Անահիտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, Հայաստան
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից մեկի` մոլոկանների նոր սերնդի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են միանշանակ ընդունել իրենց սովորությունները, որոնց դարեր շարունակ անվերապահորեն հետեւել է ամեն մի մոլոկան: Որպեսզի ամուր պահեն իրենց ավանդույթները` Հայաստանում բնակվող 5000 մոլոկանները շատ քիչ են շփվում հայերի ու մյուս ազգերի ներկայացուցիչների հետ: Դպրոցում ես սովորում էի ազգությամբ մոլոկան մի տղայի` Սերգեյ Սանդիկովի հետ: Այն ժամանակ նա էլ չէր շփվում հայ դասընկերների հետ:
«Սկզբում հայերի հետ շփվելն ինձ համար իսկապես դժվար էր,- հիշում է նա: -Դասերս էլ լավ չէի սովորում, ամեն ցածր գնահատականից հետո ավելի էի հիասթափվում»: Սակայն հիմա, երբ նա ավարտել է դպրոցն ու հաշվապահի մասնագիտական կրթություն ստացել, շնորհակալ է հորը, ով շատ մոլոկան ծնողների նման՝ չի ստիպել իրեն եւ եղբորը կիսատ թողնել միջնակարգ կրթությունը. «Բարեբախտաբար հայրիկս շատերի պես ավանդապաշտ չէր ու մեզ չստիպեց դպրոցից դուրս գալ եւ աշխատել: Սովորելու ընթացքում ես լրիվ կերպարանափոխվեցի, ավելի ազատ ու շփվող դարձա, լեզվի հետ կապված խնդիրներն էլ ժամանակի ընթացքում վերացան»:
Հիմա Սերգեյը նույնիսկ հայ ընկերներ ունի, ինչը հազվադեպ երեւույթ է մոլոկանների շրջանում: Ընկերոջ` Հովհաննեսի խոսքերով` նա շատ նվիրված ու սրտաբաց ընկեր է, ու ինքը իրենց բնավորություններում երբեք էական տարբերություններ չի նկատել:
Արդեն 5 ամիս է` Սերգեյը վերադարձել է բանակից: Թեպետ մոլոկանները հիմնականում հրաժարվում են ծառայությունից, նրա կարծիքով՝ բանակից խուսափելը վայել չէ տղաներին. «Ես ուզում էի տղամարդու նման ծառայել: Բանակում իսկապես շատ մեծացա, ճիշտ են ասում, որ այնտեղ տղամարդ են դառնում: Ծառայությունից հրաժարվելը անիմաստ սովորույթ է, ինչպես եւ մեր սովորույթներից շատերը»:
«Կյանքն առաջ է գնում, իսկ մեզնից շատերը փորձում են թույլ չտալ անգամ հեռուստացույցի ու համակարգչի մուտքը բնակարաններ. այդպես մոլոկանները ոչ թե իրենց ազգային ինքնությունն են պահպանում, այլ ետ են մնում աշխարհից»,- դժգոհում է Սերգեյը:
Հայաստանում ապրող մոլոկանները ռուս քրիստոնյաներ են, պարզապես յուրովի են մեկնաբանում Աստվածաշունչը: Ըստ ավանդության` նրանց մոլոկան են կոչում, որովհետեւ պաս օրերին կաթ խմելու սովորույթ ունեն (molokane-moloko` ռուսերեն կաթ): 1830-ական թվականներին Ռուսաստանի Կայսրության առաջնորդ Նիկոլայ 1-ինի հրամանով նրանց մի մասը, որպես քրիստոնեական աղանդի ներկայացուցիչներ, վերաբնակեցվել են Անդրկովկասում: Մոլոկանները չեն սիրում նորամուծություններ եւ փորձում են հավատարիմ մնալ իրենց սովորույթներին, որոնք փոքր-ինչ տարօրինակ են թվում ոչ միայն հայերին, այլեւ մոլոկանների նոր սերնդին: Մոլոկան տատիկներն ու պապիկները ամենաավանդապահն են, ամեն կիրակի նրանց ղեկավարությամբ բոլոր մոլոկանները կրոնական հավաքների են գնում, Աստվածաշունչ կարդում: Օրվա ընթացքում պարտադիր մի քանի անգամ թեյ են խմում, իսկ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ խոզի միս, նրանց արգելված է օգտագործել:
Տղամարդիկ 45 տարեկանից սկսած մորուք են պահում եւ երբեք այն չեն սափրում, որովհետեւ հավատացած են, թե դա դժբախտություն է բերում: «Ես պարզապես հետաքրքրության համար սկսեցի մորուք պահել, բայց այլեւս ետդարձ չկա»,- ասում է Սերգեյի հայրիկը` Իվան Սանդիկովը: Իսկ Սերգեյը համոզված է, որ ինքը ոչ մի դեպքում մորուք չի պահի. «Անիմաստ բան է, եւ հետո դա ճաշակի հարց է»:
Մոլոկանների ավանդույթն արգելում է նրանց ամուսնանալ հայերի հետ, բայց Սերգեյի քույրը` Մարիան, սիրահարվել ու փախել էր հայ տղայի հետ: Հարազատները գրեթե դադարեցրել են շփումը նրա հետ, հիմա նա հայ ընտանիքում է ապրում, նրանց կենցաղով: Բայց Սերգեյն այս ամենին այնքան էլ վատ չի վերաբերվում եւ ժամանակ առ ժամանակ զանգահարում է նրան: «Սրտին չես հրամայի, ես էլ մի ժամանակ սիրահարվել էի մի հայ աղջկա, նույնիսկ ընկերություն ենք արել, հետո հասկացանք, որ շատ տարբեր մարդիկ ենք: Բայց կինս անպայման մեր ազգից պետք է լինի` մեր այս սովորության հետ ես համաձայն եմ,- ասում է Սերգեյն ու հավելում,- Ես ինքս եմ ուզում որոշել` որ ավանդույթին հետեւել, որին` չհետեւել, ու ոչ թե մյուս մոլոկանների նման առանց մտածելու կատարել ցանկացած ավանդույթ»: