ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ կնքեցին համաֆինանսավորման պայմանագիր, որի շրջանակներում հայաստանյան խոշոր ընկերություններին կտրամադրվեն վարկեր 4 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եւ 7 տարի մարման ժամկետով։
Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը պատասխանեցին լրագրողների հարցերին։
Ինչպես նշեց Ա. Օսիպյանը, ծրագրով ֆինանսավորվելու է խոշոր բիզնեսը, վարկի նվազագույն չափը լինելու է 400 հազար դոլար։ Ինչ վերաբերում է տոկոսադրույքին, այն կտատանվի 11-14%-ի սահմաններում՝ կախված ռիսկայնության աստիճանից։ Առաջնահերթությունը տրվելու է արդյունաբերության, շինարարության եւ այլ ոլորտների ընկերություններին։ Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրեց Ա. Օսիպյանը, միջոցները հասանելի կլինեն ոչ բոլորի համար։ Մասնավորապես, այդ միջոցներից չեն ֆինանսավորվելու ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ զենքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները։ Նշենք, որ համաֆինանսավորման այս պայմանագիրը վերջին երկու տարում հինգերորդ խոշոր ծրագիրն է, որ իրականացվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ: Դեռեւս 2008 թվականի հունվարին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ ՎԶԵԲ-ը ստորագրեցին 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով վարկային պայմանագիր եւ իրականացրեցին փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագրեր: Այս պայմանագրի շրջանակներում իրականացվեց նաեւ 1 միլիոն դոլար ծավալով առեւտրի խթանման ծրագիր, որի ծավալը հետագայում մեծացվեց եւս 1 միլիոնով: 2008 թ. հոկտեմբերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եւ ՎԶԵԲ-ը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, համաձայն որի՝ ՎԶԵԲ-ը 25 տոկոս մասնակցություն ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում:
Աշոտ Օսիպյանը հավաստիացրեց, որ բանկը մտադիր չէ սահմանափակվել 4 միլիոն դոլարով, եւ դա միայն առաջին քայլն է։ Սակայն ծրագրի ընդլայնումը կախված կլինի ֆինանսական միջոցների նկատմամբ հայաստանյան խոշոր բիզնեսի պահանջարկից: Իսկ ըստ Վ. Ռազլոգի, ծրագիրը ոչ միայն ֆինանսական, այլ տեխնիկական աջակցության բաղադրիչներ է պարունակում: Նա պատրաստակամություն հայտնեց օգնել բանկին՝ երկարաժամկետ ռիսկերը գնահատելու եւ միջոցները արդյունավետ օգտագործելու հարցում։
Ի դեպ, 2009 ճգնաժամային տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բոլոր ցուցանիշների գծով աճ է արձանագրել։ Շահույթը տարվա արդյունքներով կազմել է 580 մլն դրամ, ակտիվները 2008թ. համեմատ աճել են 39.5%-ով` կազմելով 41.3 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները կազմել են ավելի քան 16 մլրդ դրամ՝ գրանցելով 33% աճ։ Նախորդ տարվա ընթացքում բանկի հաճախորդների թիվը աճել է 35.5 հազարով` կազմելով 68.6 հազար: Պլաստիկ քարտերի քանակը նախորդ տարվա ընթացքում ավելացել է 79.3%-ով` կազմելով 38.2 հազար: Ա. Օսիպյանի խոսքերով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նախատեսում է պահպանել այդ տեմպերը 2010 թվականին, ինչպես նաեւ՝ իրականացնել մասնաճյուղերի թվի ագրեսիվ ավելացման ծրագիր։