Եվրոպական արժեքները համամարդկային են

25/12/2009

– Ինչպե՞ս է իրականում հայ հասարակությունը վերաբերվում Եվրոպային եւ եվրոպական արժեքներին: Որքանո՞վ են եվրոպացի դառնալու մեր ցանկությունները դեկլարատիվ եւ իրական` արժեքային համակարգի փոփոխության հարթությունում:

– Եվրոպական արժեքներն, ըստ էության, համամարդկային են, դրանով իսկ ընդունելի ցանկացած ազգի կամ մարդու համար։ Հասարակությունը, կարծում եմ, այդ արժեքների հետ որեւէ խնդիր չունի։ Կոնֆլիկտային իրավիճակ Հայաստանում (ինչո՞ւ չէ՝ նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից շատերում) ստեղծում են իշխանությունները՝ մի կողմից՝ դե յուրե ընդունելով այդ արժեքները, մյուս կողմից՝ դրանք հասարակությանը ներկայացնելով որպես դրսի պարտադրանք։ Ըստ իս, ՀՀ-ում ոչ թե արժեքային համակարգի փոփոխությունն է առաջնահերթ խնդիր, այլ՝ ինքնադրսեւորման մեխանիզմների ապահովումը։ Հասարակական ազատ ինքնադրսեւորումը չի կարող առաջ բերել այնպիսի արժեքներ, որոնք էականորեն կհակասեն եվրոպականին։

– Արդյո՞ք քաղաքական ինտեգրումը Եվրոպային կարող է հանգեցնել նաեւ հասարակական ընկալման մեջ եվրոպական արժեքների իրական արմատավորմանը, թե՞ այդուհանդերձ մեր մտածողության մեջ կա մի շերտ, որը կարող է դիմադրել սոցիալական, մշակութային, արժեքային նորմերի փոփոխությանը:

– Այն օրը, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ես երջանկության զգացում չունեցա, թեեւ ինձ համար թանկ են եվրոպական կոչվող արժեքները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ քաղաքական ինտեգրումից առաջ հասարակությունն այդ արժեքներն ինքնուրույն դրսեւորելու հնարավորություն պետք է ունենար։ Եվրոպական արժեքները գրավիչ են նրանով, որ դրանցում գործողությունն ու գաղափարը նույնացած են։ Եթե մարդուն չեն թողնում ընտրել իր գյուղապետին, քաղաքապետին, նախագահին, ի՞նչ երաշխիք, որ նա ողջամտորեն կընտրի այնպիսի վերացական բաներ, ինչպիսիք են ազատությունը, իրավունքը, հավասարությունը եւ այլն։ Երբ գործողությունն ու գաղափարն առանձնացվում են, կարող է դիմադրության տպավորություն ստեղծվել, բայց դա սոսկ տպավորություն է։

– Մշակույթը, արվեստը կարո՞ղ է դառնալ այն միջոցը, որը կհանգեցնի հասարակական ընկալման մեջ նոր համակարգի ձեւավորմանն այն առումով, որ անկախ քաղաքական կողմնորոշումներից, հասարակության մեջ ներքին վերափոխման, եվրոպական արժեքներ կրելու պահանջ առաջանա:

– Արվեստն ընդամենը հասարակական քննարկման մի մասն է։ Արվեստն արդյունավետ լինել չի կարող, երբ չկա հաղորդակցություն։ Պետք է ապահովել ինտերակտիվ միջավայր, եւ այդ դեպքում արվեստը գուցե իր չափով նպաստի հասարակության ներքին վերափոխմանն ու եվրոպական արժեքների պահանջարկի մեծացմանը։ Մշակութային մեր ավանդույթը, ցավոք, թանգարանն է։ Մշակութային արժեքի չափորոշիչը՝ սրբազնությունը։ Արվեստը կարող է լինել քննարկումների նախաձեռնող, բայց դրանք դուրս չեն գա նեղ շրջանակներից, քանի դեռ ընտրելու միջոցով փոփոխությունների հասնելու ավանդույթը չի վերացրել սրբազնության գերիշխանությունը։

– Այսօր Հայաստանը ներգրավված է Եվրամիության կողմից իրականացվող մի շարք խոշոր ծրագրերում` Նոր հարեւանություն, Արեւելյան գործընկերություն եւ այլն: Այս ծրագրերը նախատեսում են բազմաթիվ գործողություններ, տարբեր ոլորտների բարեփոխումներ: Այդ գործողությունները հեռանկարում կարո՞ղ են հանգեցնել նաեւ մտածողության փոփոխության:

– Ձեր նշած ծրագրերը շատ կարեւոր են, իմ կարծիքով, սակայն, վտանգ կա, որ դրանք շատ այլ ծրագրերի նման կարող են արդյունավետ չլինել եւ դուրս չգալ առանձին ոլորտներից։ Հնարավորին չափ պետք է մոտեցնել եվրոպական կառույցների եւ եվրոպական արժեքների՝ հայ հասարակության ընկալումները։ Կառույցների անհետեւողականությունն իր չափով նվազեցնում է եվրոպական արժեքների նշանակությունը։ Սա էլ իր հերթին՝ հասարակության մեջ արմատավորում է պարտադրանքի զգացումը։ Հարեւանությունը կամ գործընկերությունը ենթադրում են շահերի ստորադասում արժեքներին եւ ոչ՝ հակառակը։