Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուց հետո անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Ղարաբաղի խնդրի լուծմանը: Ըստ թուրքական Bugun կայքէջի՝ Էրդողանը ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ղարաբաղի խնդրի լուծումը ինչքան էլ իրարից առանձին ընթանան` վարագույրի ետեւում երեւում է, որ երկու գործընթացները իրար կապված են: Հայ-թուրքական սահմանը փակվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Այստեղ քայլ անելու համար պետք է խաղաղություն ապահովել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը պետք է վերանա: Ղարաբաղի զավթումը թող ավարտվի: Այս պարագայում Հայաստան-Թուրքիա խնդիրը շատ հանգիստ լուծվելու է: Թուրքիան քայլեր արել է` բացել է օդային սահմանները, սկսել բեռնափոխադրումներ: Ներկայումս Թուրքիայում մեծ քանակությամբ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայաստանցի կա:
Ռուսաստանին եւս մեկ անգամ կոչ եմ անում նախաձեռնությունը պահպանել Ղարաբաղյան խնդրում: Ես այդ խնդրով պարոն Մեդվեդեւի եւ պարոն Պուտինի հետ շատ բաց խոսել եմ: Մինսկի համանախագահ եռյակից Ռուսաստանն է, որ ամենաշատ ազդեցություն ունի Հայաստանի վրա: Եթե Ռուսաստանը Ղարաբաղի խնդրում նախաձեռնությունը թուլացնի` խնդրի լուծումը կդժվարանա»: