Չթողնեիք փաթաթեին

22/12/2009

«Մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել, քանի դեռ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության կետերը ի կատար չեն ածվել»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ամփոփելով տարվա բացասական եւ դրական իրադարձությունները: Ըստ նրա` դրական է այն, որ 2009թ. ընթացքում վերջապես ներկայացվեց Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփագիրը: Նրա կարծիքով, հանձնաժողովը լավ է աշխատել: Իսկ բացասականը, ըստ Հովհաննիսյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի իշխանությունների կողմից հարաբերությունների կարգավորման եւ զարգացման թուրքական մոդելի կիրառումն է: Ի դեպ, Վահան Հովհաննիսյանի հետ նույն ասուլիսին մասնակցող ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, ի պատասխան ՀՅԴ-ականի այդ հայտարարության՝ ասել է. «Հայ-թուրքական արձանագրությունները հանճարեղ մտքի արդյունք չեն, լիքը կետեր կան չհամաձայնելու, եւ դրանք փաթաթած են մեր գլխին»: