիսը: Կաթնամթերքը պետք է պատրաստված լինի զտված կաթից` անյուղ կաթնաշոռ, պանիր եւ այլն: Զերծ պետք է մնալ մայոնեզի օգտագործումից: Սննդակարգից պետք է հանել այնպիսի քաղցրավենիքները, որոնք պարունակում են շաքարի հավելումներ: Խորհուրդ է տրվում խմել մրգային եւ բանջարեղենային հյութեր` առանց շաքարի: Իհարկե, պետք է հետեւել նաեւ, որպեսզի օրգանիզմը վիտամին A-ի եւ E-ի պակաս չունենա: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է սննդի մեջ սխտորի հաճախակի գործածությունը: