Վաճառում է

25/12/2009

Դանիիլ Խաչատուրովը պատրաստվում է «Ռոսգոստրախ» ՍՊԸ-ին (51%) եւ ԹՁը-ին (49%) վաճառել վերջերս գնած «Կապիտալ ստրախովանիե»-ն: Վաճառքի գինը չի հրապարակվում, սակայն, փորձագետների կարծիքով, «Կապիտալ ստրախովանիե»-ի արժեքն այսօր 300 մլն դոլար է: Ըստ «Վեդոմոստի» թերթի` 2008թ. օգոստոսին Խաչատուրովը եւ իր գործընկերները, որոնց անունները նա չի բացահայտում, «Կապիտալ ստրախովանիե»-ն նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունից գնել էին 500 մլն դոլարով: «Ռոսգոստրախ» ՍՊԸ-ն պատկանում է Խաչատուրովին ու նրա գործընկերներին: 2010թ. հունվարի 1-ից այս ընկերության հիմքի վրա պետք է միավորվեն «Ռոսգոստրախ» խմբի 10 ռեգիոնալ ընկերություններ: Ժամանակի ընթացքում «Ռոսգոստրախ» ՍՊԸ-ն պլանավորում է միավորվել «Ռոսգոստրախ» ԲԲԸ-ի հետ, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը: Այժմ «Ռոսգոստրախ»-ը բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման գործընթացի մեջ է: Լրացուցիչ թողարկման (ծավալները գնահատվում են 30 մլրդ ռուբլի, շուրջ 1 մլրդ դոլար) արդյունքում պետության բաժինը վերահսկիչ փաթեթից կնվազի մինչեւ 13.1%:

«Կապիտալ ստրախովանիե»-ի վաճառքը շատերը կապում են հենց այս գործընթացի հետ` շեշտելով, որ Խաչատուրովը միջոցներ է հավաքում` «Ռոսգոստրախ»-ի նոր եւ պետությանը պատկանող բաժնետոմսերը ձեռք բերելու համար: Գարնանը Խաչատուրովը եւ ընկերները «Ռոսգոստրախ»-ի աշխատակիցներին կառաջարկեն գնել ընկերության 10% բաժնետոմսերը։ Վաճառքն իրականացվելու է լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման գնով: