2009 թվականը դեռ չմարսած՝ արդեն իսկ սկսեց ուրվագծվել այն պատկերը, որի ականատեսն ենք լինելու ընթացիկ տարում։ Իսկ այդ պատկերի առաջին պլանում կրկին լինելու են ցուցանիշները, թվերը եւ խոսքերը՝ տարբեր հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի եւ այլ գեղեցիկ բաների տեսքով։ Այսինքն՝ ըստ էության, առաջին պլանում ոչինչ էլ չի լինելու։
Նախ նշենք, որ 2009 տնտեսական տարվա ամփոփ պատկերը դեռ վերջնական չէ. Ազգային վիճակագրական ծառայությունը անցած տարվա 12 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները կներկայացնի մոտ օրերս։ Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրությունը անցած տարվա 11 ամիսների համար արձանագրել էր ՀՆԱ-ի 16 տոկոսանոց անկում, իսկ տարբեր գնահատականների համաձայն՝ ողջ տարվա կտրվածքով տնտեսական անկման ցուցանիշը կտատանվի 15%-ի սահմաններում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարության հավաստիացումներով՝ ճգնաժամը պետք է մեզ օգուտ տար՝ ֆինանսական ռեսուրսները ուղղելով դեպի «կայուն նավահանգիստ»՝ Հայաստան։ Նման բան, իհարկե, տեղի չունեցավ։ Փոխարենը Հայաստանում արձանագրվեց տնտեսական վատագույն ցուցանիշներից մեկը աշխարհում։ Հիմա եկել է ցուցանիշները բարելավելու ժամանակը։ Հունվարի 14-ին՝ կառավարության այս տարվա առաջին նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այդ խնդրի վրա։ «Երկրորդ հանձնարարականը վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին։ Ամփոփելով 2009թ. արդյունքները, լսելով ձեր հաշվետվությունները՝ մենք պետք է հիմնական շեշտը դնենք այն հանգամանքի վրա, թե ինչ ներուժ է կուտակված, եւ ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք 2010թ., որոնք կհանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը»,- ասել է վարչապետը։ Նշենք, որ առաջին հանձնարարականի համաձայն՝ «բոլոր նախարարները պետք է հանրության առջեւ հնչեցնեն առնվազն երեք ծրագիր, որոնք գտնվելու են իրենց անմիջական հսկողության տակ եւ որոնք ապահովելու են բեկումնային զարգացում»։ Ինչպես նշել է Տ. Սարգսյանը՝ տարեվերջին նրանք պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց։
Անդրադառնալով կառավարության նիստին՝ նշենք նաեւ, որ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգին։ Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ դրա նպատակն է՝ ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, ինչպես նաեւ ձեւավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ։ Գեղեցիկ է ասված։ Ոչ պակաս համոզիչ, քան մյուս հայեցակարգերը` Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագիծը, Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգը կամ «Հայաստանը՝ կազմակերպված հանգստի կենտրոն» համազգային նախագիծ-հայեցակարգը։ Եվ չնայած մեր իշխանությունների մոտ հայեցակարգեր ու համազգային նախագծեր գրելն ավելի լավ է ստացվում, քան դրանք իրագործելը, կարծում ենք՝ այս անգամ կառավարությանը կհաջողվի մեծացնել արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ։ Բացատրությունը շատ պարզ է. դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվի։ Ավելի ճիշտ՝ ընդհանրապես ջանքեր չեն պահանջվի։ Այսպես, մինչեւ 2008 թվականը մեր տնտեսությունը երկնիշ աճ գրանցում էր հիմնականում շինարարության ոլորտի հաշվին, որտեղ տարեկան արձանագրվում էր 30-40% աճ։ Տարիներ շարունակ շինարարության ոլորտի համար «հատուկ պայմաններ» ապահովելու արդյունքում՝ ոլորտի տեսակարար կշիռը զգալիորեն մեծացավ եւ դարձավ մեր տնտեսության հիմքը։ Իսկ 2009 թվականին շինարարությունը դարձավ բալաստ, որի անկումը պայթեցրեց տնտեսական երկնիշ աճի փուչիկը։ Նախորդ տարի շինարարության ոլորտը մի քանի անգամ ավելի մեծ անկում գրանցեց, քան մյուս ոլորտները՝ շուրջ 40%։ Իսկ եթե մի ոլորտում գրանցվում է այսպիսի անկում, ապա դրա տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում, բնականաբար, կտրուկ նվազում է։ Նույն պատճառով՝ ավելանում է մյուս ճյուղերի տեսակարար կշիռը, թեկուզ, եթե այնտեղ անկում է արձանագրվել։ Այսինքն՝ արդյունաբերության տեսակարար կշռի մեծացում մենք կարող ենք ունենալ անգամ արդյունաբերության ծավալների կրճատման դեպքում։ 2009 թվականի արդյունքները դրա լավագույն օրինակն են։ Ոչ մի լրացուցիչ բան պետք չէ, որովհետեւ մեր իշխանությունների համար կարեւոր են ոչ թե իրական արդյունքները, այլ ցուցանիշները։ Ինչպես, օրինակ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը, որով նրանք պարծենում են՝ այն դեպքում, երբ այդ հարաբերակցությունն աճում է ՀՆԱ-ի կրճատման հաշվին։
Միգուցե ընթերցողներից ոմանք մեզ կմեղադրեն, թե ինչո՞ւ ենք նոր տարվա առաջին իսկ հրապարակման մեջ հոռետեսական երանգներ մտցնում ու ի սկզբանե թերահավատությամբ մոտենում կառավարության խոստումներին։ Միանգամից պատասխանենք, որ դրա համար հարգելի պատճառ կա՝ այս տարվա հունվարի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թիվ 10 ընտրատարածքում, երբ մոտ 7000 հոգի «ընտրեցին» մի մարդու, որի անունը նախկինում չէին էլ լսել։ Իհարկե, բոլորն էլ գիտեին, որ այդպես էլ լինելու էր, ոչ ոքի համար «ընտրությունների» արդյունքը անակնկալ չէր։ Պարզապես ամանորյա խումհարից անմիջապես հետո սա սթափեցնող հիանալի միջոց էր, որը հիշեցնում էր, որ մենք ապրում ենք Հայաստանում։ Բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական եւ այլն։