Քարտեզներ դպրոցներին

07/09/2005

Սեպտեմբերից Հայաստանի հանրակրթական դպրոցները վերջապես ունենալու են
հայերեն քարտեզներ։ Յուրաքանչյուր դպրոցին հատկացվելու է 15-ական միավոր՝
վարչական, ֆիզիկական, տնտեսական, բուսական եւ այլ տեսակի քարտեզներ։ Դրանք
կազմվել են ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի պետական
կոմիտեի կողմից։ «Մեր դպրոցները հայերեն լեզվով քարտեզներ վաղուց չեն
ունեցել։ Մեր նպատակն էր այսօրվա պահանջներին բավարարող, այսօրվա
վարչատարածքային բաժանումով կազմված քարտեզներ հատկացնել դպրոցներին»,-
տեղեկացրեց Կադաստրի պետական կոմիտեի Քարտեզագրման վարչության պետ
Բենիամին Մարտիրոսյանը։ Վերջինիս հավաստմամբ՝ քարտեզներն արդեն բաժանվել
են բոլոր դպրոցներին։ Դրանց կազմման համար Կադաստրի պետական կոմիտեի
տնտեսումների հաշվին ծախսվել է շուրջ 20 մլն դրամ։ Հանրապետության
դպրոցներին հատկացվելու է նաեւ «Հայաստանի պատմական ատլաս: Պրակ Ա»
պատմական քարտեզների ժողովածու՝ յուրաքանչյուր դպրոցին, միջին հաշվով, 15
ժողովածու: Հուլիսին ընդունված կառավարության որոշմամբ՝ այդ նպատակով ՀՀ
Կրթության եւ գիտության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից
հատկացվել է 50 մլն դրամ: Կրթության եւ գիտության նախարարության
Հանրակրթության վարչությունից փորձեցինք պարզել՝ բաժանվո՞ւմ են արդյոք այդ
ժողովածուները դպրոցներին, վերջիններս, սակայն, տեղյակ չէին՝ ինչի մասին է
խոսքը:

Հ. Հ.