– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Մոսկվա կատարած այցի արդյունքում տնտեսական բազմաթիվ շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Էրդողանը ՌԴ-ում Դմիտրի Մեդվեդեւի եւ Վլադիմիր Պուտինի հետ բանակցել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ: Չէ՞ք կարծում, որ ՌԴ-ն հանուն իր տնտեսական շահի ՀՀ-ին կստիպի ԼՂՀ հարցում զիջումների գնալ:
– Իսկապես, ՌԴ-ն Թուրքիայի տարածքում էներգակիրների հետ կապված խնդիր ունի: Թուրքիան իր տարածքը տրամադրում է Սեւ Ծովի հատակով` «Հարավային հոսք» գազատարը անցկացնելու համար: Մի քանի այլ ծրագրեր էլ կան: Վերջերս նույնիսկ կարծիք կա, թե Արեւմուտքը ՌԴ-ին ուզում է ներգրավել ՆԱԲՈՒԿՈ ծրագրում: Այսինքն՝ Արեւմուտքը տեսնելով, որ չի կարող շրջանցել էներգակիրների վրա ՌԴ-ի ազդեցությանը` փորձում է այդ երկրին էլ ներգրավել եւ ոչ թե ունենալ նման հակադիր պետություն: Հատկապես, երբ մտահոգություն կա, թե կասպյան ավազանի էներգակիրները կարող են մղվել այլ ուղղությամբ: Օրինակ, Չինաստան, որը 60 մլրդ խմ գազի խնդիր ունի: Նաեւ այդ ծրագրերի շրջանակում Թուրքիան էլ ուզում է ՌԴ-ից պոկել ԼՂՀ խնդրի լուծման իր պայմանը, որպեսզի կարողանա բավարարել Ադրբեջանի ամբիցիաները: Բայց ես չեմ էլ մտածում, որ դա Ադրբեջանի ամբիցիաներն են, դա հենց Թուրքիայի մեծ թուրանական ծրագրի մի մասն է կազմում:
– Ուզում եք ասել, թե Թուրքիան ոչ թե Ադրբեջանի դրդմամբ է նախապայմաններ ներկայացնում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու սահմանի բացման համար, այլ հենց ի՞նքն է շահագրգիռ, որ ԼՂՀ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի:
– Թուրքիան ուզում է, որ եւս մեկ ուժեղ թուրքական պետություն լինի այս տարածաշրջանում Հայաստանի հարեւանությամբ: Առավել եւս, որ Թուրքիան ունի չլուծված պատմական մեծ խնդիր` ցեղասպանության հարցը: Ադրբեջանն իր կորուստները վերադարձնելու այդքան էլ մեծ հույսեր չունի: Եվ հիմա, քանի որ Թուրքիան ՌԴ-ի հետ տնտեսական շահեր ունի, փորձում է այդ երկրի միջոցով լուծել իր խնդիրը: Բայց մենք ՌԴ-ի ռազմավարական գործընկերն ենք, եւ չեմ կարծում, որ ՌԴ-ն հանուն այդ տնտեսական շահի կզոհի ՀՀ-ին: ՌԴ-ն տնտեսական շահեր ունի նաեւ մեր երկրում: Եվ եթե կան պանթուրքական ծրագրեր, կան նաեւ ռուս-թուրքական դարավոր խնդիրներ:
– Պատմությունը նաեւ հուշում է, որ երբ սերտանում են ռուս-թուրքական հարաբերությունները, Հայաստանը կորուստներ է ունենում:
– Այո, անցյալ դարասկզբին Ռուս-թուրքական հակամարտության արդյունքում Հայաստանը փոքրացավ, եւ դրան հակառակ ստեղծվեց մի անկապ Ադրբեջան, որպիսի ազգ չկա: Այդ պետությունը բոլշեւիկների շնորհիվ եղավ: Եվ այդ արհեստական ստեղծված պետությունն այսօր ուզում է մեզանից խլել պատմական Ղարաբաղը, որը Նոյի ժամանակից մերն է եղել:
– Եվ չի բացառվում, որ անցյալ դարասկզբի օրինակով, այս դարասկզբին էլ ռուս-թուրքական տնտեսական շահի արդյունքում Ադրբեջանին վերադարձվեն ազատագրված տարածքները, ԼՂՀ-ի կարգավիճակի հարցն էլ լուծվի այդ երկրի տարածքային ամբողջականության շրջանակում: Ու հայկական տարածքները նորից կփոքրանան:
– ՌԴ-ն իր ազդեցությունները չի ուզում թուլացնել հետխորհրդային հանրապետությունների ու հատկապես Հարավային Կովկասի տարածքում: Ի վերջո, մենք ռուսների հետ ունենք նաեւ գաղափարական ընդհանրություն: Մենք քրիստոնյա ազգ ենք մուսուլմանների հարեւանությամբ: Այսօր աշխարհում հակամարտություններն ընթանում են քաղաքակրթությունների դեմ, եւ ռուսական քաղաքակրթությունը հայկականին մոտ է: Եթե դու զոհում ես քո նմանին հօգուտ քեզ մրցակից քաղաքակրթությանը, ուրեմն ինքդ քեզ ես զոհում: Անցյալ դարասկզբին դա Լենինի գլխավորությամբ բոլշեւիկյան արհեստական գաղափարախոսությունն էր, որ զոհեց մեր շահերը:
– Ձեր կարծիքով՝ ՀՀ նախագահին ինչո՞ւ են այդքան հապշտապ հրավիրել Մոսկվա այն դեպքում, երբ այստեղ էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ճի՞շտ են այն կարծիքները, թե Ս.Սարգսյանին ներկայացնելու են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը համաձայնեցվել է Թուրքիայի հետ:
– Քանի որ եղան ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպումներ ու քննարկումներ, գուցե ինչ-որ անհասկանալի հարցեր կան մեզ համար: Կարծիքներ են հնչում, որ այդ հանդիպումների արդյունքում ԼՂՀ հարցն է տուժում: Եվ հավանաբար կարիք կա, որ Մեդվեդեւից հավաստիացումներ լինեն, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ նույն մակարդակի վրա: Եթե թեկուզ բանակցությունների ճանապարհով ինչ-որ տարածք տրվի Ադրբեջանին, երկրորդ օրը պատերազմ է ծագելու: ԼՂՀ-ն անվտանգության առումով լինելու է ոչ պաշտպանված, եւ արդեն Ադրբեջանն էլ կարող է պատերազմական ճանապարհով լուծել հարցը: Մադրիդյան սկզբունքներն էլ չեմ համարում լուծում, որովհետեւ կարող են լուծել, եւ դրանից հետո նորից պատերազմ լինի: Դրա համար չի բացառվում, որ 2010թ. դադար տրվի: Տարածքների վերադարձի կամ այլ լուծման հետ կապված գործնական քայլեր չարվեն: Կողմերը կարող են հանդիպել, բանակցել, խոսել, բայց հարցի լուծումն առաջ չգնա: Չէ՞ որ բանակցելը պատերազմ չէ, դա լեզվակռիվ է:
– ԼՂՀ հիմնախնդրի լուծման հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում, բայց կարծես թե Թուրքիան գնալով ավելի շատ է ներգրավվում այդ գործընթացում:
– Թուրքիայի նկատմամբ կա երկու մոտեցում` այդ երկրի մասնատումը Քրդստան, Հայաստան եւ այլն, կամ Թուրքիան պետք է գնա ժողովրդավարության ճանապարհներով եւ իր մեծ թուրանական ծրագիրը դնի մի կողմ: Կամ ժողովրդավարացմամբ դեպի ԵՄ, կամ կոշտ ճանապարհ` ստեղծել քրդական պատերազմ եւ բաժանել Թուրքիան: Սա է սպասվում Թուրքիային, եթե չվավերացնի արձանագրությունները եւ չբացի սահմանը:
– Բայց Թուրքիայի վարչապետը երեկ կրկին հայտարարեց, որ եթե ԼՂՀ հարցը չլուծվի Ադրբեջանի օգտին, ապա սահմանը չի բացվի:
– Համոզված եղեք, որ նա մինչեւ վերջին օրն էլ հայտարարելու է, բայց արձանագրությունները վավերացնելու են:
– Բացառո՞ւմ եք, որ Հայաստանին կարող են ստիպել ԼՂՀ հարցում զիջումների գնալ կամ զիջումների համար բանավոր երաշխիքներ տալ: Հատկապես, որ այս ամիս այդ հարցով երեք հանդիպումներ են սպասվում: ՀՀ նախագահի այցը Մոսկվա, ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը եւ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:
– Մինչեւ չլինի Ղարաբաղ պետության անվտանգության երաշխիքները, որեւէ մի սանտիմետր հնարավոր չէ տալ Ադրբեջանին:
– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ ՌԴ-ին ԼՂՀ հարցով ի՞նչ լուծում է ձեռնտու:
– Այստեղ որոշակի շահեր համընկնում են, եւ առայժմ ճնշումներ չկան: Մեզ հետաքրքրում է ԼՂՀ անվտանգությունը, ՌԴ-ին` տարածաշրջանում ազդեցություն ունենալը: Այստեղ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ կա, իսկ ՌԴ-ն երկու կողմերի վրա ազդեցություն կարող է ունենալ, եթե դրանք իրար հետ որոշակի հակասություն ունեն: