«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով փորձ է արվում ընդամենն ընդդիմության վրա հոգեբանական ճնշում գործադրել: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դեկտեմբերի 22-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պահանջել է 8 տարվա ազատազրկման դատապարտել Նիկոլ Փաշինյանին: «Եթե նրանց նպատակը այն է, որ դրանով փորձեն ազդել 10-րդ տարածքում ընթացող ընտրությունների վրա, ուրեմն ստանալու են միայն հակառակ արդյունք»,- հավելել է նա: «Մենք գիտենք՝ Փիլոյանը ով է,- խոսելով Ն. Փաշինյանի գործով մեղադրող դատախազի մասին, ասել է Լ. Զուրաբյանը,- Փիլոյանը պրոֆեսիոնալ դատախազ չէ: Նա մսագործ է: Նա նույն հաջողությամբ կարող էր կախաղան պահանջել, ուղղակի Քրեական օրենսգրքում դա նախատեսված չէ` ի ցավս Փիլոյանի»:
Հարցին, թե արդյո՞ք դատավճռի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա ընտրություններին մասնակցել, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Եթե նույնիսկ դատարանը մինչեւ ընտրությունները վճիռ կայացնի, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ կա վերաքննիչ դատարան դիմելու հնարավորություն, եւ մինչեւ վճիռն օրենքի ուժ չստանա, ոչ ոք չի կարող խափանել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ընտրություններին»: Անդրադառնալով ԵԽ ԽՎ հանձնաժողովում շրջանառության մեջ դրված համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցին` Լ. Զուրաբյանն ասել է. «Ցավոք սրտի, թեեւ զեկույցն արդեն վաղուց բաժանվել էր Մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին, իշխանությունները, ըստ էության, մինչեւ վերջերս այս զեկույցը հայ հասարակությունից թաքցրել են՝ ներկայացնելով այն մի քանի կցկտուր մեջբերումների միջոցով եւ աղավաղված: Երեկ զեկույցը տեղադրվել է ԵԽ ԽՎ պաշտոնական կայքում, եւ մենք հնարավորություն ունենք այն ներկայացնելու մեր հասարակությանը»:
Ըստ նրա` զեկույցի երկու «ամենաակնհայտ թուլություններն» են. «Դեպի 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի ճգնաժամը տանող իրադարձությունների միակողմանի, ընդհուպ մինչեւ կողմնակալ լինելու նկարագրությունը եւ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին հետեւած այնպիսի զարգացումների քննարկման եւ վերլուծության գործնականում իսպառ բացակայությունը, ինչպիսիք են ընդդիմության մեծաքանակ աջակիցների կալանավորումը եւ հետապնդումը: Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 մահվան դեպքերի քննության որեւէ կոնկրետ արդյունքի բացակայությունը գոհացուցիչ չէ: Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ պարզելու, թե որտեղից են կրակվել այն գնդակները, որոնք սպանել են 10 անձանցից հինգին մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ընթացքում, գտնվեն այն զենքերը, որոնցից այդ գնդակները կրակված են, մանավանդ` նշաններ կան, որ այդ գնդակներից առնվազն երեքը կարող էին կրակված լինել զենքերից, որոնք այդ իրադարձությունների ժամանակ օգտագործվել են Ոստիկանության կողմից: Եթե այդ մտահոգություններին պատշաճ պատասխան չտրվի, դա հեշտությամբ Ոստիկանության կողմից խաբեության կամ պարտակման մասին հայտարարությունների տեղիք կտա»,- նկատել է ՀԱԿ ներկայացուցիչը: