Հանրապետության 50 դպրոց-կենտրոններում, ինչպես նաեւ ՀՀ Կրթության ազգային
ինստիտուտի մարզային մասնաճյուղերում արդեն հոկտեմբերից սկսվելու է
մանկավարժների վերապատրաստման գործընթացը: Մինչ այդ վերապատրաստվելու է
մանկավարժներին ուսուցանող դասախոսական կազմը, որի անդամներն ընտրվելու են
մայրաքաղաքից եւ տվյալ մարզից: Դասախոսական կազմն ընտրվելու է մրցութային
կարգով: «Այդ ծրագիրն ուզում ենք 2 նպատակի ծառայեցնել՝ նախ՝
վերապատրաստել ուսուցիչներին եւ զարգացնել մարզում առկա դասախոսական
պոտենցիալը: Կաշխատենք վերապատրաստումների մեջ ընդգրկել հնարավորին չափ
շատ ուսուցիչներ»,- վստահեցրեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն
Վիկտոր Մարտիրոսյանը: Մանկավարժների վերապատրաստման ծրագիրը նախատեսվում է
իրականացնել 3,5 տարվա ընթացքում: Այն իրագործվելու է Համաշխարհային բանկի
կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին: