Շնորհավոր Ամանոր

25/12/2009

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը զբաղված են լինելու անցնող 2009 թվականն ամփոփելով: Բնականաբար, իշխանությունները թվարկելու են բոլոր իրական ու քարոզչական ձեռքբերումները, դիմագրավված մարտահրավերները, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, եւ այլն, եւ այդպես շարունակ: Նույն կերպ ընդդիմադիրները կհայտարարեն, որ 2009 թվականը ամենավատագույն տարին էր Հայաստանի համար, որ իշխանություններն ավելի են երկիրը մոտեցրել կործանման, որ հաջորդ տարի ճգնաժամի հետեւանքները ավելի են սրվելու, եւ այլն, եւ այդպես շարունակ: Իրականում անցնող տարին, դժբախտաբար, ոչ ձեռքբերումների տարի էր, ոչ էլ, բարեբախտաբար, կործանումների: 2008 թվականից հետո, ողբերգական իրադարձությունների բացակայությունն արդեն ստիպված ենք համարել դրական: Այդպիսին է Հայաստանը, եւ մեզ մնում է միայն ցանկանալ, որ 2010 թվականին ձեռքբերումները լինեն ոչ թե «չարյաց փոքրագույնները», այլ իրական ու շոշափելի: Իսկ «168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի արդեն 2010 թվականի հունվարի 16-ին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: