Ավարտվում է 2009 թվականը` հետեւում թողնելով մի շարք կարեւոր տնտեսական ու քաղաքական իրադարձություններ: Ի՞նչ էական ձեռքբերումներ ու կորուստներ ունեցավ Հայաստանն անցնող տարում: Ինչպե՞ս են քաղաքական ուժերը գնահատում այն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ 2009-ին ձեռքբերումները կորուստների համեմատ աննշան էին: Որպես կարեւորագույն բացթողումներ՝ նա առաջին հերթին նշում է հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հարցի հետ կապված զարգացումները եւ «ՀՀ` որպես տարածաշրջանում որոշակի տնտեսական ձեռքբերումներ ունեցող երկրի (երբեմն վագրային թռիչք ունեցող երկիր էին անվանում) միջազգային դիրքի թուլացումը թե՛ ներդրումային տեսանկյունից եւ թե՛ մրցունակության տեսանկյունից»: «ՀՅԴ-ն 2009թ.-ին դուրս եկավ կոալիցիայից: Արտաքին հարաբերություններում դիտվող զարգացումները վերջին թելն էր, որ մեզ կապում էր կոալիցիայի հետ: Արդյունքում տեղի ունեցավ վերադասավորում ընդդիմություն-իշխանություն հասկացությունների միջեւ: ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները 2009թ.-ին դարձան ջրբաժան, եւ ձեւավորվեց երկու բեւեռ` իշխանություն եւ նրա տեսակետը պաշտպանող արտախորհրդարանական ընդդիմության մի զգալի հատված, եւ երկրորդ` հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի` նման արագացված կարգավորման դեմ հանդես եկող բեւեռ: Սա ընդդիմադիր նոր ձեւաչափ պարտադրեց: Պատահական չէ, որ դրա հետեւանքով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ որոշակի պասիվացման գործընթաց, հատկապես այն ընդդիմության մոտ, ովքեր կիսում են իշխանության տեսակետները ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների առումով»,- ասաց Ա. Մինասյանը: Ներքին կյանքում 2009-ին հանդես եկած ամենաբացասական հանգամանքներից մեկը, ըստ Ա. Մինասյանի, այն էր, որ «մենք տեսանք կառավարության ապաշնորհ գործողությունները ճգնաժամային իրավիճակում երկիրը ճիշտ կառավարելու տեսակետից, որն արտահայտվեց թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական կյանքում»: «ՀՀ տնտեսությունը երկնիշ անկում ապրեց: Առաջին 10 ամիսների տվյալներով՝ 17.5% անկումը ցույց է տալիս, թե որքան անպատրաստ ենք: Որքան էլ փորձեն 11 ամսվա կտրվածքով ավելի փոքր անկում ներկայացնել, որքան էլ փորձեն աճպարարությամբ զբաղվել` թվեր նկարելով, իրականում մեր անկումը նույնիսկ 20%-ն էլ է գերազանցում: Այս ամենը խոսում է կառավարության անճարակության մասին»,- կարծում է Ա. Մինասյանը: Մյուս ամենաբացասական իրադարձությունը, ըստ Ա. Մինասյանի, «Երեւանի ավագանու անհաջող ընտրություններն էին եւ ընտրախախտումների չափազանց մեծ ծավալը»: Նա դժվարացավ հիշել 2009թ.-ին տեղի ունեցած որեւէ ձեռքբերում տնտեսական ու քաղաքական կյանքում: «Թերեւս միակ ուրախացնող փաստը, որն էլ, ըստ էության, կախված չէ իշխանությունների վարքագծից, սպորտի բնագավառում որոշակի հաջողություններն են, ինչը խոսում է մեր քաղաքացիների տաղանդի մասին: Այնպես որ, եթե հավասարակշռության մեջ դնենք, 2009-ը ընդհանուր առմամբ մենք կարող ենք անվանել հասարակական-քաղաքական կյանքում չափազանց մեծ դեֆիցիտով տարի: Ձեռքբերումները, թվերի լեզվով եթե ասենք, կազմում են բացասական արդյունքի 50%-ից էլ պակաս մասը»,- նշեց Ա. Մինասյանը` որպես բացասական երեւույթ բառ անգամ չասելով քաղբանտարկյալների առկայության, խայտառակ քաղաքական դատավարությունների մասին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը 2009-ը համարում է ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններով հագեցած «շատ ծանր տարի»: «Բայց մի բան հստակ էր` բոլոր մարտահրավերների հետ կապված՝ իշխանությունները նախագահի գլխավորությամբ ցույց տվեցին բավականին լուրջ քաղաքական կամք: 2009թ.-ի բացասականը գլոբալ երեւույթն էր` տնտեսական ճգնաժամը, բայց այնուհանդերձ կարծում եմ` կառավարության հակաճգնաժամային գործողությունների արդյունքում մենք կարողացանք խուսափել վատագույն սցենարներից»,- նշեց Է. Շարմազանովը: Որպես 2009թ.-ի ներքաղաքական դրական երեւույթ՝ նա նշեց «համախմբվածության եւ երկխոսության ձեռքբերումը»: «Տեղի ունեցավ համաներում, նախագահը մի քանի անգամ հանդիպեց քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, քննարկեց տարաբնույթ խնդիրներ, ավելի ակտիվացավ Հանրային խորհուրդը, հասարակություն-իշխանություն երկխոսությունը ավելի ընդգրկուն դարձավ: Չկար որեւէ հարց, որի մասին իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, բաց չխոսեին, եւ դրա վառ ապացույցը նաեւ ՀՀԿ համագումարն էր, որտեղ նախագահը խոսեց շատ կարեւորագույն խնդիրների, անելիքների ու թերությունների մասին»,- ասաց Է. Շարմազանովը: Ըստ նրա՝ արտաքին քաղաքական կարեւորագույն իրադարձությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր: ՀՀԿ խմբակցության քարտուղարը Հայաստանի դիրքերի ամրապնդում համարեց նաեւ հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում համագործակցությունը: «Պատահական չէ, որ պարոն Բորդյուժան ՀՀ-ն համարել է ՀԱՊԿ-ի լոկոմոտիվ: Մենք խորացրել ենք նաեւ մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, պատահական չէ, որ Կոսովոյում ավելացավ մեր կոնտինգենտը, Աֆղանստանի հյուսիսում կլինի հայկական խաղաղապահների կոնտինգենտ, Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում Վերին Լարսի հետ կապված՝ եւ՛ ռուսական, եւ՛ վրացական լրատվամիջոցները փաստեցին, որ ՀՀ-ն ստանձնել է միջնորդի դեր: Համեմատության համար հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ երբ Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, թե ՀՀ-ն պատրաստ է Իսրայելի եւ Իրանի միջեւ միջնորդ հանդիսանալ, մենք տեսանք, թե ինչպիսի անհարմար վիճակում նա հայտնվեց, եւ թե միջազգային մամուլը ինչպես արձագանքեց (ոչ դրական): Իսկ այսօր արդեն ոչ թե ՀՀ-ն է դիմում, այլ ՀՀ-ին են դիմում միջնորդ լինելու համար այդ հարցում»,- ասաց Է. Շարմազանովը:
«2009 թվականը, իմ գնահատմամբ, վերջին 15 տարում ամենածանր տնտեսական տարին է եղել, եւ տնտեսական այն դժվարությունները, որ հանդիպեցին թե խոշոր, թե մանր եւ թե միջին ձեռնարկատերերը, իր դժվարությամբ աննախադեպ էր»,- սա էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատականն է: Խոսելով ԼՂ հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին՝ նա ասաց, որ 2009-ը հանգիստ տարի էր: «Կարծում եմ, արտաքին քաղաքականության առումով հանգիստ տարի ենք ունեցել, եւ հանգիստ խղճով ասում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքական համակարգը հնարավորինս արժանապատվորեն դիմակայել է արտաքին քաղաքական մարտահրավերներին: Եթե 2010թ.-ի ընթացքում այս գործողությունները տան իրենց տրամաբանական արդյունքները, ապա կարելի կլինի ասել, որ այս գործընթացներում մեր դերը եղել է արդարացված, իմաստավորված եւ հաջող: Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվի` Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները վավերացվեն վերապահումներով կամ պայմաններով, ապա ես կարծում եմ, որ մեր խորհրդարանը եւ մեր հիմնական քաղաքական ուժերը իրավունք կունենան խնդիրը բարձրացնելու նույնպիսի վերապահումներով կամ նույնպիսի պայմաններով` կատարելով ճիշտ պատասխան գործողություններ»,- վստահեցրեց Ա. Սաֆարյանը` հիշեցնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում եղել է երկու սկզբունք` կարգավորում առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում:
ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ 2009-ին ոչ մի ձեռքբերում չի եղել: «2009-ը ամենաանհաջող տարին էր մեր նորագույն պատմության մեջ 1991-1992թթ.-ից հետո: 2009-ին մեկ անգամ եւս իշխանությունը ցույց տվեց, որ ինքը ոչ մի կերպ չի ուզում հաշվի առնել հասարակության կարծիքը` լինի տնտեսության թե քաղաքականության մեջ, առօրյա կյանքում: Ինքը ինչպես որ որոշում է, ուժով իրականություն է փորձնում դարձնել իր ցանկությունները կամ տրամադրությունները: Իսկ 2010-ի համար, ապագայի համար որեւէ վստահություն ներշնչող քայլ չի արվել իշխանությունների կողմից: Քաղաքական առումով ավելի վատ էր, մեր` առանց այն էլ վարկաբեկված իմիջը կարողացանք հաջողությամբ էլ ավելի գցել, դա հատկապես դրսեւորվեց հայ-թուրքական հարաբերությունների պարագայում, երբ չկարողացանք հանդես գալ որպես ինքնուրույն ու որոշումներ կայացնելու ունակ պետություն»,- ասաց Վ. Խաչատրյանը: