Էդգար ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, Հայաստան
Իսրայելից դուրս գտնվող հրեական պատմական ամենահին դամբարանը Հայաստանում է: Այս մասին Հայաստանի եւ Երուսաղեմի հնէաբաններին հիմք են տվել պնդելու Վայոց Ձորի Եղեգիս գյուղի հրեական դամբարանում անցկացված երեք տարվա պեղումները: Երկուսուկես հեկտար տարածք զբաղեցնող հրեական գերեզմանատունը, որը վկայում է հայ-հրեական հնամյա հարաբերությունների մասին, տասներկու տարի առաջ հայտնաբերել է Սյունիքի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը: 1997-ի աշնանը նա տապանաքարերից մի քանի լուսանկարներ է ուղարկել Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունին, ով լուսանկարներում գերեզմանաքարերի վրա եբրայերեն արձանագրությունները տեսնելով` 1998-ին այցելել է Հայաստան եւ սկսել ուսումնասիրել գերեզմանատունը: «Երկու ժողովուրդների համար էլ հայտնագործության կարեւորությունը բխում էր մի փաստից. մինչեւ այս ընդունված էր համարել, որ միջին դարերում Հայաստանում հրեական համայնք գոյություն չի ունեցել»,- նշում է պրոֆեսոր Սթոունը դամբարանի պեղումների վերաբերյալ իր զեկույցում:
64 դամբարանների վրա եղած արձանագրություններից ամենահինը 1266 թվականի է, ամենանորը` 1336/7 թվականների: Պեղումների ժամանակ մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գերեզմանատանը հուղարկավորված մարդիկ հարուստ են եղել եւ հավանաբար սերտ հարաբերություններ են ունեցել հայերի հետ: Տապանաքարերի վրա երեւում է, որ հրեաները օգտագործել են հայկական զարդանախշային տարրեր` ընտրելով հրեականին համահունչը: Հայկական կողմից արշավախմբի ղեկավար, Հնագիտության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանը կարեւորում է այս փաստը: «Պեղումները թույլ են տալիս փաստագրել, որ այստեղ 9-15-րդ դարերում զարգացած է եղել խեցեգործությունը եւ դարբնությունը: Տարածքում հայտնաբերվել են դրոշմազարդ կարասներ, կճուճներ, գավաթներ, սափորներ, ջրամաններ, ճրագամաններ, դրամներ»,- ասում է հնագետը:
Հնէաբանները հակված են մտածելու, որ Եղեգիսի հրեական համայնքը կազմավորվել է 1103-ին սելջուկ հարձակումներից եւ դրանց հետեւող պատերազմներից փախուստ տված մարդկանցից: «Նրանք անվտանգ վայր են գտել Հայաստանի այդ տարածքում, բայց մեկուսացված կյանք չեն վարել, այլ փորձել են կապեր հաստատել կովկասյան այլ վայրերում եւ հարեւան Իրանում ավելի վաղ կազմավորված հրեական համայնքների հետ»,- նշում է Սթոունը:
Այժմ Հայաստանում հրեական համայնքը մոտ 300 ընտանիք է (900 հրեա): Նրանք հիմնականում ապրում են մայրաքաղաք Երեւանում, ամուսնությունները խառն են: Մեկ այլ վարկածով` բնակավայրը ոչ շատ հեռու է գտնվում Մետաքսի ճանապարհի մաս կազմող Սելիմի իջեւանատնից, եւ ենթադրվում է, որ հենց այդ ճանապարհն էլ պատճառ է դարձել, որ հիմնվի այս բնակավայրը: «Հայերն ու հրեաները լավ հարաբերությունների մեջ են եղել, ու հիմա էլ այդպես է: Դամբարանի հայտնագործումը մի բան է ապացուցում` հայերը չեն ոչնչացրել այս կոթողը, այլ լավ պահպանել են, ազգամիջյան բախումներ չեն եղել, ինչը տոլերանտ ազգի մասին է խոսում»,- ասում է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Բացի տապանաքարերից` համայնքի մասին այլ վկայություններ չկան, ինչը կստիպեր ենթադրություններ անել համայնքի ծագման եւ այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են հրեական համայնքի անհետացմանը: Դամբարանը հետազոտող հնագիտական արշավախմբի աշխատանքները սկզբում` 2000-2003-ին հովանավորել են հրեական մի քանի կազմակերպություններ: Պատմական հնավայրի պահպանումն ու դամբարանի սահմանապատնեշի վերակառուցման աշխատանքները ստանձնել է ՀՀ Մշակույթի նախարարությունը` 2008-ին կառավարության հատկացրած գումարներով: Վարժապետյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հնագույն բնակավայրի բարեկարգման համար հատկացրել է 60 հազար դոլար: Կոթողը նաեւ Կառավարության կողմից հաստատված մշակութային հուշարձանների ցանկում է: Այսօր պետական պահպանության ենթակայության տակ են գտնվում 24 հազար պատմամշակութային կոթողներ, որոնցից 50-ը պատկանում են տարբեր ազգային փոքրամասնությունների:
Կառավարության միջոցներով դամբարանի տարածքը հիմա ամբողջությամբ ցանկապատված է, հսկումը` վստահված գյուղի տարեցներից մեկին: Տեղադրված են նաեւ տարբեր լեզուներով տեղեկատվական վահանակներ: «Պետությունն անչափ կարեւորում է պատմամշակութային կոթողների պահպանությունը` անկախ ազգային պատկանելությունից: Միշտ հետեւում ենք, որ այդ կոթողները լավ պահպանվեն, միջոցներ են հատկացվում եւ աշխատանքներ են տարվում, որ հները պահպանվեն եւ նորերը հայտնաբերվեն»,- ասում է ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը: