Ռուսների տեղն՝ ամերիկացիներ

07/09/2005

«Բաթումիի զինվորական թաղամասում բախում ենք առաջին պատահած բնակարանի
դուռը,- գրում է հոդվածի հեղինակը։ -Դուրս է գալիս փոխգնդապետի
համազգեստով մի մարդ։ «Ուզում եք իմանալ, ինչպես ենք վերաբերվում
ռազմակայանների դուրսբերմա՞նը։ Ասելու ոչինչ չունենք, դիմեք պաշտոնական
գրությամբ»։ Դռան արանքից տեսնում ենք հարմարեցված մի

ննջարան՝ սենյակի մնացած մասից առանձնացված նարնջագույն վարագույրով,
որտեղից երեխայի լացի ձայն է լսվում։ «Մենք զինվորականներ ենք եւ
ենթարկվում ենք հրամանի։ Կարող եմ ասել միայն, որ այստեղի
հարմարություններին չենք կարոտի»,- ավելացնում է սպան։ Ճնշումը թույլ է,
եւ ջուրը չի հասնում վերեւի հարկերին։ Ստիպված են բակից դույլերով ջուր
կրել։ Էլեկտրականությունը ձմռանը շքեղություն է համարվում։ Ջեռուցումը
կատարվում է փայտի վառարաններով։ «Եվ այսուհանդերձ գնալն ինձ համար
անսովոր է»,- ասում է փոխգնդապետը։ Արդեն 18 տարի նա ապրում է Վրաստանում։
Կոմունիստական հասարակարգի անկման նախօրեին այստեղ ավարտել է Թբիլիսիի
ռազմական ուսումնարանը։ «Նախագահ Պուտինը վերջերս ասաց, որ այս
ռազմակայանը մեզ համար այլեւս ռազմավարական նշանակություն չունի»,- ասում
է նա՝ հիշեցնելով, որ Վրաստանն ինքնիշխան պետություն է։ «Տեսնենք
ամերիկացիները մեզանից լա՞վը կլինեն»,- ժպտում է սպան։ Նա համոզված է, որ
Վրաստանի աշխարհաքաղաքական դատարկությունն անմիջապես լրացնելու են
ամերիկացիները»։

Մեկ այլ, նմանատիպ բնակարանում ապրում է մի վրացուհի։ Նրա ռուս ամուսնուն
մի քանի ամսով գործուղել են Չեչնիա։ Ապագան նրա համար մշուշոտ է։ Գնալն
ամենալավ որոշումը չէ, քանի որ ռուսների հեռանալը կհանգեցնի
գործազրկության, ինչը վաղուց դարձել է համավրացական աղետ։ «Ավելի լա՞վ
կլինի Ռուսաստանում։ Կունենա՞նք բնակարան։ Ի՞նչ կլինի ծնողներիս հետ»,-
այս հարցերն են տանջում վրացուհուն։

Ռուս զինվորականները լավ են հիշում Բեռլինի պատի անկումից հետո ԳԴՀ-ից
ռուսական զորքերի դուրսբերումը, դրա համար նման հարցերը շատ սուր են
դրված։ Հայրենիք վերադարձած զորամասերը տեղավորվեցին ժամանակավոր
բարաքներում, որոնք աստիճանաբար դարձան նրանց մշտական բնակարանները։

Այս ամենին գումարվում է ռուս սպաների երկիրը լքել չցանկանալու պարզ
ցանկությունը։ Այստեղ նրանք իրենց լավ են զգում։ «Հոգեբանական պահը շատ
կարեւոր է»,- ասում է լրագրող Վալերի Չարթիշվիլին, ով վաղուց զբաղվում է
այս թեմայով։ Ռուսները հիանալի հասկանում են, որ կորցրել են հսկողությունը
մի մեծ տարածքում, որտեղ իրենք իշխում էին սկսած Եկատերինա Երկրորդի
ժամանակներից։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական երկրաշարժ է եղել։
Հատկապես ռուսական կայսերական զորքերին են վրացիները պարտական այն բանի
համար, որ 1877-ի Ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Աջարիան միացվել
է Վրաստանին։ Աջարիայի մայրաքաղաքը՝ Բաթումին, կառուցել են ռուս
ճարտարապետները։ Դա երեւում է քաղաքի հատակագծից եւ 19-րդ դարի երկհարկանի
շենքերից։ «Ռուսները չափազանց շատ էին ուզում ամեն ինչ պահպանել, դրա
համար էլ ամեն ինչ կորցրին»,- ասում է վրացի երիտասարդ մի աղջիկ, ով
մասնագիտությամբ դիվանագետ է։ -«Կայսերական նկրտումների պատճառով
երիտասարդ անկախ Վրաստանում Մոսկվան դարձել է անկոչ հյուր»։

Երբ 1991-ին փլուզվեց Խորհրդային Միությունը, Բաթումի ռազմական բազան մնաց
ռուսներին։ Այնտեղ տեղակայված էր ռուսական բանակի 12-րդ դիվիզիան։ Վալերի
Չարթիշվիլին ասում է, որ Վրաստանի անկախության առաջին խառնակ
ժամանակներում ռուս զինվորականները որոշակի զսպող, կայունացնող դեր էին
խաղում։ «Մխեդրիոնիի» ջոկատներն այն ժամանակ փորձում էին գրավել Աջարիան։
Աբխազական հակամարտության սկզբից ի վեր ռուսական զինվորականներն անցան
անջատողականների կողմը։ Երկակի խաղը բացահայտվեց, երբ Բաթումում
իշխանության եկավ Մոսկվայի ցուցումներով գործող տեղական իշխանիկ Ասլան
Աբաշիձեն։

2003-ին, «Վարդերի հեղափոխությունից» հետո, որի արդյունքում իշխանության
եկավ ամերիկամետ նախագահ Սահակաշվիլին, ռուս գեներալ Նետկաչովն անձամբ է
եկել վրաց-աջարական սահմանի մոտ՝ Չոլոքի գետի կամուրջները պայթեցնելու։ Դա
Աբաշիձեի մեծագույն սխալն էր։ Սահակաշվիլին օգտագործեց այդ սադրանքը,
որպեսզի մտնի Աջարիա եւ ստիպի Աբաշիձեին հեռանալ։ Տեղի բնակչությունն
աջակցեց Թբիլիսիին։ Ռուս զինվորականները մնացին իրենց ռազմակայանում։
Մոսկվան գցեց իր հովանավորյալին՝ վախենալով ներքաշվել նոր հակամարտության
մեջ։

Ի՞նչ ազդեցություն կունենա զորքերի դուրսբերումը ռուս-վրացական
հարաբերությունների վրա։ «Մենք գտնում ենք, որ սկզբում դա կբերի
Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման։ Ռուսաստանը կշարունակի
անջատողական հանրապետություններում իրավիճակն ապակայունացնելու իր
փորձերը։ Բայց 3-4 տարուց ամեն ինչ կբարելավվի»,- ասում է Վրաստանի
պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Սիխարուլիձեն։