Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Սկզբում նախագահը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` «նոր քաղաքի» տարածքում, այցելել կառուցվող բնակելի տներ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը եղել է Շիրակամուտ համայնքում, շրջել է նորակառույց համայնքային կենտրոնում, զրուցել շիրակամուտցիների հետ: Այստեղ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքի նորակառույց տուն, ում ՀՀ նախագահը հյուրընկալվել էր նաեւ 2009թ. հուլիսի 15-ին, երբ նրանք դեռեւս բնակվում էին վագոն-տնակում, եւ խոստացել էր հաջորդ անգամ այցելել արդեն բնակարանամուտի առիթով: Թեյի սեղանի շուրջ ծավալված զրույցի ընթացքում Վարդեւանյաններն իրենց երախտագիտության խոսքն են ուղղել երկրի նախագահ Ս. Սարգսյանին` Ամանորին ընդառաջ սեփական տունն ունենալու այդքան երկար սպասված երազանքն իրականություն դարձնելու համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի հաջորդ կանգառը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասն էր: Ս. Սարգսյանը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին: Նախագահը դժգոհել է կատարված ներքին շինարարական աշխատանքների որակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունները, մասնավորապես` Գյումրիի «Ասպարեզ» ակումբը, բազմիցս ահազանգել են Աղետի գոտին կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատանքների մասին, սկսած աշխատակիցների հանդեպ վերաբերմունքից, վերջացրած կառուցվող շենքերի որակով: Ի պատասխան այդ ահազանգերի` «Գլենդել Հիլզը» հանդես էր գալիս հերքումներով ու այդ կազմակերպությունների հասցեին ուղղված մեղադրանքներով:
Շիրակում Սերժ Սարգսյանը չնախատեսված խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները։ Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության` Ս. Սարգսյանն ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի եւ անթույլատրելի թերություններ: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ՝ չպետք է տուժի որակը, Ս. Սարգսյանն ասել է, որ եղած թերություններն ամբողջովին եւ մոտ ժամանակներս պետք է վերացվեն: Նա նաեւ նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: Քաղաքաշինության նախարարության եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները խոստացել են, որ նշված աշխատանքները լիովին կավարտվեն, եւ շենքերը բնակության համար պատրաստ կլինեն 2010թ. մայիսի կեսին: