Ինչ է ազում եզդի կանանց լռությունը

25/12/2009

Հարգելի ընթերցող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) ձեր ուշադրությանն է ներկայացնում իր «Հարեւաններ» նախագծի շրջանակներում պատրաստված արդեն հինգերորդ ներդիրը: Նախագծի թղթակիցները այս համարում ներկայացնում են երկու հարեւան երկրներում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան ու խնդիրները: Հոդվածները պատմում են Հայաստանում հայտնաբերված ամենահին հրեական դամբարանի ու Ադրբեջանում բնակվող հրեական լեռնային գյուղի մասին, ներկայացնում են երկու երկրներում բնակվող մոլոկանների պատմությունները: Ներդիրը փորձում է բացահայտել, թե ինչի՞ մասին են լռում Հայաստանում բնակվող եզդի կանայք, եւ ինչո՞ւ են հայաստանցի ասորիները դժգոհ իրենց մայրենի լեզվով հեռարձակվող հաղորդաշարից, ինչո՞ւ այս երկու փոքրամասնությունները տեր չեն կանգնում իրենց մայրենի լեզուներին, ի՞նչ խնդիրներ ունեն Ադրբեջանում բնակվող լեզգիներն, ու ինչպե՞ս են Ադրբեջանում բնակվող թաթարները նշում իրենց ազգային տոներից մեկը:

Հոդվածների հեղինակները երիտասարդ լրագրողներ են Հայաստանից ու Ադրբեջանից: «Հարեւաններ» նախագծի շրջանակներում նրանք մասնակցում են վերապատրաստման դասընթացների ու համատեղ ուժերով ներդիր թողարկում, որը տպագրվում է հայերեն ու ադրբեջաներեն, համապատասխանաբար` Հայաստանում ու Ադրբեջանում: «Հարեւաններ» նախագիծը IWPR-ի հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորում է Բրիտանական կառավարությունը:

Ներդիրի ու դրանում տպագրված հոդվածների վերաբերյալ ձեր կարծիքները կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել 53-92-04 հեռախոսահամարով:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ

Հեղինե ԱՍՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Հայաստան

Եզդիների ընտանիքներում դժվար է հանդիպել իր իրավունքների մասին խոսող կնոջ: «Կինը պիտի հարգանքով լինի, երբ տղամարդը ներս է մտնում, ոտքի կանգնի…»,- ասում է Ջրաշեն գյուղի եզդիների հոգեւոր առաջնորդի կին Փորսուրը: Այս ամենը նրանք գիտեն դեռ մանկուց: Փորսուրը երրորդ դասարանում էր, երբ ծնողները որոշեցին, որ պետք է տանը մնա եւ եզդի կնոջը հատուկ պարկեշտությամբ եւ լռակյացությամբ դաստիարակվի: Հիմա երեք երեխաների մայր Փորսուրը 23 տարեկան է: Ամուսնու հետ ծանոթացել է մի բաժակ ջուր մատուցելիս. ըստ ազգային ավանդույթի՝ աղջիկն իրեն տեսնելու եկած տղային պետք է մի բաժակ ջուր հրամցնի: Ընդ որում` տղան չպետք է խոսի աղջկա հետ:

Փորսուրի ամուսինը լավ է հիշում այն օրը, երբ ապագա կնոջը «հավանելու» էր գնացել. «Փորսուրենց տանն այդ օրը շատ հյուրեր կային, բոլորը գիտեին, թե ինչի համար եմ եկել: Նստած էին հայրս, մայրս, շեյխերը, շատ մեծահասակներ, եւ ես բոլորի ներկայությամբ ամոթից կարմրած այտերով խմեցի ջուրը»: Սակայն Փորսուրի ամուսինը չի ուզում, որ իր աղջիկն այս նույն ավանդույթի համաձայն ամուսնանա: Ասում է` մինչ ամուսնանալն անպայման թույլ է տալու զրուցել, որպեսզի պատկերացում կազմի, թե ում հետ է կապելու կյանքը: Երիտասարդ ամուսիններն իրենց երեխաներին եզդիների ավանդույթները փոխանցելուց բացի, նաեւ ժամանակակից կյանքին են պատրաստում: Նրանք ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները կյանքից հետ չմնան. երեխաները հաճախում են մանկապարտեզ, արդեն սկսել են անգլերեն տառերն ուսումնասիրել: Փորսուրենց տան հարեւանությամբ ապրող 15 տարեկան Ասյան, ի տարբերություն գյուղի մեծահասակ կանանց, գլխաշոր չի կրում: Նա համոզված է` իր ամուսնուն էլ «մի բաժակ ջուր» տալով չի ընտրելու: 2 տարի շարունակ Ասյան բոլորից գաղտնի հանդիպում էր սիրած տղայի հետ. լավ ու վատ օրեր են եղել, հաճախ են վիճել ու նորից հաշտվել, իսկ արդեն մի քանի ամիս է՝ նրանք նշանված են: «էլ գաղտնի չենք հանդիպում»,- ասում է Ասյան: Սովորաբար գյուղերում ավանդույթներն ու բարքերն ավելի խիստ են պահպանվում: Ազատ կյանքով ապրելու համար Ասյան ու իր նշանածը որոշել են ամուսնանալուց հետո մեկնել արտասահման: «Ինչի՞ մենք չենք կարա շալվար հագնենք, ընտրենք մեր երազած մասնագիտությունը, ինքնուրույն լինենք: Գյուղում մի աղջիկ ունենք, ով չի հետեւում մեր ավանդույթներին ու շատ ազատ ա հագնվում, մարդիկ եզրակացություններ են անում, թե մեկի հետ փախել, հետ ա եկել ու էլի նման բաներ: Նրա անունն արդեն դուրս ա եկել»,- պատմում է նա` նկատի ունենալով, որ գյուղում ասեկոսեներ են տարածված այդ ազատամիտ աղջկա մասին: Որպեսզի իր անունն էլ «դուրս չգա», Ասյան հրաժարվել է մանկության երազանքից` բալետի պարուհի դառնալուց. «Մինչեւ հիմա էլ, երբ ինձ պատկերացնում եմ այդ շորերով պարելիս, մի տեսակ ավելի քաղցր ա դառնում կյանքը»: Այնուամենայնիվ, չնայած այս խիստ բարքերին, Ասյան ուրախ է, որ եզդի է, քանի որ իրենք շատ համախմբված են, միասին կիսում են ուրախություններն ու տխրությունները: Բացի այդ, եզդիների ընտանիքներն ավելի ամուր են, ամուսնալուծություններ հազվադեպ են լինում:

Ի տարբերություն ավելի տարեցների` երիտասարդ սերունդն ընտանիքում ավելի մեծ տեղ է տալիս կնոջը: ԵՊՀ ուսանող, ապագա իրավաբան Խդրը, ով իր եղբոր կնոջ ձայնը նրանց ամուսնության 9 ամիսների ընթացքում մի անգամ է լսել, կարեւորում է կնոջ կիրթ եւ բազմակողմանի զարգացած լինելը. «Ես ուզում եմ, որ իմ ապագա կինը յուրաքանչյուր երեւույթի մասին ունենա իր ուրույն կարծիքն ու ազատորեն արտահայտի այն: Երբեք նրան չեմ արգելի բարձրագույն կրթություն ստանալ եւ որեւէ բնագավառի լավ մասնագետ դառնալ»: Խդրը համոզված է, որ եզդի ազգը մի օր պետություն է ունենալու, եւ կարծում է, որ պետության ստեղծման ճանապարհին կանայք մեծ անելիքներ ունեն…