Արժեքները չկիրառվելով՝ դառնում են հակաարժեքներ

25/12/2009

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ, եվրոպական կոչված արժեքները նույն մեր արժեքներն են, սակայն խնդիրն այն է, որ դրանք հասարակության կյանքում գործնականում չեն կիրառվում: «Կարծում եմ, որ առնվազն 2000 տարի մենք այդ նույն արժեքների հետ ենք առնչվում: Այլ խնդիր է, թե արժեքը հիմա մեզ մոտ ինչպես է գնահատվում: Իմ կարծիքով, դրանց կարեւորությունը ոչ այնքան եւ ոչ թե դրանց եվրոպական լինելու մեջ է, այլ ինքնին արժեքի մեջ է: Մեր հասարակությունը, կարծում եմ, այսօր ներքին խնդիր ունի ընդհանրապես արժեքները դասդասելու, կողմնորոշումները հստակեցնելու առումով: Եվրոպական արժեքներն այն արժեքներն են, որոնք այսօր էլ մեր հասարակության համար համարվում են լավագույն արժեքները, բայց ենթադրում եմ, որ դրանք մեր հասարակության մեջ չեն գործում,- ասում է տիկին Խառատյանը` ավելացնելով,-Իմ տագնապը տվյալ դեպքում այն է, որ այդ արժեքները ֆորմալ ընդունած Ազգային ժողովն ու մեր իշխանություններն՝ իրենք, չեն ընդունում դրանք: Եվ ֆորմալ ընդունելով, օրենքները համապատասխանեցնելով, բայց դրանք չկիրառելով` այդ արժեքները երկրում դառնում են հակաարժեքներ: Եվ այդ արժեքների այսպիսի ներկայացումը հասարակության մեջ առաջացնում է թերահավատություն: Նույնիսկ մեր հասարակության մեջ շատ բոյկոտվող կրոնական ազատությունների խնդիրը հաճախ քննարկվում եւ ներկայացվում է՝ որպես մեր էթնիկ հավաքականության տրոհման վտանգ: Դրա փոխարեն՝ որպես մեր էթնիկ հավաքականության տրոհման վտանգ, երբեք չի քննարկվում սոցիալական բեւեռացումը, այս կազինոյական մշակույթը, որոնք ուղղակի տրոհում են հասարակությունը թշնամի բանակների: Երբեւէ լսե՞լ եք, որ այս երեւույթը դիտարկվի եւ քննարկվի մեր էթնիկ քաղաքականության տեսանկյունից»,- հարցնում է տիկին Խառատյանը:

Ազգագրագետը համոզված է, որ ոչ միայն եվրոպական, այլեւ համամարդկային արժեքների տարածումը, կիրառումն ու պահպանումը պետք է ուղղորդված լինեն պետության ղեկավարների կողմից: «Ես խորապես համոզված եմ, որ դա նաեւ հասարակագիտական մտքի ձեռքբերումներից, օրենքներից մեկն է, որ արժեքների ձեւավորումը լինում է կամ իշխանության, կամ այդ պահին առկա էլիտար, մի խոսքով՝ այն մարդկանց միջավայրում, որոնք տվյալ դեպքում դերակատար են: Եվ նրանց կողմից դա աստիճանաբար տարածվում է հասարակության այլ խավերի մեջ: Սրա վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան: Բավական է թեկուզ հիշատակել, որ գաղութային կամ կախյալ երկրներում հենց իշխող էլիտան է կողմնորոշում դեպի գաղութացնող մշակույթի արժեքները, լեզուն, կրոնը: Էլիտար շերտը հիմա համարենք իշխանությունը: Այո, եթե մինչեւ իշխանությունն ինքը այդ արժեքների նորմերը չկիրառի իր միջավայրում, այն երբեք չի դառնալու արժեք հասարակության մեջ: Եվ ես խորապես համոզված եմ, որ այս պահին իշխանությունն ինքը բոյկոտում է այդ արժեքները, եւ այդպիսով հասարակության մեջ առաջանում է անորոշություն, թե որոնք են այդ արժեքները: Մինչդեռ դրանք շատ պարզ արժեքներ են, շատ հեռու գնալ պետք չէ: Կրկնում եմ, դրանք հավասարության, արժանապատվության, իրավունքի, օրինականության, ազնվության, բարոյականության արժեքներ են»,- ասում է Հ.Խառատյանը: