Ընդդեմ դրամի արժեւորման

25/12/2009

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 17 միլիոն 658 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 376.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376.5 դրամ: Փաստորեն, դեկտեմբերի 22-ի համեմատ դոլարի փոխարժեքը բարձրացել է մեկուկես դրամով։ Դեկտեմբերի

22-ին իրականացվել էր 19 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 374.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ փակման գինը կազմել էր 374.95 դրամ։ Դժվար է ասել՝ վերջին երկու օրերին գրանցված 36,7 միլիոն դոլարի առքուվաճառքից ո՞ր մասն է բաժին ընկնում Կենտրոնական բանկին, քանի որ շաբաթական մանրամասն տվյալները ԿԲ-ն հրապարակում է երկուշաբթի օրը։ Սակայն դատելով վերջին օրերի զարգացումներից եւ հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ կարելի է ենթադրել, որ Կենտրոնական բանկը կրկին դոլար է գնել՝ դրամի արժեւորումը կանխելու համար։ Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը մեկնաբանելով վերջին շաբաթվա ընթացքում ԿԲ-ի կողմից մոտ 8.5 մլն ԱՄՆ դոլարի առքի փաստը՝ նշել էր. «Հակառակ զանազան ասեկոսեների, Կենտրոնական բանկն արտարժութային շուկայում գործառնություններ է իրականացնում միայն՝ երբ փոխարժեքի կտրուկ տատանումներ հարթելու կարիք է առաջանում: Այժմ եւս նմանատիպ զարգացում է: Եթե, օրինակ, նոյեմբերին տատանումները հիմնականում դրամի կտրուկ արժեզրկման ուղղությամբ էին, եւ ԿԲ-ն հարթում էր դրանք, ապա դեկտեմբերին միտումը հակառակն է, եւ ԿԲ-ն դրամի կտրուկ արժեւորման տատանումներն է հարթում»: