Եվրոպացիներին «քրֆելու» ժամանակը

22/12/2009

Երբ անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական հանձնաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեն ու Ջոն Պրեսկոտը «հույժ կարեւոր պատճառաբանությամբ» չներկայացրին Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մասին իրենց զեկույցը, Հայաստանի իշխանական վերնախավը տոգորվեց առանձնակի խանդավառությամբ: Այն աստիճանի, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը երկու եվրոպացիների բացակայությունը որակեց որպես «Մարտի 1-ի էջը փակված լինելու» վկայություն: Սակայն այն, ինչ երեկ հայտնի է դարձել նույն Պրեսկոտի եւ Կոլումբիեի զեկույցի մասին, վկայում է, որ ԵԽ ԽՎ-ն իրականում եւս մեկ անգամ թերթում է Մարտի 1-ի էջը: Պարզվում է, ԵԽ ԽՎ համազեկուցողների չհրապարակված զեկույցում, ըստ էության, անվստահություն է հայտնվում Սամվել Նիկոյանի հանձնաժողովի զեկույցին: Սակայն մտահոգիչ է ոչ այնքան անվստահություն հայտնելու, որքան զեկույցը չհրապարակելու փաստը: Ինչպես նաեւ այն, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ ցույց են տալիս, թե չեն հասկանում, թե ի՞նչ է թաքնված դրա հետեւում: Իսկ ամեն ինչ ավելի քան պարզ է: ԵԽ ԽՎ-ն ՀՀ իշխանություններին ուղիղ տեքստով (զեկույցի) հասկացրել է, որ կարող է՝ Մարտի 1-ի վերաբերյալ գնահատականը շատ խիստ լինի, եւ կրկին լիագումար նիստում հայտնվի Հայաստանի հարցը, եթե Հայաստանը չկատարի հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված պարտավորությունները: Այսինքն` համազեկուցողների «բացակայությամբ» ԵԽ ԽՎ-ն ՀՀ իշխանություններին ընդամենը ժամանակ է տվել: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ականները հավանաբար կվերադառնան եվրոպացիներին «քրֆելու ռեժիմին»: