Մեզանում մի տեսակ ընդունված է «եվրոպական արժեքների» մասին խոսել վերացական՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ է հասկացվում այդ արտահայտության տակ:
Բարեբախտաբար, այսօր աշխարհի «բացությունը» հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալ մասնավորապես եվրոպացիների արժեհամակարգին, զգալ, տեսնել այն նաեւ առօրյա կյանքում, կենցաղում: Շատերն այսօր հնարավորություն ունեն սովորել եվրոպական երկրներում, Եվրոպայում մասնակցել տարատեսակ կոնֆերանսների, սեմինարների՝ այդկերպ «մոտիկից» ծանոթանալով այդ «վերացական» արժեքներին: Ինքս էլ ունեցել եմ նման հնարավորություն. մի քանի ամիս բնակվել եւ սովորել եմ Լիսաբոնում: Եվ առօրյա կյանքում առաջին հերթին այն տպավորությունն եմ ստացել, որ եվրոպական երկրների գերակշիռ մասի բարեկեցությունն ապահովող այդ արժեքները նախ եւ առաջ ենթադրում են «եվրոպական հասարակություն»: Փողոցը նախատեսված վայրում եւ նախատեսված պահին անցնելու համար այնտեղ վարչապետի հրահանգի կարիք չկա: Ավելի պատկերավոր ասած, եթե մեր հասարակությունը դաստիարակվել է «Շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով, ապա Եվրոպայում դրան փոխարինում է «Իմացիր իրավունքներդ, հարգիր այլոց իրավունքները» սկզբունքը: Եթե մենք սովոր ենք առաջնորդվել «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով, չհետաքրքրվել, չմտահոգվել ուրիշներին հուզող հարցերով, ապա Եվրոպայում, մասնավորապես, օրինակ՝ Պորտուգալիայում, բազմիցս հանդիպել եմ հակառակի մասին վկայող իրավիճակների. պատահական մեկին հարցնում ես, թե որտեղ է գտնվում, օրինակ, մետրոյի մոտակա կայարանը: Թեեւ դիմացինդ չի խոսում անգլերեն, բայց հասկանում է հարցդ: Իսկ դու չես հասկանում նրա պորտուգալերեն բացատրությունը: Ի՞նչ անել: Սովորաբար լինում է հետեւյալ տարբերակներից մեկը. կամ տվյալ անցորդը քեզ հասկացնում է, որ հետեւես իրեն, ու քայլում է մինչեւ մետրոյի մոտակա կայարանը, կամ գտնում է անգլերեն խոսող մեկին, ով պատասխանում է քեզ հուզող հարցին: Մի բան հստակ է. քեզ «մենակ չեն թողնում» քո պրոբլեմի հետ, ձեռքը թափ չեն տալիս ու անցնում առաջ, չեն «քցում», չեն փորձում «ֆռռացնել»: Մոսկվայից դեպի արվարձաններ գնացող գնացքը մոտակա կանգառներում չի ստուգվում, եւ գործնականում հնարավոր է առանց տոմսի գնալ մի քանի կանգառ: Մոսկվայում այդ գնացքից օգտվողների ջախջախիչ մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում է: Մոտակա կանգառներում տոմսը չեն ստուգում, օրինակ, նաեւ Լիսաբոնից դեպի արվարձաններ գնացող գնացքում: Բայց մարդիկ, իմանալով դա, միեւնույն է, գնում են տոմսը՝ թեկուզ եւ գնալու են մի քանի կանգառ եւ գիտեն, որ ոչ ոք չի ստուգելու, թե իրենք տոմս ունե՞ն, թե՞ ոչ (իհարկե կգտնվեն նաեւ օրինախախտներ): Ու պատկերացրեք՝ ոչ մեկն այդ մարդկանց չի ստիպում անել այն, ինչ իրենք անում են: Նրանք պարզապես այդպես դաստիարակված են: Իհարկե, մենք էլ տանը, դպրոցում, գրքերով, հեռուստատեսությամբ քարոզում ենք նման պարզ, հասարակ «լավ-լավ բաներ», բայց մենք դրանցով չենք ապրում: Մեր իրական կյանքն ու «քարոզները» միմյանցից տարբերվում են: Մինչդեռ եվրոպական արժեքների առանցքը թերեւս դաստիարակված, կիրթ ու սեփական իրավունքներն իմացող քաղաքացիների ամբողջությունն է՝ եվրոպական հասարակությունը: