ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը ոչ թե խիստ, այլ աբսուրդ է համարում: «Փաշինյանի արարքում չկա ոչ 225 հոդվածով նախատեսված հանցակազմի որեւէ տարր, ոչ 316 հոդվածում նախատեսված հանցակազմի որեւէ տարր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Գ. Ջհանգիրյանը` ավելացնելով, որ հետեւելով դատաքննության ողջ ընթացքին, հատկապես ապացույցների հետազոտման փուլին, որեւէ ողջամիտ մարդու մեջ կասկած չէր կարող մնալ, որ Փաշինյանը որեւէ հանցագործություն է կատարել: Այնպես որ, պատժաչափը, ըստ նրա` լիներ 10 կամ 8, 3 կամ 2 տարի, միեւնույն է` որեւէ բան չէր նշանակում, որովհետեւ. «Փիլոյանը եւ նրա ղեկավարները շատ լավ հասկանում, գիտակցում ու քաջատեղյակ են, որ Փաշինյանի արարքում հանցակազմ չկա, եւ անմեղ մարդուն դատապարտել 1 տարվա ազատազրկման, թե ութ տարվա, իրավական առումով նույն բանն է` ծանրագույն հանցագործություն է արդարադատության դեմ»: Գ. Ջհանգիրյանի պնդմամբ, դատարանի վճիռը չի կարող խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ընտրությունների մասնակցությանը, քանի որ դատավճիռը ոչ մի դեպքում ուժի մեջ չի կարող մտնել մինչեւ հունվարի 9-ը: «Առաջին ատյանի դատավճռից հետո, բնական է, պաշտպանները եւ Փաշինյանը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատավարության ավարտից մեկ ամիս հետո նոր ուժի մեջ է մտնելու դատական ակտը»,- ասել է նա: Իսկ ի պատասխան դիտարկմանը, որ հինգ տարուց ավելի ազատազրկման դատապարտելու դեպքում Փաշինյանը զրկվում է համաներմամբ ազատ արձակվելու հնարավորությունից, Գ.Ջհանգիրյանը նշել է, որ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ դատապարտում են անմեղ մարդուն: «Հիմա ենթադրենք՝ դատապարտել են ինձ եւ համաներմամբ պատժի կրումից ազատել են: Դա ինչ-որ բան փոխե՞լ է արդյոք իմ ներսում, իմ վերաբերմունքում՝ հանդեպ այդ դատական ակտը կամ մեղավոր անձինք, որոնք անհիմն ինձ մեղադրել, մյուսներն էլ՝ դատապարտել են: Բացարձակ»,- ասել է նա: