Սաբինա ՎԱԳԻՖՔԶԻ
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից, Ադրբեջան
Անցնելով Բաքվից մոտ 200 կիլոմետր դեպի հյուսիս տեղակայված Կրասնայա Սլոբոդա ավանի միջով` հարուստ բնակելի շինությունների կողքին միանգամից աչքի են զարնում հրեական շատ գեղեցիկ եկեղեցիները` սինագոգները:
Արդեն տասնհինգ տարի Կրասնայա Սլոբոդայի լեռնային հրեաների կրոնական առաջնորդ Բորիս Սիմանդուեւը պատմում է, որ Կրասնայա Սլոբոդա ավանի տասներեք սինագոգներից միայն ութն են պահպանվել: Ներկայում գործում են միայն երկուսը: Սիմանդուեւն ասում է, որ շատ սինագոգներ վերանորոգման կարիք ունեն, առայժմ միայն մեկ սինագոգ է ամբողջովին վերանորոգված: Ավանի համայնքը սեփական ուժերով է վերականգնել այն տասնչորս տարի առաջ: «Գիլկատի» անվանումով այդ սինագոգը միակն է ավանում, որը կառուցված է վեց խորանարդների վրա: Կրոնական առաջնորդը բացատրում է, որ այն կառուցվել է վեց խորանարդների վրա, քանի որ հրեաները վեց օրվա ընթացքում են հասնում այստեղ: Սիմանդուեւի խոսքերով`պատմության մեջ դեռեւս չի եղել մի դեպք, որ ադրբեջանցիները կրոնական կամ էթնիկական բնույթի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերեն իրենց նկատմամբ:
Լեռնային հրեաները հաստատվել են Արեւելյան Կովկասում, հիմնականում` Ադրբեջանում ու Դաղստանում: Ադրբեջանի լեռնային հրեաները կոմպակտ բնակվում են «Կարմիր ավանում»: Այդ ավանում, որի բնակչության 99%-ը կազմում են հրեաները, ապրում են նաեւ ադրբեջանցիներ եւ լեզգիններ: Կրասնայա Սլոբոդայում ծնված ու մեծացած եւ երբեք Իսրայելը չտեսած բնակիչները իրենց երեխաներին ծանոթացնում են իրենց պատմական հայրենիքին միայն տեսաժապավեններով: Սակայն նրանք չեն հուսահատվում: Իսրայելից հեռու գտնվող այս ավանում հիմնավորված լեռնային հրեաների համար Ադրբեջանը նույնպիսի հայրենիք է, ինչպես Իսրայելը:
Ի տարբերություն Բաքվում բնակվող լեռնային հրեաների սինագոգի` Կրասնայա Սլոբոդայի սինագոգներում չկան կանանց համար հատկացված տեղեր: Նրանք սինագոգ են այցելում միայն տոն օրերին: Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավարի տեղակալ Սեմյոն Շալմեեւն ասում է, որ չնայած լեռնային հրեաների Բաքվի սինագոգում կանանց հատուկ տեղեր են հատկացված, նրանք ամեն օր չեն գալիս սինագոգ:
Կրասնայա Սլոբոդայում բազում հետաքրքիր ավանդույթներ կան: Ավանի փողոցներում ոչ մի աղջկա չես հանդիպի: Կանանց կարելի է հազվադեպ տեսնել խանութի ճանապարհին: Ավանի բնակչուհի Աիդա Աղարունովան ասում է`այստեղ ընդունված չէ, որ չամուսնացած աղջիկները փողոց դուրս գան: Տեղի աղջիկներին հազվադեպ է հաջողվում բարձրագույն կրթություն ստանալ: Իսկ տղաներն ամուսնանում են նրանց հետ, ում հավանել են դպրոցում, կամ հարսանիքների ժամանակ. «Հաճախ հարսանիքների ժամանակ մեծերն իրենց որդիներին ցույց են տալիս իրենց հավանած աղջկան: Եթե նա դուր է գալիս տղային, նրանց ամուսնացնում են»:
Ավանի 52-ամյա բնակիչ Իլազար Խուդազատովն ասում է, որ վերջին տարում բնակչության թիվը կրճատվել է, եւ դրա պատճառը գործազրկությունն է. «Աշխատատեղեր չկան: Եթե հիմա էլ նման օբյեկտներ գործեին, տղամարդիկ չէին թողնի իրենց ընտանիքներն ու մեկնեին Ռուսաստան` փող աշխատելու»:
Կրասնայա Սլոբոդայում շատ տղամարդիկ կան, ովքեր թեյարանում (չայխանա) նստած նարդի են խաղում: Նրանց մեջ ադրբեջանցիներ էլ կան: Դաղլի գյուղի բնակիչ, ադրբեջանցի Էլյար Ռամազանովն ասում է, որ հաճախ է գալիս հրեական ավան: Նրան դուր է գալիս լեռնային հրեաների հետ չայխանայում նստել ու նարդի խաղալ: Ադրբեջանական գյուղերն ավանից բաժանում է Գուդյալչայ գետը: Ավանում ապրող մահմեդականները, որոնց կարելի է մատների վրա հաշվել, կրոնական արարողություններին մասնակցելու նպատակով մզկիթ գնալու համար` ստիպված են անցնել գետը, քանի որ ավանում մզկիթ չկա: Գուդյալչայ գետն անցնող եւ դեպի ավան գնացող ադրբեջանցիների մեջ կան նաեւ երեխաներ: 14-ամյա Փարվիզ Էմիրբալաեւն այստեղ է գալիս գետի մյուս ափին գտնվող Դաղլի գյուղից. «Մենք այստեղ գործով ենք գալիս. առեւտրով ենք զբաղվում: Մեր այգիներում աճեցրած տանձն ու մոշը հավաքում ենք դույլերով ու վաճառում այս ավանում»: Փարվիզին ավանում ամենից շատ դուր են գալիս տները. «Մեր գյուղի համեմատ` պայմաններն այստեղ շատ ավելի լավն են: Մեր գյուղի ճանապարհները ցեխոտ են, իսկ այստեղ ամենուր ասֆալտ է»: