Նաեւ Արմեն Գեւորգյանը

19/01/2010

Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ հրավիրված ասուլիսում չի բացառել, որ ապագայում կարող է անդամակցել Հանրապետական կուսակցությանը: Նա ասել է, թե իր կուսակցական պատկանելության հարցը բարձրացվել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի վերջին համագումարում: «Իմ վերջին 12 տարվա գործունեությունը պետական համակարգում ամենասերտ ձեւով կապված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Իսկ վերջին 2 տարվա իմ գործունեությունը ուղղակիորեն բխում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությունից: Տրամաբանական է լինելու, որ ապագա իմ գործունեության առումով նույնպես այդ ամեն ինչը պետք է կապված լինի Հանրապետական կուսակցության հետ: Երբ որ որոշում կլինի այդ հարաբերությունը ֆորմալիզացնել՝ անդամակցության առումով, անպայման ես ձեզ տեղյակ կպահեմ»,- ասել է Արմեն Գեւորգյանը, ով, ինչպես հայտնի է, առնվազն մինչեւ վերջերս համարվում էր Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: