Արդյոք մենք եվրոպացի՞ ենք, որքանո՞վ ենք մեր մտածելակերպով, արժեքային համակարգով ու հոգեկերտվածքով համապատասխանում հին աշխարհամասին։ Եվ որքանո՞վ մենք մեզ հարմարավետ կզգանք եվրոպական ընտանիքում։ Այս հարցերը միշտ էլ հուզել են շատերին, իսկ վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ քննարկվել։
Ի տարբերություն Եվրամիության՝ արեւելաեվրոպական նոր անդամների, որոնց պատկանելությունը եվրոպական ընտանիքին կասկած չի հարուցում, հայերի հարցում անորոշությունը ավելի մեծ է։ Չնայած դա զարմանալի չէ։ Պատմականորեն գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին, Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում կրել է ասորական, բաբելոնյան, իրանական, հելլենիստական, բյուզանդական, արաբական, թուրքական եւ ռուսական քաղաքակրթությունների ազդեցությունը եւ փոխառել տարրեր թե՛ ասիական, թե՛ եվրոպական մշակույթից։ Արդյունքում՝ մեր արժեհամակարգում, վարքագծում, մշակույթում եւ կենցաղում միախառնվել են երբեմն հակասական նրբերանգներ։ Այդ «խառնուրդն» արտահայտվում է գրեթե բոլոր հարցերում. ինչպես պատկերավոր կերպով նշված է մի քանի տարի առաջ այս թեմայով իրականացված հետազոտություններից մեկի մեջ, «եվրոպական ձեւով զարդարված սեղանների վրա մատուցվում են տիպիկ ասիական ուտեստներ, ինչպես խաշը կամ քաբաբը»։
Ի վերջո, մենք ավելի շատ եվրոպացի՞ ենք, թե՞ ասիացի։ Հայերի մեծ մասը նախընտրում է առաջին տարբերակը, չնայած օտարները մեզ ավելի շատ շարունակում են ասիացի համարել։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թեւան Պողոսյանը վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ բավականին ուշագրավ տվյալ հայտնեց։ Իրենց անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ իրենց եվրոպացի համարող հայերի թիվը զգալիորեն զիջում է մի քանի տարի առաջ կատարված հարցման ցուցանիշին։ Եվ սա՝ եվրոպական կառույցների հետ համագործակցության ակտիվացման ֆոնին։ Ի՞նչ է սա նշանակում՝ հիասթափություն Եվրոպայի՞ց, թե՞ եվրոպական արժեքների սխալ ընկալո՞ւմ, դժվար է ասել։ Հիասթափվելու պատճառներ, իհարկե, կան։ Վերջերս հեռուստաընկերություններից մեկը թոք-շոու էր կազմակերպել՝ եվրաինտեգրման թեմայով։ Քննարկմանը մասնակցող մեր քաղաքական գործիչներից մեկը կարծիք հայտնեց, որ իշխանությունները փորձում են միտումնավոր խեղաթյուրել եվրոպական արժեքները, եվրոպական ընտանիքին ինտեգրումը նույնացնելով աղանդավորության, համասեռամոլության, թմրամոլության եւ անբարոյականության տարածման հետ։ Այս երեւույթները, իսկապես, մեծ դեր են խաղում Եվրոպայի եւ եվրոպական արժեքների ընկալման հարցում։ Օրինակ, եվրոպական արժեքներին եւ եվրաինտեգրմանը Հայաստանի երիտասարդների վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանում անցկացված հասարակագիտական մի հետազոտության մեջ առանձին գլխում ներկայացված է հանդուրժողականության աստիճանը՝ մարդու իրավունքների հարցում։ Պարզվում է՝ հայերն առավել հանդուրժողական են գենդերային հարաբերություններում. 68.6%-ը պատրաստ են եղել ընդունել կանանց եւ տղամարդկանց հավասարությունը։ Մինչդեռ սեռական փոքրամասնությունների հարցում այդպես չէ. 10-ից 7-ը գտնում են, որ համասեռամոլները չպետք է մյուսների հետ հավասար իրավունքներ ունենան։
Անհանդուրժողական է վերաբերմունքը նաեւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Այս առումով՝ բնական է, որ եթե եվրոպական արժեքները նույնացվում են հենց վերը նշված երեւույթների հետ, դա ազդում է թե՛ եվրոպացի համարվելու, թե՛ եվրաինտեգրվելու ցանկության վրա։ Որոշիչ դեր է խաղում նաեւ տեղեկացվածության ցածր մակարդակը։
Ինչ գիտենք Եվրոպայի մասին
Ըստ էության՝ շատ քիչ բան։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով՝ մենք հետաքրքրվում ենք միայն մեր ներքաղաքական իրադարձություններով։ Օրինակ՝ Հայաստանում քչերին հետաքրքրեց, որ Եվրամիությունը առաջին անգամ նախագահ ընտրեց։ Անգամ Ազգային ժողովի պատգամավորների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր չգիտեն Եվրամիության, Եվրոխորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի տարբերությունները։ Եվրոպական կառույցները մեզ հետաքրքրում են հիմնականում ընտրությունների ժամանակ եւ դրանցից հետո իրենց որդեգրած մոտեցումներով, իսկ տնտեսության հետ կապված՝ միայն այնքանով, որքանով մենք առեւտուր ենք անում Եվրոպայի հետ։ Իսկ Եվրոպայի մշակութային իրադարձությունների մասին ընդհանրապես չենք խոսում. մերոնք ավելի շատ նախընտրում են «Ժողովրդական երգիչ» նախագիծը։ Վերը նշված հետազոտության մեջ «Որքանո՞վ եք դուք ծանոթ եվրոպական արժեքներին, մենթալիտետին եւ կենսակերպին» հարցին ընդամենը 9.5%-ն է պատասխանել` շատ լավ։ 17.2%-ը նշել է, որ վատ գիտի, իսկ 73.3%-ը՝ միջին մակարդակի տեղեկացվածություն է ունեցել։ Բացի այդ, ժամանակակից հայ երիտասարդության ընդամենը 7%-ն է կարծում, որ հայերը՝ իրենց մշակույթով եւ մտածելակերպով, մոտ են եվրոպականին։ Ավելի քան 70%-ը համոզված է, որ մենք ունիկալ ենք եւ ոչ ոքի նման չենք։
Այնուամենայնիվ՝ եվրաինտեգրում
Սակայն անկախ այս ամենից՝ հայերը ցանկանում են ինտեգրվել Եվրոպային։ Հետազոտությունները ցույց են տվել, որ, մասնավորապես, երիտասարդության 70%-ից ավելին կողմ է, որպեսզի Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ Փաստորեն, եվրաինտեգրման դրական արդյունքները՝ օրենքի գերիշխանությունը, արդար դատաիրավական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ տնտեսական օգուտները, մենք ավելի շատ ենք կարեւորում, քան մեր մտածելակերպին երբեմն ոչ հարիր եվրոպական այլ արժեքները։ Հարցման մասնակիցների շուրջ 60%-ը համաձայն է եղել հետեւյալ պնդման հետ. «Իմաստ չեմ գտնում հայկական եւ եվրոպական մշակույթը հակադրելու մեջ։ Մենք կարող ենք ինտեգրվել Եվրոպային՝ պահպանելով մեր ավանդույթներն ու մշակութային արժեքները»։ Այսինքն` լավատեսության հիմքեր, այնուամենայնիվ, կան։
«Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերիշխանության արժեքներով է Եվրոպան տարբերվում ողջ աշխարհից: Ահա այս արժեքների հիման վրա է Եվրամիությունը ձգտում առավել սերտ միասնության հասնել Եվրոպայում` հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, կոնսենսուսի եւ համագործակցության միջոցով»:
Ժոզե Մանուել Բարոզու, Եվրոպական հանձնաժողովի նախագահ
«Եվրոպայի հետ համագործակցությունը հայ ժողովրդի գիտակցված ընտրությունն է եւ համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, ընտրություն, որ դարերի պատմություն ունի։ Հայաստանի եւ հայերի կապը Եվրոպայի հետ դարերի պատմություն ունի, այն ժամանակների, երբ մեր պատմությունն ու աշխարհագրությունը համահունչ էին, եւ մեր ժողովրդի լուսավորյալ զավակները մասնակցում էին այն արժեքային համակարգի կերտմանը, որ այժմ կոչվում է եվրոպական արժեքներ»։
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար