Խմբագրական

25/12/2009

Հայերի` եվրոպացի լինել-չլինելու վերաբերյալ բանավեճը մեր հասարակությունում ավելի կամ պակաս սրությամբ ընթանում է վերջին առնվազն տասնհինգ տարիներին: Իրականում այս հարցադրման շուրջ քննարկումները միայն պայմանականորեն կարելի է բանավեճ համարել, քանի որ որպես կանոն՝ դրանք արտահայտվում են այն եզրահանգմամբ, որ եթե ոչ աշխարհագրորեն, ապա մշակութային առումով հայերը իսկական եվրոպացիներ են: Հրապարակային դատողությունների մակարդակում շատ քիչ են այն հասարակական ու քաղաքական գործիչները, ովքեր կասկածի տակ են առնում մեր` եվրոպական արժեհամակարգի մաս կազմելու հանգամանքը:

Մյուս կողմից, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ երեւույթների ու արժեքների նկատմամբ դիրքորոշմանը, պարզ է դառնում, որ, ինչպես մեր հասարակությունը, այնպես էլ քաղաքական ուժերից շատերը, մեղմ ասած, անվերապահորեն չեն վերաբերվում եվրոպական արժեքներին: Մինչդեռ իրականում դրանք այն արժեքներն են, որոնք, ինչպես ցույց է տալիս եվրոպական պետությունների պատմությունը, հանդիսանում են երկրում ժողովրդավարության, բարեկեցիկ կենսապայմանների առկայությունն ու զարգացումը: Զարգացման նման մակարդակի հասած պետությունների միավորումը` Եվրոպական Միությունը, ստեղծվել է հենց այդ արժեքների հիման վրա: Դրանք ի թիվս այլ փաստաթղթերի՝ արձանագրված են նաեւ 1993 թվականին ընդունված «Կոպենհագենյան չափանիշներում», որոնց պետք է բավարարեն Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությունները: Այդ չափանիշները պահանջում են, որպեսզի ԵՄ-ի անդամությանը հավակնող երկրում պահպանվեն ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ՝ իրավական պետության սկզբունքները: Այդ երկրներում պետք է գործեն նաեւ ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական հարաբերությունները: Առաջին հայացքից անվիճելի այս սկզբունքները ներառված են նաեւ Հայաստանի օրենսդրության, պետական ինստիտուտների գործունեության հայեցակարգերի մեջ: Այսինքն` ֆորմալ առումով Հայաստանը գրեթե համապատասխանում է այս չափանիշներին: Ավելին` հատկապես վերջին տարիներին Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսված քայլերի արդյունքում Հայաստանն օրենսդրական, ինստիտուցիոնալ առումով, ըստ էության, համադրելի կդառնա եվրոպական պետությունների հետ: Մյուս կողմից՝ հասարակական մտածողության, արժեքային համակարգի առումով Հայաստանում դեռեւս որոշակի պատնեշ կա եվրոպական արժեքների նկատմամբ: Դա որպես կանոն՝ արտահայտվում է եվրոպական արժեքները «ազգային առանձնահատկությունների» համատեքստում գնահատելու փորձերով: Իրականում, սակայն, այն, ինչին անվանում ենք եվրոպական արժեքներ, համամարդկային արժեքներ են, որոնք պետք է ոչ թե հակադրել «ազգային առանձնահատկություններին», այլ ներդաշնակեցնել դրանց հետ: