Հիմք` ՍԴ դիմելու համար

19/01/2010

Երեկ ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ եւ Վարչական դատարան՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «անգործությունը վերացնելու» պահանջով: ՀԱԿ-ը վկայակոչել է այն փաստը, որ հունվարի 14-ին այդ հանձնաժողովը հրաժարվել է ընդունել կիրակի օրվա ընտրություններն անվավեր ճանաչելու մասին իրենց դիմում-բողոքը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը նիստի ընթացքում այդ հանձնաժողովը` տեղեկանալով, որ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը դիմում-բողոք է ներկայացնելու, հապճեպ ամփոփել է ընտրությունների արդյունքները եւ Արա Սիմոնյանին հաղթող է ճանաչել: Մինչդեռ ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված ժամկետի լրանալուն այդ պահին դեռ 1 օր էլ կար: Հանձնաժողովում Ա.Սիմոնյանի կողմնակիցները միանգամից հասկացել են, որ դիմումի պահանջը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն է: Այդ պատճառով էլ ընտրությունների արդյունքներն ամփոփել են մինչեւ դրա ժամկետի ավարտը: ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի իրավաբան Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ ընտրատարածքային հանձնաժողովն այդպիսով ցանկացել է «ձեռքերը լվանալ» այդ կեղծված ընտրություններից եւ պատասխանատվությունը գցել ԿԸՀ-ի ու ՍԴ-ի վրա: Երեկ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Ն.Փաշինյանի դիմումը չընդունելու համար մեղադրել է ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության անդամ Սամվել Ղուլյանին: «Ինքնագործունեության, ընտրական օրենքին չտիրապետելու, չիմացության, կամ, ինչու չէ, դիտավորության պատճառով է, որ չի վերցրել դիմումը»,- ասել է Գ.Ազարյանը: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «բա որտե՞ղ էր ընդդիմությունը, մինչեւ հիմա ինչո՞ւ չի բերել դիմումը»: Նա նաեւ ավելացրել էր, թե քանի որ մինչեւ այդ պահը դիմումը չեն ստացել, ուրեմն արդյունքները կամփոփեն, անկախ այն հանգամանքից, որ դրա համար դեռ 1 օր ժամանակ ունեն: Ս.Ղուլյանն էլ ավելացրել է, որ թեեւ արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովի անդամներն արագ հեռացել են, ու միայնակ է մնացել հերթապահելու, միեւնույն է, ինքը չէր կարող ընդունել ընդդիմության ներկայացրած դիմում-բողոքը, որովհետեւ դա պետք է գրանցեր: Սակայն Ս.Մարկոսյանը մատյանները փակի տակ է դրել: Իսկ արդյո՞ք ՀԱԿ-ը հույս ունի, որ Վարչական դատարանն ու ԿԸՀ-ն այս անգամ արդար որոշումներ կընդունեն եւ կբավարարեն ընդդիմության պահանջը: «Այս ամբողջը նախապատրաստական հիմք է ՍԴ դիմելու համար, որովհետեւ վերջին հաշվով ՀՀ Սահմանադրությամբ իշխանության ձեւավորումը նախատեսվում է ազատ ընտրությունների միջոցով: Վարչական դատարանի կամ ԿԸՀ-ի անբարենպաստ որոշումը եւս ապացույց են անազատ ընտրությունների»,- պատասխանեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Նա, սակայն, կարծում է, որ ՍԴ-ն նույնպես արդար վճիռ չի կայացնի: Եվ այդպիսով հերթական անգամ կհաստատվի այն փաստը, որ «ՀՀ-ում գործում է ավտորիտար ռեժիմ»: Սակայն թե՛ ՍԴ-ն, եւ թե՛ դատական մյուս ատյաններն ու ընտրական հանձնաժողովներն արդեն բազում անգամներ են ապացուցել, որ մեր երկրում հաստատված է ավտորիտար ռեժիմ: Իսկ ընդդիմության գործողություններում դրա դեմ պայքարի փոխարեն՝ որոշակի պասիվություն է նկատվում: «Դա արդեն մեզանից չի կախված, ձեզանից է կախված: Դուք եթե ավելի շատ քաղաքացիական ակտիվություն դրսեւորեք, մենք բոլորս նման վիճարկումների անհրաժեշտությունը չենք ունենա: Ես միշտ զարմանում եմ, որ դուք անընդհատ սեւեռված եք ընդդիմության վրա: Այդ առումով, անընդհատ մեղքը փնտրում եք ընդդիմության շրջանակում: Եթե մարդիկ քաղաքացիական ակտիվություն չեն ցուցաբերում, պատճառն այն է, որ 2008-ի մարտի 1-ին դրա համար մարդկանց գնդակահարեցին, հետապնդեցին: Մարդկանց կարծիքով՝ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելը վտանգավոր է»,- ասում է Դ.Մաթեւոսյանը: