Սամիրա ՀԱՍԱՆԼԻ
անկախ լրագրող, Ադրբեջան
Ադրբեջանի հյուսիսում գտնվող Մուկտադիր ավանը այն վայրերից մեկն է, որտեղ կոմպակտ բնակվում են լեզգինները: Այստեղ ապրում է ավելի քան 5000 մարդ, մեծամասնությունը` լեզգինները: Մուկտադիրի մեկ միջնակարգ դպրոցի ադրբեջաներենի 58-ամյա ուսուցչուհի Գյուլեսեր Խանմետովան ասում է, որ դպրոցում երկու բաժին կա` ադրբեջանական եւ ռուսական. «Լեզգինները հիմնականում սովորում են ռուսական սեկտորում, ադրբեջանականում նրանք շատ քիչ են: Այդ պատճառով լեզգիերենը դասավանդվում է միայն ռուսական սեկտորում` առաջինից իններորդ դասարաններում»:
30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող տարրական դասարանների ուսուցչուհի 52-ամյա Գյոզել Սեյսեդովան բողոքում է դասագրքերի բացակայությունից. «Մենք միայն 1-ին եւ 2-րդ դասարանների դասագրքեր ունենք: Ավագ դասարանների համար դասագրքեր չկան, ուսուցիչները դասերն անցկացնում են իրենց իսկ հայթայթած աղբյուրներից քաղած տեղեկությունների հիման վրա: Օրինակ` Դաղստանի գրադարաններից գրքեր ենք բերում, կամ էլ օգտագործում ենք «Սամուր» լեզգինական թերթի նյութերը»:
«Չի Ռագ» (Մեր արեւ) ամսագրի գլխավոր խմբագիր, լեզվաբան Գյուլբես Ասլանխանլին նշում է, որ նախկինում դպրոցը գրքեր էր ստանում Դերբենտից ու Մախաչկալայից. «Արդեն 4 տարի է` դա դադարեցվել է, որովհետեւ ռուսական ծրագիրը տարբերվում է մեր ծրագրից: Հիմա լեզգիերենի ուսուցումը դարձել է խնդիր, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպես այն լուծել: Չեմ կարծում, որ դասագրքերը պետք է բերվեն Դաղստանից, ինչպես դա առաջ էր արվում: Հակառակը, այդ գրքերում շատ սխալներ կային, այդ թվում`քերականական: Ուղղակի անհրաժեշտ է լեզգիերենի դասագրքեր տպագրել Ադրբեջանում»: Սեյսեդովան նույնպես կարծում է, որ դասագրքերը պետք է տպագրվեն երկրի ներսում. «7-8 տարի առաջ մի խումբ մարդիկ փորձեցին կազմել ու տպագրել 3-րդ դասարանի դասագիրք: Սակայն միջոցների անբավարարության պատճառով չկարողացան ավարտել այդ գործը»:
Ուսուցչուհին հավելում է, որ դպրոցում նաեւ լեզգիերենի մասնագիտացված ուսուցիչների պակաս կա: «Լեզգիերենի շատ ուսուցիչներ մասնագետներ չեն: Ուղղակի գիտեն լեզուն եւ փորձում են սովորեցնել երեխաներին այն, ինչ գիտեն: Նույնիսկ ես 1991-ից մինչեւ 2001 թվականները դասավանդում էի լեզգիերեն, չնայած մասնագիտությամբ տարրական դասարանների ուսուցչուհի եմ»,- նշում է Սեյսեդովան: Ասլանխանովան սա բացատրում է նրանով, որ չկան բուհեր, որոնք լեզգիերենի դասավանդման համար կադրեր պատրաստեն. «Նախկինում գործում էր Դաղստանի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղը, որտեղ լեզգիերեն լեզվի մասնավոր ֆակուլտետ կար: Սակայն այն գոյատեւեց մի քանի տարի եւ փակվեց` ոչ եկամտաբեր լինելու պատճառով: Նույնանման ֆակուլտետ կար Գուսարի շրջանում գտնվող մանկավարժական տեխնիկումում, սակայն դա էլ փակվեց»:
Լեզգիերենի պահպանման համար անգամ դասընթացներ գոյություն չունեն: Սեյսեդովան ասում է` 2005 թվականին Բաքվում սկսեցին լեզգիերենի մասնավոր դասընթացներ անցկացվել, որոնք գոյատեւեցին ընդամենը մեկ տարի. «Այդ ընթացքում 25 երիտասարդներ դարձան այդ դասընթացների շրջանավարտներ: Սակայն, ավաղ, դասընթացները չհաջողվեց շարունակել»:
Կրթության բացի խնդիրը փորձում են լուծել լեզգիերենով լրատվամիջոցները: Լեզգիերենով տպագրվում է երկու թերթ` «Սամուր» անկախ թերթը եւ Գուսարի շրջանի գործադիր մարմնի «Գուսար» պաշտոնաթերթը: Բացի այդ, գոյություն ունեն լեզգինական վեբ կայքեր` www.lezgiya.net, www.kavkazci.net, www.kusar.com: «Չի Ռագ» ամսագիրը լույս է տեսնում 2009 թվականի հուլիսից: «Շատ դժվարություններ կային, հիմնականում` նյութական: Բայց մենք հասանք նրան, որ ամսագիրը հրատարակվի, որն արդեն իսկ լեզգիերեն լեզվի, լեզգինների մշակույթի եւ ավանդույթների պահպանման գրավական է»,- ասում է գլխավոր խմբագիր Ասլանխանլին:
1993 թվականից Ադրբեջանի Հանրային Ռադիոկայանում գործող լեզգիերեն լեզվով հաղորդումների խմբագրությունը շաբաթական երկու անգամ լեզգիերենով հեռարձակում է նորությունների ծրագիր: «Բայց այդ հաղորդումը ո՛չ Դաղստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում ապրող լեզգինները չեն կարողանում լսել»,- բողոքում է Գյուլբես Ասլանխանլին: Ռադիոհաղորդումների խմբագիր Ռուսլան Շեյդաեւը նշում է, որ հաղորդումը չի հեռարձակվում FM հաճախականությամբ. «Պատճառն այն է, որ հաղորդումը հեռարձակվում է կարճ եւ միջին ալիքներով, ծայրամասերում դժվար է այն որսալ: Ես բազմիցս այդ հարցով դիմել եմ ղեկավարությանը: Սակայն, ավաղ, մեզ առայժմ չեն տեղափոխում երկար ալիք»:
Հեռուստատեսությամբ լեզգիերենով հաղորդումներ ընդհանրապես գոյություն չունեն: «Վատ չէր լինի, եթե գոնե շաբաթական կես ժամ լեզգիերեն լեզվով հաղորդում դիտեինք: Չէ՛ որ Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքները հեռարձակվում են ադրբեջաներենով` օրը 24 ժամ»,- ասում է Ասլանխանլին: