Դպրոցներին համակարգիչներ պետք չե՞ն

07/09/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հանրապետության շուրջ 1500 դպրոցներում Համաշխարհային բանկի կողմից
իրականացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը կարծես այնքան
էլ չի շահագրգռել դպրոցների տնօրեններին, քանի որ 2004-ից մինչ այժմ
Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակ հայտ է ներկայացրել նրանցից միայն
300-ը: Ի դեպ, վերջիններիս հետ պայմանագրեր չեն կնքվել:

 «Սպասում ենք արձակուրդները վերջանան, տնօրենները վերադառնան
աշխատանքի, որպեսզի ամփոփենք հայտերը: Այնուհետեւ կսկսենք համակարգիչների
գնման գործընթացը»,- ներկայացրեց գրասենյակի տնօրեն Կարինե
Հարությունյանը: Բանն այն է, որ դպրոցները համակարգիչները վերցնում են
ապառիկ, պայմանով, որ առաջիկա 2 տարվա ընթացքում կմարեն տեխնիկայի արժեքի
41%-ը, որից 20%-ը՝ ԱԱՀ, իսկ մնացածը մնալու է դպրոցներին՝ տեխնիկական
բազան վերազինելու համար: «4 տարի հետո, երբ դրանք լրիվ շարքից դուրս
կգան, այդ գումարով ոչ ամբողջությամբ, բայց մասնակիորեն իրենց
համակարգիչները կարող են թարմացնել: Բավականին լավ պայմաններով է տրվում
այդ վարկը»,- համոզված է տիկին Հարությունյանը:

Իսկ ինչպե՞ս են ներկայիս դպրոցներն իրենց ֆինանսական սուղ միջոցներով
վճարելու գումարը: Այստեղ առաջադրվել է երեք տարբերակ. նախ՝ դպրոցը կարող
է գտնել որեւէ հովանավոր, երկրորդ տարբերակով՝ դպրոցը վարկը մարելու է իր
բյուջեից եւ երրորդ դեպքում՝ այդ գումարները դպրոցը կարող է հավաքել
ծնողներից: Վերջին տարբերակը թերեւս այնքան էլ ընդունելի չէ, քանի որ
դպրոցական բազմատեսակ ծախսերի տակ կքած ծնողները հազիվ թե կարողանան փակել
հերթական պարտքը: Սակայն, ըստ տիկին Հարությունյանի, յուրաքանչյուր ծնողի
կողմից վճարվելիք տարեկան տասը դոլարը մեծ գումար չէ: «Երեխայի ուսուցման
կարիքների համար այդ գումարը ոչինչ է»,- կարծում է նա: Ծրագրով
հանրապետության առավել անվճարունակ դպրոցներից միայն տասը տոկոսին է
նախատեսվում անհատույց կերպով հատկացնել համակարգիչներ:

Ընդհանուր առմամբ, ՀԲ 19 մլն դոլարանոց վարկային ծրագրի շրջանակներում
2004- 2008-ն իրականացվելու է չորս ենթածրագրերից բաղկացած «Կրթության
որակ եւ համապատասխանություն» ծրագիրը: «Մենք վարկ ենք ասում, բայց դա ըստ
էության վարկ չէ: Եթե մենք փորձենք անգլերենից թարգմանել «կրեդիտը», կլինի
«փոխառություն»: Այն վերցվում է 35 տարի ժամկետով, որից տասը տարին մեռյալ
ժամանակաշրջան է: Միայն տասը տարի հետո պետությունը կսկսի գումարների
մարումը 25 տարիների ընթացքում՝ առանց հավելյալ տոկոսադրույքների, տարեկան
2 անգամ»,- մխիթարում է տիկին Հարությունյանը:

Նշենք, որ «փոխառության» մեջ 10.000 ԱՄՆ դոլար էլ նախատեսված է ծրագրի
լուսաբանման համար, այն դեպքում, երբ Կրթության եւ գիտության
նախարարության էլեկտրոնային էջում վերոնշյալ ծրագրի մասին ոչինչ չկար
գրված: Թեպետ Կ. Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք «այդ չնչին
գումարները ծախսել են հիմնականում հոդվածների, հայտարարությունների,
հեռուստածրագրերի եւ սեմինարների վրա»: Սակայն, ըստ էության, շարքային շատ
մանկավարժների համար ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ
թափանցիկություն չի ապահովվում: Մասնագետների շրջանում կարծիքներ կան, որ
հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսվում վարկային միջոցները, քանի որ, ըստ
նրանց, մշակված չէ ծրագրով նախատեսված կրթական ազգային ծրագիրը, առանց
որի՝ վարկի ծախսումը նրանք աննպատակային են համարում:

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, սակայն,
համաձայն չէ այդ տեսակետի հետ, քանի որ, ըստ նրա, արդեն լրամշակվել են
բոլոր ծրագրերը, փոխվել է կրթության բովադակությունը եւ առաջարկվում են
ուսուցման նոր մոտեցումներ: «Քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին
ենք խոսում, բնական է, քաղաքացիական կրթության ծրագրեր պետք է ընդգրկենք
կրթական ծրագրում: Վերափոխվելու է պատմության, արվեստի ուսուցման
հայեցակարգը: Մշակվել է հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա
առարկաների ծրագիրը»,- ասում է ԿԱԻ տնօրենը: Վերջինիս համոզմամբ՝ մշակված
կրթական ծրագիրը բոլորի համար մատչելի է, քանի որ մեծ քննարկում է անցել
մասնագետների լայն շրջանակներում: Կրթական ծրագրի բովանդակության եւ
իրականացվող բարեփոխումների վերաբերյալ ինֆորմացիա կա ԿԱԻ-ի ինտերնետային
էջում, սակայն, ինչպես վստահեցրեց Վ. Մարտիրոսյանը, այն ստեղծվել է ոչ
Համաշխարհային բանկի միջոցներով:

Ի դեպ, Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակը 23 աշխատող ունի
(ներառյալ վարորդներն ու հավաքարարները): Այստեղ միջին աշխատավարձը 300
դոլար է: Նրանք վարձատրվում են ՀԲ-ի տրամադրած գումարներով: Իսկ այն
խոսակցությունները, թե գրասենյակի աշխատակիցների մեծ մասը «Օրինաց երկիր»
կուսակցության (ՕԵԿ) անդամներ են, տնօրեն Կ. Հարությունյանը հերքեց: «Մեզ
մոտ ՕԵԿ-ից ընդհանրապես մարդ չկա»,- հավելեց նա: Հանրապետության
դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ եւ համակարգիչների
բաշխմամբ զբաղվող մյուս՝ նորաստեղծ կրթական տեխնոլոգիաների կենտրոնում
աշխատում է 18 մարդ, որոնց միջին աշխատավարձի չափը կենտրոնի տնօրեն Էդիկ
Հովսեփյանը չկարողացավ «հաշվարկել, քանի որ ձեռքի տակ կալկուլյատոր
չուներ»:

Ի դեպ, վերջինս ՕԵԿ-ական է: Ըստ նրա՝ նույն կուսակցության անդամներ են կենտրոնի աշխատակիցների մեծ մասը: