Ինչպես է դա եղել

19/01/2010

Երեկ հրավիրված ասուլիսում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել է, թե իր համար անակնկալ չի լինի, եթե հունվարի 10-ի ընտրությունների ընթացքում ծեծի ենթարկվելուց հետո ինքը հայտնվի մեղադրյալի աթոռին եւ կրկին ազատազրկվի: «Ինձ 1 տարի 4 ամիս տարան պահեցին կեղծ ցուցմունքներով: Հիմա ի՞նչն է խանգարում: Ոչինչ էլ չեմ բացառում»,- ասել է պարոն Մակեյանը, ով, հիշեցնենք, հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձն էր եւ որդու հետ ծեծի էր ենթարկվել ընտրությունների օրը: Պ. Մակեյանը երեկ հայտարարել է, որ կատարվածի մասին Ոստիկանության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, եւ մանրամասն պատմել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել հունվարի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրական տեղամասի մուտքի մոտ: Մակեյանն իր որդու հետ թիվ 10/09 ընտրական տեղամաս է գնացել իր որդու` Կարեն Մակեյանի հետ` նույն տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձից ահազանգ ստանալուց հետո: «Տեղամասի մուտքի աստիճանների ներքեւի հարթակի մոտ մեր վստահված անձն ինձ ցույց է տալիս մեկը երկուսի վրա մի «շկաֆի», եւ ասում, որ նա էր ցանկանում իրեն դուրս հանել: Մեր խոսակցությունը լսեց այդ «շկաֆը» եւ հայհոյելով մոտեցավ մեզ եւ նրա հետեւից՝ մոտ 25-30 իր նմաններ: Նրանց մեքենաների համարանիշները կան: Մենք փորձեցինք խուսափել նրանց հետ շփումից: Ես ձեռքերով փորձեցի ծածկել որդուս եւ մեր վստահված անձին, սակայն նրանք անկառավարելի էին, իմ կարծիքով` նրանք դեղերի ազդեցության տակ էին: Նրանք այնքան անկառավարելի էին, որ նույնիսկ իրենց ներկայացուցիչներին էին ծեծում»,- պատմել է Պ. Մակեյանը: Այդ պահին ոստիկանը ոլորել է Մակեյանի որդու ձեռքը եւ նրան տարբեր մարմնական վնասվածքներ հասցրել: «Ոստիկանը, որը ոլորել էր որդուս ձեռքը` հիստերիայի մեջ էր ընկել: Երեւի նա ակնկալում էր, որ որդիս իրեն կհարվածի, եւ հնարավորություն կունենան նրա վրա կարել Քր. օր 316 հոդվածը»,- ասել է Պ.Մակեյանը, ում որդու հետ դեպքից հետո տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց, որտեղ հետազոտել են եւ որեւէ վնասվածք չեն հայտնաբերել: «Մեզ այնտեղ շատ վատ վերաբերմունք ցույց տվեցին: Իսկ երեկվա դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ որդուս քիթը կոտրված է»,- ասել է Պ. Մակեյանը: Տեղի ունեցածի վերաբերյալ Ոստիկանության եւ Դատախազության հաղորդագրությունը, ըստ որի` ծեծի է ենթարկվել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Արա Սիմոնյանի վստահված անձը, Մակեյանին հիմք է տալիս եզրակացնել, որ ամեն ինչ ծրագրավորված է եղել: «Ընդհանրապես այդ ընտրություններն աչքի ընկան բանդայի եւ թաղային խուժանի ագրեսիվությամբ, որի մի մասը` սափրագլուխները, գործում էին դրսում եւ շատ օպերատիվ: Այս անգամ նրանք շրջափակել էին ոչ միայն ընտրական տեղամասերը, այլեւ այդ տեղամասերը տանող ճանապարհները, եւ միջանցք էին ստեղծել: Ընտրողը մինչեւ այդ միջանցքով տեղամաս հասնելն արդեն կողմնորոշվում էր, թե ում պետք է ընտրի, եթե չէր կողմնորոշվում, չէր հասնում ընտրատեղամաս: Այս ռեժիմի պարագայում ՀՀ-ում երբեք նորմալ ընտրություն չի լինելու, թեկուզ գյուղապետի»,- հայտարարել է Պետրոս Մակեյանը, ում երեկ վկայի կարգավիճակով կրկին հրավիրել են Ոստիկանության Կենտրոնի բաժին: