«Մենք դիմել ենք դատարան` պահանջելով վերադարձնել Լյուդմիլա Սարգսյանի մոտ գտնվող, սակայն իրականում մեզ պատկանող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կնիքը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ինքնահռչակ ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նշելով, որ իրենք այդ կերպ են վարվել, հիմք ունենալով Լ. Սարգսյանի` կուսակցության վարչության անդամ չլինելու փաստը, Վ. Շիրխանյանն ասել է, որ նրա կողմից հունվարի 9-ին հրավիրված համագումարն ապօրինի է եղել: Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում համագումարին մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ճանաչում է Լ. Սարգսյանի ատենապետությունը, Վ. Շիրխանյանը պատասխանել է, թե քաղաքական այդ ուժն ավելի լավ կաներ զբաղվեր իր գործերով: «Քաղաքական այլ ուժերի` մասնավորապես ՀԱԿ-ի ազդեցությունը եւ միջամտությունը մեր ներկուսակցական խնդիրներին միայն խանգարում են դրանց լուծմանը, եւ ՀԱԿ-ն էլ լավ կաներ զբաղվեր, օրինակ, Նիկոլ Փաշինյանին սատարելով»,- այլ քաղաքական ուժի գործերին խառնվելով` ասել է Շիրխանյանը: Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ ասել է, որ ՀԱԿ-ը հարկ չի համարում մեկնաբանել Վահան Շիրխանյանի հայտարարությունները: Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ին, ապա վերջինիս օրինական ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, որ ՍԴՀԿ-ի` հունվարի 9-ին կայացած համագումարը վերջ դրեց կուսակցությունում ընթացող խմորումներին:
«Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի գլխավորությամբ ստեղծված արհեստական թեւին, ապա նրանք կուսակցությունից դուրս գտնվող մարդիկ են, որոնց հայտարարությունները, մեկնաբանությունները մեզ չեն հետաքրքրում: Այնտեղ ընդամենը 7-10 երիտասարդներ են, Վահան Շիրխանյանն ու Վարդան Խաչատրյանը: Ես բացառում եմ, որ նրանք կուսակցության վերածվեն»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, ներկայումս ՍԴՀԿ-ն ունի մոտ 4500 անդամ, իսկ ինքը ՍԴՀԿ համագումարում ընտրվել է ատենապետ: «Տեխնիկական աշխատող երբեք չեմ եղել: Ես ապշած եմ, որ Վահան Շիրխանյանն իրեն կարող է թույլ տալ եւ նման ստեր ասել: Ես Շիրխանյանին քաղաքական մեղադրանքներ եմ ներկայացնում, ես նրան դավաճանության, իշխանության մեջ լինելու մեջ եմ մեղադրում, իսկ նա ինձ որեւէ հիմք չունի մեղադրանք ներկայացնելու եւ վարկաբեկման ճանապարհն է ընտրել: Նա չի կարող ինձ իշխանությունների հետ համագործակցելու, կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ չլինելու մեջ մեղադրել: Զգուշացնեմ Վահան Շիրխանյանին, որ ինձ վարկաբեկելն այնքան էլ հեշտ չի»,- ի պատասխան Վահան Շիրխանյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին՝ ասել է տիկին Սարգսյանը: