Oգոստոսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության
նիստերի դահլիճում կկայանա Ռազմական գիտությունների ակադեմիայի (ՌԴ)
ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Արկադի Սարգսյանի
մենագրության՝ «20-րդ դարի հայ ռազմական գիտնականները, կոնստրուկտորները,
արտադրողներն ու փորձարկողները» խորագիրը կրող երկրորդ եւ երրորդ
հատորների շնորհանդեսը: Մենագրության երկրորդ հատորում տեղ են գտել հայ
ականավոր ավիակոնստրուկտորների, հրթիռագետների, թռչող սարքերի
փորձարկողների, ինչպես նաեւ՝ սարքաշինության, հրթիռային եւ տիեզերական
ռադիոհամակարգերի, կապի, ռադիոտեղորոշման, ավիացիոն ռազմամթերքի եւ խոցման
ավիացիոն միջոցների, սպառազինության մարտական արդյունավետության եւ թռչող
սարքերի կենսունակության բնագավառի գիտնականների եւ մասնագետների կյանքի
եւ գործունեության մասին ակնարկներ: Գր
քում ներկայացված են նաեւ ԽՍՀՄ «Միջուկային վահանի» ստեղծման մի շարք
մասնակիցներ: Այն պատկերազարդված է առաջին անգամ տպագրվող եզակի
լուսանկարներով: Երկրորդ հատորի նախաբանի հեղինակն է Ռուսաստանյան
Դաշնային միջուկային կենտրոնի գիտական ղեկավար, ՌԴ Գիտությունների
ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Ավրորինը:
Մենագրության երրորդ հատորում ընդգրկված են պաշտպանական արդյունաբերության
նշանավոր հայ կազմակերպիչների, ինչպես նաեւ՝ հրետանային համակարգերի,
հրաձգային զենքերի, նշանառման սարքերի ստեղծողների, փորձարկողների կյանքի
եւ գործունեության մասին ակնարկներ: Գրքում ներկայացված են նաեւ
նավաշինության ու նավատորմի սպառազինության բնագավառի գիտնականներ եւ
մասնագետներ: Երրորդ հատորի նախաբանը գրել է «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ կոնցեռնի
գլխավոր կոնստրուկտոր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անատոլի
Սավինը: