Ճգնաժամի մեր բաժինը

25/12/2009 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ավարտվող տարվա հիմնական բնութագիրը տնտեսական ճգնաժամն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այն այս կամ այն տեսանկյունից վերաբերում է նաեւ մեզ: Հետեւաբար բարդ չէ ենթադրելը, որ 2009-ը ամփոփելու բոլոր տեքստերում ամենակիրառական հասկացությունը ճգնաժամն է լինելու: Հենց ճգնաժամի վրա են դուրս գրվելու տնտեսական ձախողումները: ՀՆԱ-ի երկնիշ անկումից մինչեւ պետբյուջեի թերակատարումը: Արդարանալու այս հնարավորությունը մեր կառավարությունը ձեռքից բաց չի թողնի: Բայց ավարտվող տնտեսական տարին դեռեւս ամփոփված չէ: Տնտեսության վիճակը նկարագրող թվերը հրապարակված չեն: Հետեւաբար՝ հնարավոր չէ վերլուծել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեր երկրի տնտեսության վրա: Բայց որոշակի ենթադրություններ կարելի է անել՝ հենվելով հրապարակված տվյալների վրա: Համաշխարհային ճգնաժամն իր բացասական ազդեցությունը թողեց մեր տնտեսության որոշակի հատվածի ու բնակչության կենսամակարդակի վրա` համարյա ամբողջությամբ: Լեռնամետալուրգիական ձեռնարկությունները թերեւս ամենաշատը տուժեցին: Հումքի գինն ու պահանջարկը նվազեցին միջազգային շուկայում: Էականորեն կրճատվեց նաեւ մեր արտահանման մյուս հիմնական ապրանքատեսակը` ալկոհոլային խմիչքները (հիմնականում կոնյակ-գինի): Նախորդ տարիներին սկսված անշեղ կուրսով անկում արձանագրեց նաեւ ադամանդագործությունը: Բայց այս ոլորտները բավական սահմանափակ քանակությամբ աշխատատեղեր էին ապահովում: Հետեւաբար՝ դրանցում արձանագրված բացասական գործընթացներն իրենց մասշտաբով հասարակական չէին: Տնտեսության ոլորտներից «ամենատուժածը» շինարարության ոլորտն է: Բայց այն չի կարելի միանշանակ դիտարկել որպես ճգնաժամի հետեւանք: Մի քանի տարի առաջ սկսված շինարարական բումը իրական որեւէ կապ չուներ մեր տնտեսության հետ: Այս ոլորտն ընդամենը մեր իշխանությունների ինքնասիրությունը շոյող պուպուշ մակրոտնտեսական ցուցանիշներ էր ապահովում: Բայց այս ոլորտի հետ տնտեսական լուրջ սպասելիքներ չկային: Ակնհայտ էր, որ շինարարությունը տնտեսության մյուս ճյուղերի համար լոկոմոտիվի դեր չի կատարելու: Փորձագետներից շատերն էին պնդում, որ շինարարության ծավալներն անհարկի ուռճացված են, եւ այս ոլորտը վաղ թե ուշ անկում է ապրելու: 2009-ին արձանագրված անկումը կարելի է ժամանակային առումով պատահական զուգադիպություն համարել: Միակ բացասական պահն այն էր, որ շինարարությունն իր մասշտաբներով լայնածավալ էր: Հետեւաբար՝ մեծ քանակությամբ մարդիկ զրկվեցին աշխատանքից: Մեր տնտեսության իրական հատվածում ամենամեծ չափաբաժին ունեցող ոլորտը` գյուղատնտեսությունը, համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը եթե արձանագրեց, ապա խիստ մեղմորեն: Կամ` քնքուշ, եթե կուզեք: Խնայողական ռեժիմի անցած սպառողը կարող է հրաժարվել նոր հագուստ կամ կոշիկ գնելու մտադրությունից: Կահույք գնելն էլ կարելի է հետաձգել: Բայց սնվելը` ոչ: Հետեւաբար՝ գյուղատնտեսությունը ճգնաժամը նույնիսկ չնկատեց: Հատկապես այն հատվածը, որ աշխատում է ներքին շուկայի համար: Իսկ արտահանման միտված հատվածի միակ խնդիրը խաղողի մթերումն էր: Ալկոհոլ արտադրող ձեռնարկությունները արձանագրել էին, որ արտաքին շուկայում կրճատվել են իրացման ծավալները: Փորձեցին «գցել» մթերման գները: Իշխանությունները խառնվեցին՝ մթերողներին բացատրելով, որ խաղողի այգին մի տարում վերականգնել հնարավոր չէ: Մթերումից հրաժարվելը տարիների խնդիր կդառնա ոչ միայն գյուղացու համար: Փոխզիջման տարբերակներ գտնվեցին: Ասվածից կարելի է ենթադրել, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստանի տնտեսությունը չնկատեց: Իրական տնտեսության համեստ ծավալների պատճառով: Փոխարենը՝ ճգնաժամի ազդեցությունն իր վրա զգաց բնակչությունը: Հատկապես այն պատճառով, որ այս տարի համեստ ծավալներ ուներ մեր արտահանման հիմնական «ապրանքատեսակը»` աշխատուժը: Ռուսաստանը ճգնաժամի պատճառով արտաքին աշխատուժի նկատմամբ բավական կոշտ քաղաքականություն է վարում: Արդյունքում էական նվազել են տրանսֆեր-օգնությունները, որոնց առյուծի բաժինը կատարվում է հենց Ռուսաստանից: Իսկ դա լրջորեն կրճատեց բնակչության գնողունակությունը եւ հանգեցրեց ներմուծումների ծավալի կրճատման: Զուգահեռաբար պետական բյուջեի կատարումը դարձավ անիրական: Հատկապես հարկային մուտքերի գծով: Անգամ ներքին տնտեսվարողների նկատմամբ կիրառվող խիստ հարկային քաղաքականությունը չկարողացավ փոխարինել դրան: Բյուջեն առավելագույնս ներքին տնտեսվարողների հաշվին կատարելու կառավարության անզուսպ ձգտումը իր բացասական հետեւանքները դեռ կդրսեւորի: Կդրսեւորի եկող տնտեսական տարում: Բայց դե հարազատ կառավարությունը արդարացում ունի: Համաշխարհային ճգնաժամի վրա ամեն ինչ կարելի է դուրս գրել: Անգամ միջազգային տնտեսության հետ կապեր չունեցող տնտեսության 20 տոկոսին ձգտող անկումը: