Եվս մեկ շաբաթ

25/12/2009

ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը եւս մեկ շաբաթ կմնա քաղաքացիական հիվանդանոցում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ս. Միքայելյանի բուժող բժիշկը` «Արմենիա» բժշկական կենտրոնի` Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը: Ըստ նրա, հաջորդ շաբաթ կորոշվի, թե Միքայելյանի հետագա բուժումը որտեղ եւ ինչ հանգամանքներում է շարունակվելու: «Դեռ բուժումը շարունակվում է, վերքերը դեռ լրիվ չեն առողջացել, եւ մոտակա մեկ շաբաթը նա դեռ կգտնվի հիվանդանոցում: Հետագայի համար` երկուշաբթի օրը նորից համապատասխան մասնագետների հետ կկատարվեն կոնսուլտացիաներ, ամեն մասնագետ կտա իր եզրակացությունը, որից հետո կորոշվի հետագան»,- ասել է Մինասյանը: Այնուհանդերձ, Սասուն Միքայելյանի բժիշկը նրա առողջական վիճակը դեռ անհամատեղելի է համարում քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու հետ: «Այս պահին անհամատեղելի է, որովհետեւ, քրեակատարողական հիմնարկի բժիշկների հավաստմամբ, այնտեղ չկան համապատասխան մասնագետներ, չկան սարքավորումներ, եւ իրենք մեզ հետ համամիտ են, որ այս փուլում ինքը պետք է գտնվի նեղ մասնագիտացված հիվանդանոցում»: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ շնչուղիների շրջանում Սասուն Միքայելյանը միանգամից մի քանի վիրահատություն է տարել: Ավետիք Մինասյանն ասել է, որ հետվիրահատական շրջանում վիճակը բավարար է, բայց սրտի հետ կապված նախկին խնդիրները պահպանվում են: «Շարունակվող սրտամկանի հետ կապված իր հին պրոբլեմն է` հետինֆարկտային եւ սնուցման խանգարման, հետինֆարկտային սպի ունի, հետին պատի սնուցման խնդիր ունի, որը ալիքաձեւ ընթացք ունի` պարբերաբար սրվում է, պարբերաբար` կարգավորվում: Որպես վիրահատության հետեւանք` ուներ աչքի հետ կապված թեթեւակի խնդիր, նշանակվել է համապատասխան բուժում, եւ արդեն կա դրական դինամիկա»,- նշել է Մինասյանը: