Երկու ամիս մտածելո՞ւ է

19/01/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

2010 թվականը բավականին ակտիվ է սկսվել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի համար, որը ՀՀ Մշակույթի նախարարությունը համ «ազատ բեմ» է հռչակել, համ էլ մեկ տարի շարունակ դրել է ամուր «կողպեքի» տակ` անժամկետ երկարաձգելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի լինելու կամ չլինելու հարցը: Նախարարությունը երկար դադար է վերցրել` հայտարարելով, որ խորհում է գեղղեկի թեկնածության շուրջ, իսկ մինչ իր որոշումը հրապարակելը, Սունդուկյանի թատրոնում ձեւավորել է գեղխորհուրդ: Թեեւ թատրոնում հիմա որոշ գործունեություն է ընթանում, սակայն բոլորն էլ անկասկած հասկանում են, որ նման պատրանքային կյանքը երկար ձգվել չի կարող. անղեկ թատրոնը կամ կպայթի, կամ էլ վերջնականապես կփտի: Պայթյունն, իհարկե, փտումից գերադասելի է, սակայն՝ միայն այն դեպքում, երբ պայթյունի նախաձեռնողը ոչ թե չինովնիկները, այլ` թատրոնի մարդիկ լինեն: 2 օր առաջ թատերական գործիչներից բաղկացած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ` ներկայացնելով Մայր-թատրոնի «հակափտման» իրենց ծրագիր-առաջարկը: Այդ ծրագիրն ինքնաբուխ է ծնվել: Թատերական գործիչների նիստի ժամանակ շատ դերասաններ բողոքել են, որ առանց գեղղեկի թատրոնը չի կարող ապրել: Եվ հարց են տվել` մինչեւ ե՞րբ: Հետո ծնվել է մեկ այլ հարց` ի՞նչ անել: ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նկատել է, որ առաջարկության նախաձեռնողը կարող է լինել հենց միությունը: Եվ քանի որ թատրոնին ծառայող յուրաքանչյուր մարդ քաջ հասկանում է, որ առանց գեղարվեստական որակի համար պատասխանատվություն կրող անհատի թատրոն չի լինում, որոշվել է Սունդուկյանի թատրոնի ապագա գեղղեկի թեկնածություն ընտրել: Առաջարկվել է Արմեն Էլբակյանի թեկնածությունը, կազմվել է նամակ, որի տակ ստորագրել են մի խումբ դերասաններ ու ռեժիսորներ` Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը (որն, ի դեպ, մինչեւ վերջերս ցանկանում էր թատրոնի ղեկին կրկին տեսնել աշխատանքից հեռացված Վահե Շահվերդյանին) եւ շատ այլ անձինք: Շատերը հենց նախարարության լռությունից էին մտահոգվել, քանի որ համարել են, որ այդ լռությունը մեծ փոթորկի սկիզբ կարող է լինել: Վերջին մեկ տարվա ընթացքում գերատեսչությունն ընդհանրապես նախընտրել է ոչ թե որոշումներ կայացնել, այլ թատրոնի փտման պրոցեսը խորացնել` կարծես յուրատեսակ լաբորատոր ուսումնասիրություն անցկացնելով: Որպես Սունդուկյանի թատրոնի հնարավոր ղեկավար հաճախ հիշատակվել է բեմադրիչ Արմեն Մազմանյանի անունը: Ներքին կաբինետային խոսակցությունների համաձայն` ենթադրվում է թատրոնը վերածել համերգային հարթակի` հետագայում սեփականաշնորհելով այն: Իրենց անունը հրապարակել չցանկացող շատ թատերական գործիչներ հենց դրանից են սրտնեղել, ենթադրելով, որ եթե «վերեւներում» նման մտադրություն կա, ապա թատրոնի ղեկավար կնշանակվի հենց Ա.Մազմանյանը: Եթե ընդունենք, որ Մայր թատրոնի ղեկավարը պետք է գեղարվեստական ճաշակ, թատերական հարուստ կենսագրություն ու ծրագրեր ունեցող անձ լինի, ապա ավելի պրոֆեսիոնալ ֆիգուր (նաեւ` լիդեր), քան Ա. Էլբակյանն է, դժվար է պատկերացնել: Մանավանդ, որ նա նախկին սունդուկյանցի եւ սկզբունքային մարդ է: Հ.Պողոսյանը` լսելով նրա թեկնածության մասին, խոստացել է 2 ամիս հետո պաշտոնական պատասխան տալ: