«Հիշեցման կարգով»

19/01/2010

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո մեր իշխանական դաշտի գործիչները անասելի հրճվանքի մեջ են: Իրար հերթ չտալով՝ բոլորը ուրախության ճիչեր են արտահայտում` թե հերիք չէ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հարցի կարգավորումը մեկ «զամբյուղի» մեջ դնելը սխալ է, մի բան էլ Լավրովը Երեւանում վերահաստատեց դա: Վերջ` Ռուսաստանը հանուն իր տնտեսական եւ քաղաքական շահերի՝ չի դավաճանի «ռազմավարական գործընկերոջը» եւ Ղարաբաղը չի զոհի հանուն Թուրքիայի: Ամենայն հավանականությամբ, Արեւմուտքում որոշել են, որ Հայաստանի իշխանությունները չափից ավելի լուրջ են վերաբերվել ռուսական հավաստիացումներին եւ երեկ անուղղակիորեն պատասխանել են այդ ոգեւորությանը: «Չնայած Ռուսաստանն ունի առավել մեծ ներուժ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար, այնուամենայնիվ, նրա ներուժը` որպես միջնորդի, անսահմանափակ չէ»,- երեկ հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի` International Crisis Group-ի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս, թեեւ ներկայացնում է «ոչ կառավարական կազմակերպություն», սակայն որպես կանոն՝ արտահայտում է արեւմտյան տերությունների հավաքական դիրքորոշումը տարածաշրջանային եւ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ռուսաստանը, միջազգային բոլոր դերակատարների ֆոնին, առավել մեծ հնարավորություններ ունի երկու երկրների միջեւ համաձայնության ձեռքբերման համար, սակայն ամեն դեպքում Ռուսաստանը ամենազոր չէ: Համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն այն ժամանակ, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ լինեն ընդունելու հիմնարար սկզբունքները»,- ասել է տիկին Ֆրեյզերը: Ավելի պարզ լեզվով, դա նախազգուշացում է Հայաստանի իշխանություններին, որ միջազգային հանրության ստանձնած պարտավորություններից խուսափելու հարցում վերջիններս չփորձեն ապավինել Ռուսաստանի աջակցությանը: