Երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկի արխիվում տասնյակից ավելի կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմեր կան, որոնք ցուցադրվել են միջազգային փառատոներում ու տարբեր երկրների հեռուստաէկրաններին։ Այժմ նա պատրաստվում է նկարահանել իր առաջին լիամետրաժ խաղարկային դեբյուտը՝ «Իմ սիրելի, խեղճ մայրիկը» ֆիլմը, որը պատմելու է ճակատագրի բերումով մի քանի մայրիկներ ունեցող հայ աղջկա մասին։ Ֆիլմի ժանրը պայմանականորեն կարելի է «լուսավոր դրամա» անվանել։ «Իմ սիրելի, խեղճ մայրիկը» (որի վերջնական բյուջեն մի քանի անգամ պակաս է, քան մենք սխալմամբ նշել էինք մեր թերթի նախորդ համարում) այն կինոնախագծերից է, որը միանգամից մի քանի ֆինանսավորման աղբյուր ունի. բացի սպասվելիք պետական աջակցությունից, գումար են ներդրել նաեւ հայ գործարարն ու գերմանացի պրոդյուսերը։ Նիկա Շեկն ու իր ամուսինը՝ կինոպրոդյուսեր Սարիկ Հովսեփյանը, աշխատելով Գերմանիայում ու մասնակցելով տարբեր կինոֆորումներին ու «փիչինգներին», նկատում են, որ հայաստանյան կինոն արգելակվում է հիմնականում անկատար օրենսդրական դաշտի պատճառով։ Հաճախ հայ կինոգործիչները տարբեր միջազգային կինոհիմնադրամներից գումար ստանալու հնարավորություն են ունենում, սակայն այդ գումարը չի կարող մուտք գործել Հայաստան, քանի որ մենք համատեղ ֆիլմարտադրությունը կարգավորող օրենք չունենք։ Եթե նախագծային փուլում գտնվող ֆիլմի հեղիՆակները ցանկանում են արտադրողների ցուցակում «Հայաստան» բառը ամրագրել, ապա պետք է ֆիլմի բյուջեի առնվազն 30%-ը հայրենական ներդրում լինի։ Եվ շատ հաճախ հենց այս կետում էլ սկսվում են պրոդյուսերների խնդիրները, քանի որ առաջ է մղվում առաջնահերթության հարցը։ «Շատ հաճախ հենց տարբեր եվրոպական ֆոնդերը մեզ բացեիբաց ասում են, որ ստեղծված իրավիճակում հենց մենք ենք մեղավոր, քանի որ չենք պայքարում ու ոչինչ չենք ուզում փոխել»,- ասում է Ս.Հովսեփյանը։
– Նիկա, ինչո՞ւ նվազեց ֆիլմի բյուջեն։
– «Իմ սիրելի, խեղճ մայրիկը» սկզբնական փուլում իրոք 500 հազար եվրո բյուջե ուներ, եւ մենք 5 տարվա ընթացքում ազնվորեն փորձում էինք գտնել այդ գումարը եվրոպական ու ռուսական ֆոնդերից։ Բայց մենք հայտնվեցինք փակ շրջանի մեջ։ Ֆոնդերը ասում էին՝ ցույց տվեք, որ դուք ունեք հայաստանյան 30%, որպեսզի մենք ձեզ հատկացնենք 70%-ը, իսկ Հայաստանում ասում էին՝ սկզբում պայմանագիր բերեք, որ ձեզ տրամադրում են 70%-ը, մենք էլ կտանք մնացած գումարը։ Արդյունքում մենք գումար չգտանք, բայց լավ ուսումնասիրեցինք եվրոպական կինոշուկան ու ճանաչելի դարձրեցինք մեր նախագիծը։ Այդ որոնումների ճանապարհին «կոփվեց» նաեւ մեր սցենարը, սցենարական խմբին միացավ անգլուհի Կլեր Դաունսը, որը հանրահայտ «Մեկ անգամ Ամերիկայում» ֆիլմի կոնսուլտանտն է եղել։ Մեր ֆիլմի սցենարը փոքր-ինչ փոխվել է, ֆինալը ավելի լուսավոր է դարձել, եւ արդեն դերասանների ընտրություն ենք արել (գլխավոր դերերում հանդես կգան Արմեն Էլբակյանն ու Արմինե Աբրահամյան-Անդան)։ Հիմա մենք Ազգային Կինոկենտրոնի պատասխանին ենք սպասում։
– Կինոկենտրոնի նախագահը հայտնել է, որ ձեր նոր ֆիլմն արդեն կա ծրագրում։
– Մենք պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել, բայց եթե Կինոկենտրոնը մեզ աջակցի, մենք արդեն կարող ենք սկսել նկարահանումները։ Մեզ աջակցում են գործարար Միխայիլ Բաղդասարովն ու գերմանացի պրոդյուսեր Սահակ Քոշմանը, եւ նվազագույն բյուջեն հավաքված կլինի։ Շատ բան, իհարկե, արվելու է ընկերական մոտեցմամբ, մենք չենք կարողանա օպերատորներին, դերասաններին վճարել այն գումարը, որին իրենք արժանի են։ Խնդիրը նրանում է, որ ֆիլմի համար հատկացված գումարը հնարավոր չի լինում ծախսել միայն ֆիլմի վրա, քանի որ հարկերն են շատ։
– Չե՞ք կարծում, որ ֆիլմերի սցենարները շատ են տուժում, երբ հիմքում չի դրվում լավ, ամուր կառուցվածք ունեցող գրական ստեղծագործություն։ Մենք ունենք Հրանտ Մաթեւոսյանի ու Աղասի Այվազյանի պես գրողներ, որոնց գործերը կարող են ֆիլմ դառնալ հենց այսօրվա մասին։ Լինելով Աղասի Այվազյանի թոռնուհին, նման փորձ չե՞ք ուզում անել։
– Հիմա մենք առաջին քայլերն ենք անում ու ստեղծել ենք Աղասի Այվազյանի անունը կրող ասոցիացիան ու հիմնադրամը, որոնց նպատակը երիտասարդ կինեմատոգրաֆիստներին աջակցելն է։ Հույս ունենք, որ կկարողանանք կինոարտադրության մեջ ներգրավել մեր բիզնեսմեններին, օլիգարխներին։ Վերջիվերջո, լայնէկրան խաղարկային ֆիլմերում՝ տիտրերում հայտնվելը ոչ պակաս արդյունավետ գովազդ է, որքան, ասենք, մեկամսյա ամենօրյա հեռուստագովազդը։ Եվ դրան գումարվում է նաեւ եվրոպական, ռուսական շուկան, քանի որ ֆիլմը ճամփորդելով՝ բիզնեսմենի արտադրանքի մասին ինֆորմացիան տարածում է այլ երկրներում։
– Իսկ ինչո՞ւ են բիզնեսմենները խուսափում ֆիլմի մեջ գումար ներդնելուց։
– Կրկին հանգում ենք օրենսդրական դաշտի պրոբլեմներին։ Եվրոպական երկրներում այն բիզնեսմենները, որոնք աջակցում են արվեստին, կամ լրիվ ազատվում են հարկերից, կամ էլ պետությունը նրանց հարկերը զգալիորեն նվազեցնում է։ Գերմանիայում, օրինակ, այն գործարարը, որը օգնում է թատրոնին, կինոյին կամ ընդհանրապես արվեստին, 50%-ով ավելի քիչ հարկեր է վճարում։ Ազգային մտածողությունը շատ ուժեղ է գերմանացիների մոտ, եւ երբ խոսք է գնում ազգային ֆիլմերի մասին, շատ գործարարներ պատրաստակամությամբ օգնում են՝ սպասելով, որ գերմանական ֆիլմերը ցուցադրվեն աշխարհում ու բարձրացնեն իրենց պետության հեղինակությունը։ Նույն մոդելը հիմա փորձում է կիրառել Վրաստանը, որը կինոզարգացման երկարաժամկետ ծրագիր է մշակել եւ շեշտը դրել է հենց համատեղ ֆիլմարտադրության վրա։ Իսկ մեզ մոտ այդ մտածողությունը չկա, թեեւ մենք, ի տարբերություն վրացիների՝ կարող ենք օգտագործել ոչ միայն եվրոպական, այլեւ՝ ռուսական աջակցությունը։ Սակայն կոնկրետ քայլեր անելու եւ համատեղ ֆիլմարտադրությունը կարգավորող օրենք ընդունելու փոխարեն, մենք բոլորս պարզապես գոռում ենք՝ մենք քիչ ենք, բայց հայ ենք, եւ արդյունքում մեր մասին ոչ ոք չգիտե, ու մենք էլ ոչ մեկին հետաքրքիր չենք։ Եվ շատ քիչ հաջող ֆիլմերի օրինակներ ունենք։ Եթե հաջողված ֆիլմերը շատ լինեն, գործարարները կհամոզվեն, որ կինոն կարող է շահավետ ներդրումային ոլորտ լինել։
– Նման նախադեպ դարձավ «Սպանված աղավնին», որը ցուցադրվելով ընդամենը մեկ կինոթատրոնում, գրեթե ամբողջությամբ փակեց իր ծախսերը։
– Հայաստանի առաջատար հեռուստաալիքը հզոր գովազդային կամպանիա անցկացրեց, եւ մարդիկ գնացին կինո նայելու։ Դա իրոք նախադեպ էր, որը կայացավ հեռուստաընկերության շնորհիվ։ Մեծ դեր կարող է ունենալ պետությունը, եթե կինոլորտը գրավիչ դարձնի բիզնեսմենների համար՝ գոնե մի քիչ թեթեւացնելով հարկային բեռը։ Իրականում մեզ նման օրենքի բացակայությունը շատ է խանգարում։ Մեր գերմանացի պրոդյուսեր Սահակ Քոշմանն, օրինակ, մեր ֆիլմի համար գումար է տրամադրել, բայց երբ արվեցին վերջնական հաշվարկները եւ պարզ դարձավ, որ 30 հազար եվրոյից 20 հազարը պետք է հարկվի, նա երկար մտածեց՝ իսկ արդյոք պե՞տք է հայկական ֆիլմի մեջ գումար ներդնել, եթե այդ գումարի զգալի մասը ֆիլմին այդպես էլ չի հասնի։ Եվ նրա նման մարդիկ, մեկ անգամ նման խնդրի հանդիպելով՝ հետագայում արդեն լսել անգամ չեն ցանկանա Հայաստանի մասին։ Կա եւս մի խնդիր, եթե, ասենք, պետությունը չի կարող բարերար-գործարարների հարկերը նվազեցնել, ապա գոնե պետք է փորձի հարկերից մասնակի ազատել կինոպրոդյուսերներին, այլապես լրիվ անհեթեթ իրավիճակ է ստեղծվում։ Մենք արդեն փետրվարին Գյումրիում ուզում ենք սկսել մեր ֆիլմի նկարահանումները։ Հենց առաջին դրվագները մասսայական տեսարաններն են լինելու, որտեղ մոտ 400 մարդ պիտի զբաղված լինի։ Մեկ օրվա նկարահանման համար մենք յուրաքանչյուր դերասանին 5 հազար դրամ ենք վճարելու, բայց երկու անգամ ավելի գումար պարտավոր ենք կենսաթոշակային հիմնադրամ փոխանցել։ Եվ ստացվում է, որ դերասանը 5 հազար է ստանում, իսկ 10 հազարը հարկվում է։ 23% եկամտահարկ էլ որ գումարվում է, ստացվում է, որ ֆիլմի ինքնարժեքը մոտ 40%-ով ավելանում է։
– Ավելի վատ վիճակ է գրահրատարակչության ոլորտում։ Գիրքը հասնում է ընթերցողին (որի թիվն իրականում գնալով տարեցտարի նվազում է) գրեթե կրկնակի գնով։ Արդյունքում՝ ոչ գրքեր են տպագրվում, ոչ էլ պետբյուջեն է լցվում։
– Ես դա շատ լավ գիտեմ, քանի որ հիմա պատրաստվում ենք հրատարակել Աղասի Այվազյանի վերջին ստեղծագործությունների հավաքածուն։ Մեծ դժվարությամբ տպագրելուց հետո էլ գիրքը բերում ես գրախանութ, իսկ քեզ ասում են՝ կարող ենք 1000 դրամով վաճառել։ Դա ուղղակի ծիծաղելի է, քանի որ գրքի ինքնարժեքը մի քանի անգամ ավելի է ստացվում, քան 1000 դրամը։ Եվ գիրքը խանութ չի հասնում։
– Նույն մտահոգությունը ունի նաեւ Հրանտ Մաթեւոսյանի որդին։ Ստացվում է, որ եթե մեր գրողների ժառանգները չզբաղվեն հրատարակչությամբ, հայերի նոր սերունդը պարզապես նրանց չի ճանաչի։ Աղասի Այվազյանի գործերը նույնիսկ դասագրքերում տեղ չեն գտնում։
– Ստացվում է այդպես։ Այն մարդը, որը առնչվում է հարկային դաշտի հետ, իսկապես կարող է շոկ ապրել։ Եվ երբ, օրինակ, քննադատություն է հնչում Կինոկենտրոնի հասցեին, ես հասկանում եմ, որ կենտրոնը ոչինչ իրականում փոխել չի կարող, քանի որ որոշ իմաստով այդ կառույցն էլ է զոհ եւ ստիպված է մանեւրել։
– Իսկ հնարավոր չէ՞ որոշել ու միանգամից բաց աշխատել։ Այսինքն՝ թափանցիկ դարձնել հանձնաժողովների աշխատանքը, սցենարական քննարկումները, ներդրումային մեխանիզմները։ Այսպես ասած՝ կտրուկ փոխել ամեն ինչ։
– Օրենքներ են պետք, որոնք կկարգավորեն եւ համատեղ ֆիլմարտադրությունը, եւ սցենարի զարգացման պայմանագրերը կօրինականացնեն։ Երբ անցյալ տարի մենք Կիեւի «Մոլոդիստ» փառատոնից ստացանք գումար՝ մեր սցենարը զարգացնելու ու մշակելու համար, Հայաստանի Ֆինանսների նախարարությունը մերժեց այդ գումարի փոխանցումը, քանի որ համապատասխան օրենք չկար։ Եվ Հայաստանը այդ 5000 եվրոն պարզապես կորցրեց։ Իսկ նախագծի մշակումը այն փուլն է, որին կարող է մասնակցել Մշակույթի նախարարությունը եւ որոշել՝ արդյոք այդ նախագիծը կարեւո՞ր է Հայաստանի համար, թե՞ ոչ։ Չէ՞ որ մի էջանի սինոպսիսը կարդալով արդեն շատ բան պարզ է դառնում։ Դա հաստատ ավելի հեշտ է, քան արդեն պատրաստ ֆիլմին միջամտելը։
– Հաճախ շփվելով կինոյի մարդկանց հետ, նկատելի է դառնում, որ այդ դաշտը շատ պառակտված է։ Եթե մենք, ասենք, 5 լավ ռեժիսոր եւ 3 լավ սցենարիստ ունենք, ապա նրանք առանձին են աշխատում եւ չեն շփվում միմյանց հետ։ Կարելի է նույնիսկ ասել, որ իրար հաճախ չեն էլ բարեւում։ Ժամանակը չէ՞ արդյոք համախմբվել ու միասին օրենքներ մշակել՝ ստեղծելով գիլդիայի նման մի կառույց։
– Ես շատ կուզեմ, որ դա տեղի ունենա։ Եկեք միասին մտածենք՝ ի՞նչ անել։ Անգլիայում, օրինակ, ընդամենը մի քանի կինոգործիչներ միավորվելով՝ կարողացան ստիպել պետությանը կինոօրենք ընդունել։ Իսկ մեզ մոտ հիմնականում մտածում են՝ հա, լավ, ասենք՝ ես միացա, բայց ուրիշները հո չե՞ն միանա։ Ուզում ես պատասխանել՝ դու արի, իսկ մյուսները կամաց-կամաց կմիանան։ Իրականում, երբ մի ռեժիսորը մյուսին իր կոնկուրենտն է համարում, դա սխալ է։ Հայ ռեժիսորի հաջողությունը ինձ էլ է հարկավոր, որպեսզի ինձ ավելի վստահ զգամ միջազգային կինոֆորումներում, այլ ոչ թե ամաչեմ (ինչպես, ի դեպ, տեղի ունեցավ վերջերս Թբիլիսիի կինոփառատոնում)։ Եվ երբ, օրինակ, Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը Պուսանի կինոփառատոնում խոշոր մրցանակ ստացավ, ես իսկապես ուրախացա, քանի որ Հայաստանի անունը բարձր հնչեց ու ինչ-որ առումով օգնեց նաեւ մյուս հայ ռեժիսորներին։ Կարծում եմ, հիմա ավելի շուտ պետք է սատարել այն ֆիլմերին, որոնք հաջող ընթացք են ունենում հենց նախագծային փուլում։ Մենք հիմա ունենք ռեժիսորներ, որոնք շատ վաղուց եւ շատ հաճախ են ֆիլմ նկարահանում, բայց նրանց աշխատանքի արդյունքը մենք չենք զգում։ Չե՞ք կարծում, որ նման ռիթմով աշխատելու դեպքում, վաղուց արդեն գոնե մեկ իրական հաջող ֆիլմ պետք է ստեղծած լինեին։
– Համաձայն եմ։ Բայց, որքան գիտեմ, կա «հերթի» հասկացությունը, ասվում է՝ սպասիր, մինչեւ հերթդ կգա, մինչեւ «մաեստրոները» վերջացնեն իրենց ֆիլմերը։
– Փառք Աստծո, հիմա որոշակի շարժ է նկատվում։ Շուտով իր ֆիլմը կավարտի Արամ Շահբազյանը, կսկսեն աշխատել Միքայել Վաթինյանն ու Մարիա Սահակյանը, միգուցե՝ նաեւ մենք։ Պետք է փորձել նոր ուժերով ու մոտեցումներով կինո նկարահանել։ Դրանում վտանգավոր բան չկա, եւ եթե պետական ծրագիր լինի, հնարավոր կդառնա փոքր պետական գումարին ավելացնել գործարարների ու միջազգային հիմնադրամների ներդրումները։ Եկեք վերջիվերջո հասկանանք, ինչպիսի՞ ֆիլմեր են մեզ պետք։ Արդյո՞ք պետք է շարունակել ցուցադրել, որքան խեղճ, դժբախտ ու աղքատ ենք, թե՞ փորձենք իսկապես մեր հայ լինելը ընկալել ու հպարտությամբ եւ գրագետ ներկայացնել։ Գիտեք, հայ ռեժիսորներից շատերը հիմա հիմնականում աշխատում են Հայաստանից դուրս։ Դրսում նրանք խնդիրներ ունեն, քանի որ հայ են, իսկ գալով Հայաստան՝ էլ ավելի մեծ խնդիրներ են ունենում։ Ինձ ու Սարիկին եվրոպական հիմնադրամները հաճախ առաջարկում են փոխել մեր ֆիլմերի սյուժեն ու հայերին, ասենք, դարձնել սերբ։ Եթե անենք դա, հաստատ ոչ մի ֆինանսական խնդիր չենք ունենա ու հանգիստ կավարտենք մեր դեբյուտային ֆիլմը։ Բայց էդպես չի լինի, մենք հո սերբ չե՞նք։ Մաշա Սահակյանն, օրինակ, ում հետ մենք միասին ենք սովորել Մոսկվայում, ամեն առիթով ասում է, որ ինքը հայ ռեժիսոր է ու ուզում է Հայաստանում ֆիլմ նկարահանել։ Դա հայտարարելով՝ նա շահո՞ւմ է, թե՞ կորցնում է։ Միանշանակ, կորցնում է, քանի որ, երբ կոպրոդուկցիայի տարբեր ֆորումներում նա որպես ռուս ռեժիսոր է ներկայանում, հստակ զգում է, որ Ռուսաստանը կանգնած է իր թիկունքում։ Իսկ երբ որպես հայ ռեժիսոր ներկայանում է, շանսերը միանգամից զրոյանում են։ Եվ եթե այդ մարդը, որը վաղուց արդեն հաստատվել է որպես կինոռեժիսոր, ուզում է հայրենիքում աշխատել, ուրեմն նրան աջակցել է պետք։ Առաջին քայլը արված է, հիմա մնում է, որ ընթացքը արագանա։ Հայաստանում կա տաղանդ, կա ուժ։ Հետաքրքիրն այն է, որ գումար էլ կա, պարզապես պետք է կարողանալ այդ ամենը ճիշտ օգտագործել։ Եվ շանս տալ, որ գործարարը հավատա կինոյի հաջողությանը։