«Չնայած Ռուսաստանն ունի առավել մեծ ներուժ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար, այնուամենայնիվ, նրա ներուժը` որպես միջնորդի, անսահմանափակ չէ»,- «Trend News»-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Միջազգային ճգնաժամային խմբի` International Crisis Group-ի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ռուսաստանը, միջազգային բոլոր դերակատարների ֆոնին, առավել մեծ հնարավորություններ ունի երկու երկրների միջեւ համաձայնության ձեռքբերման համար, սակայն ամեն դեպքում Ռուսաստանը ամենազոր չէ: Համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն այն ժամանակ, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ լինեն ընդունելու հիմնարար սկզբունքները»,- ասել է Սաբինա Ֆրեյզերը: Ըստ նրա, Թուրքիան, նախ եւ առաջ, պետք է հասկանա, որ Ռուսաստանը բավականաչափ լծակներ չունի այդ խնդրի լուծման համար: «2008թ. նոյեմբերին ընդունված Մոսկովյան հռչակագիրը Ռուսաստանի ոչ բավականաչափ ազդեցության վառ օրինակն էր: Ռուսաստանի իշխանությունը քայլեր ձեռնարկեց եւ հասավ հաջողության այն հարցում, որ ստացավ երկու նախագահների ստորագրությունները, սակայն իրականում դա ոչինչ չի փոխել եւ չի հանգեցրել կողմերի միջեւ համընդգրկուն համաձայնության»,- նշել է ICG-ի ներկայացուցիչը: Ֆրեյզերի խոսքերով, եթե առաջիկա ամիսներին հայ-թուրքական Արձանագրությունները չվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում, սակայն վավերացվեն Հայաստանում, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Թուրքիան հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից: Իսկ դա, ըստ Սաբինա Ֆրեյզերի, կխարխլի Թուրքիայի արտաքին քաղաքականության գերնպատակը` զգալի դեր կատարել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար: