Այնուամենայնիվ՝ 1+1+1

25/12/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ավարտվում է Քրիստոսի ծնունդից հետո 2009-րդ տարին: Փաստի մեխանիկական արձանագրումը ոչինչ չի փոխում. այո՛, մեկ տարի էլ գլորվեց: Իսկ ավելի ճշգրիտ ձեւակերպմամբ` մեր բոլորի կյանքից անցավ եւս մեկ տարի, եւս մեկ հնարավորություն` ընկալելու, որ քեզ ընձեռված հնարավորությունը գիտակցաբար չօգտագործելը, գոնե քրիստոնեության տեսակետից, լուրջ մեղք է: Իսկ 2009-ը իշխանությունների կողմից հնարավորությունների կորստյան եւս մեկ տարի էր:

Հասարակության եւ իշխանության` վաղուց ընդհատված երկխոսությունը չկայացավ նաեւ այս տարի: Մինչ տասը մարդասպան ազատ շրջում են փողոցներով, իշխանության խոսնակն, ի լուր ամենքի, հայտարարում է, թե Մարտի մեկի էջը փակված է: Սա շատ կոնկրետ վերաբերմունք է մարդասպանների հանդեպ, ժեստ, քարտ բլանշ: Իշխանությունների մեծահոգի վերաբերմունքը մարդասպանների հանդեպ խիստ տարօրինակ է: Ստացվում է, որ միայն մարդասպանի ցանկությունից, «բարի կամքից» է կախված` կշարունակի՞ նա սպանել, թե՞ ոչ: Հասարակության արձագանքն էլ արդեն ադեկվատ չէ. Երեւանում, օրը ցերեկով, սպանել են գործարարի՞: Ուրեմն նա հանցավոր խմբի հետ հաշիվներ է ունեցել: Սպանել են բարձրաստիճան ոստիկանի՞: «Ինքն էլ էր հանցագործ: Արժանի էր»: Սպանել են տասը անմեղ քաղաքացիների՞: Քանի որ ի սկզբանե հայտնի էր, որ մարդասպաններին փնտրելու եւ, հետեւաբար, գտնելու ցանկություն չկա, ուրեմն կարելի է հաշտվել նաեւ այս իրականության հետ` հղում անելով ֆատալիզմին. «Ճակատագիր էր: Փամփուշտը գնաց ու նրանց ընտրեց` հազարավորների միջից»: Լուրջ մխիթարություն է նաեւ, որ փամփուշտն անձամբ ձեզ խնայել է:

Մի խոսքով, սպանությունը դադարել է համարվել իրադարձություն, ողբերգություն: Այն դարձել է մահացության ձեւերից մեկը:

Փոխարենը՝ մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Դատավարությունն ընթանում է օրենքի աննախադեպ ոտնահարումներով, սակայն չկա մի ատյան, մի ձեւ, որին դիմես` պետությունից պաշտպանվելու համար: Հույսը դնել սեփական անմեղության վրա կամ այն հիմնավորող անհերքելի ապացույցների վրա, ժամանակի վատնում է:

Կա մի քանի միջոց, որը պետությունն անուղղակիորեն առաջարկում է իր քաղաքացիներին` իր իսկ դեմ պայքարելու համար: Առաջինը կաշառքն է. կարելի է կաշառել չինովնիկներին, դատավորներին, ավելի բարձր պաշտոնյաների` հարցը օրենքի շրջանակներում լուծելու համար: Երկրորդ միջոցի կողմնակիցներն ավելի շատ են` լքել հայրենիքը եւ արտասահմանում նկարահանվել «Էմիգրանտները» ֆիլմում: Կարելի է Բենդերի նման ձեռքը թափ տալ, հաշտվել իրականության հետ եւ Ժէկի պետ դառնալ: Տաքարյունների վրա, ովքեր, որպես պայքարի միջոց, առաջարկում են տեռորը, պետությունը ծիծաղում է` քահ-քահ, քանի որ պետությունն ինքնադատաստանի, տեռորի մենաշնորհը վերցրել է իր ձեռքը: Օրենքը` որպես քիլլերի զենք, կիրառվում է կոնկրե՛տ թիրախի դեմ` ով ունի ինքնուրույն մտածելու եւ գործելու խիզախություն: Դա անթույլատրելի շռայլություն է. համակարգից դուրս գտնվել ոչ ոքի չի թույլատրվում: Սակայն ազատ լինել, անգամ 21 օր, իսկ հետո վերջ տալ կյանքին, պատրաստ են անգամ ցմահ դատապարտվածները:

«Նուբարաշեն» մեկուսարանից փախուստի դիմած եւ 21 օր ազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան: Մյուս դատապարտյալը` Մհեր Ենոքյանը, ձերբակալման պահին փորձել է դանակը մտցնել կոկորդը: Ինքնասպան լինել իրավապահները նրան թույլ չեն տվել. նրա կյանքը դժվարությամբ փրկել են: Նրանք, ովքեր թույլ չեն տվել, որ ցմահ դատապարտյալ եւ 21 օր ազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանն ինքնասպան լինի, դա արել են ոչ թե հումանիզմից, ոչ թե՝ մարդու կյանքը փրկելու, այլ այն դժոխային դարձնելու համար: Ցմահ ազատազրկվածների խցում: Նրանց հանդիպած իրավապաշտպանն ասում է, թե սարսափելին այն է, որ այդ մարդիկ կյանքի հանդեպ կորցրել են որեւէ հետաքրքրություն: Սակայն մեր երկրի առանձնահատկությունն այն է, որ կյանքի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է մեր քաղաքացիների մեծ մասը` գործարարները, գիտնականները, մյուսները: Այնպիսի զգացողություն է, թե այս երկրում քո կյանքն անիմաստ վատնվում է: Այդ զգացողությունը սրվում է հատկապես այժմ` Ամանորի եւ Սուրբ Ծնունդի շեմին:

Երկրի ղեկավարները գուցե լավ չե՞ն պատկերացնում իրականությունը: Մեր պետության եւ ժողովրդի համար վճռորոշ այս փուլում, երբ հասարակական աջակցությունն անասելի անհրաժեշտ է, չկա մեկը, ով օրվա մեջ մի քանի անգամ, ճիշտ է, բանավոր, սակայն ցանկություն չհայտնի թողնել այս անհասկանալի սկզբունքներով շարժվող երկիրն ու հեռանալ: Եվ ամենեւին պետք չէ ամեն բան բարդել համակարգի վրա: Չկա՛ նման բան. համակարգը մարդիկ են: Եթե կա լծակ եւ ցանկություն` հանել երկիրն այս վիճակից, փոխել փոխհարաբերությունների որակը, պիտի լինի գործողություն: Եթե երկրի նախագահը ցանկանա, որ երկրում չլինի ստվերային տնտեսություն, լինի տանելի համերաշխություն իշխանությունների եւ հասարակության միջեւ, նա կարող է դա անել: Սակայն նման անհրաժեշտությունը իշխանություններում չեն տեսնում: Հասարակությանը պարտադրված է պետությունից կախված լինելու տհաճությունը զգալ մշտապես: Օրվա բոլոր ժամերին:

Հասարակության վրա բարդել անտարբեր լինելու, կոռուպցիան հանդուրժելու մեղքը, արդար չէ: Հասարակությունը չի ցանկանում լինել խաբված, ստորացված: Սակայն օրինական դաշտում դրա համար պայքարելու հնարավորության բոլոր միջոցները սպառված են:

Այնուամենայնիվ, կյանքը (եւ այդ մասին վկայում է նաեւ Կուստուրիցան` իր նույնանուն ֆիլմում) հրաշալի է: Մի քանի օրից կնշենք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: Իսկ այս տոները նշանակում են, որ մեզ տրված է նոր հնարավորություն: Որից գուցե հաջո՞րդ տարի օգտվենք: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: