«ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ դատարանում շուրջ 3 ժամ ցուցմունք է տվել 2007-ի հոկտեմբերի 23-ի, 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ու հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Նա հիմնավորել է, որ ինքը ընդամենը երթ է կազմակերպել հոկտեմբերի 26-ին հանրահավաքի մասին իրազեկելու համար: Ն. Փաշինյանը մանրամասն պատմել է, որ ինքը ընդդիմության համակիրների հետ բարձրախոսով իրազեկել է հանրահավաքի մասին, իսկ Ոստիկանությունը` ի դեմս փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի, իրենից պահանջել է բարձրախոսը, ինչը Փաշինյանը հրաժարվել է կատարել, քանի որ գործող օրենսդրության համաձայն` նա իրավունք ուներ բարձրախոսով իրազեկել: Ըստ նրա՝ դեռեւս 2007-ի հոկտեմբերի 22-ից իշխանությունների բարձր մակարդակի հրահանգով Ոստիկանության տարբեր աստիճանի աշխատակիցները ահաբեկել, սպառնացել, ձերբակալել, կալանավորել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին ու աջակիցներին: «Մեր երկրում ոստիկան մնալու համար, պետք է հանցագործ լինել: Նրանք այստեղ՝ դատարանում, երդվեցին, սակայն կեղծ ցուցմունքներ տվեցին, քանի որ նրանց լսողությունն ու տեսողությունը նույնպես կարգավորվում է վերադասների կողմից»,- եզրակացրել է Փաշինյանը: Այնուհետեւ նա 1 ժամից ավելի թվարկել է հոկտեմբերի 23-ից մինչեւ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում քաղաքական գործիչների եւ շարքային քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները: Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին` նա հայտարարել է, որ հեշտ չէ խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի: Նա անդրադարձել է փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների ու դրան հաջորդած Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքների մասին: Ըստ Ն. Փաշինյանի, հանրահավաք էր նախատեսված միայն փետրվարի 20-ին, սակայն կեղծված ընտրությունների արդյունքներից բորբոքված ժողովուրդը այլեւս տուն չգնաց: Դատական նիստի ժամանակ հայտարարված ընդմիջումից հետո պաշտպանական կողմը ներկայացրել է չորս տեսասկավառակ եւ միջնորդել, որ դրանք կցվեն քրեական գործին եւ ճանաչվեն որպես ապացույց: Տեսասկավառակներից մեկում Նիկոլ Փաշինյանի ելույթներն են, երկրորդում` Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների գործողությունները Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երեւում է, թե ինչպես են վերջիններս բռնություն գործադրում անձանց նկատմամբ, երրորդում ներկայացված են 2007թ. հոկտեմբերի 23-ի իրադարձությունները եւ Ոստիկանության մոտ հավաքված անձինք: Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքերով` այս տեսաերիզով նաեւ հաստատվում է իրենց կողմից ներկայացված անձանց հարցման ենթարկելու արձանագրությունների ճշմարտացիությունը, ինչպես նաեւ պարզվում է տուժողի ու վկաների կեղծ ցուցմունքների հանգամանքը: Իսկ 4-րդ տեսասկավառակը մարտի մեկի իրադարձությունները ներկայացնող ընդհանրական ֆիլմն է: Պաշտպանական կողմի միջնորդությունը դատավորը բավարարել է, տեսասկավառակները կցել գործին եւ ճանաչել որպես ապացույց: «Մեղադրողները, ի զարմանս ինձ, չառարկեցին, համաձայնեցին»,- նշել է պաշտպան Լ. Սահակյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր ժամը 11։00-ին: Ի դեպ, նշենք, որ երեկվա դատական նիստին մասնակցել է նաեւ Քաղաքագետների միության նախագահ, թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը: Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ խոստմանը համաձայն՝ դեկտեմբերի 27-ին կհայտարարի ընտրապայքարից դուրս գալու մասին` հօգուտ Ն. Փաշինյանի: Դեկտեմբերի 27-ին ԱԼՄ-ի եթերից Հ. Հովհաննիսյանը մոտ մեկ ժամ պատրաստվում է հիմնավորել իր դուրս գալու պատճառները եւ կոչ անել մյուս թեկնածուներին նույնպես հետեւել իր օրինակին: Ընտրապայքարից դուրս գալու մասին գրավոր դիմում նա ԿԸՀ-ին կներկայացնի դեկտեմբերի 28-ին: «Ես մերժում եմ անհավասար մրցակցության գաղափարը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ես կդավաճանեի իմ սկզբունքներին, եթե ի նշան բողոքի չհեռանամ ընտրապայքարից: Դրանից հետո ես Փաշինյանին համարում եմ ընտրված, որովհետեւ իմ եւ Փաշինյանի ձայները միասին` ընտրողների բացարձակ մեծամասնությունն է: Հունվարի 10-ին ընդամենը մնում է վավերացնել Փաշինյանի հաղթանակը»,- ասել է նա: Այնուամենայնիվ, ըստ Հ. Հովհաննիսյանի, «Թիվ 10 ընտրատարածքում ոտքի են կանգնել բոլոր քրեածին տարրերը, ոտքի են կանգնել այն համատիրությունները, որոնք գտնվում են թեկնածուներից մեկի բարեկամ, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ենթակայության ներքո»: Խոսելով թիվ 10 ընտրատարածքի թեկնածու, «Ազգային Միաբանության» անդամ Արա Սիմոնյանի մասին՝ նա ասել է, որ նա քաղաքական ոչնչություն է: «Այդ թեկնածուն որեւէ մեկին հայտնի չէ: Նա հանրությանը հայտնի է միայն՝ Արտաշես Գեղամյանի վարորդի որդի եւ Գագիկ Բեգլարյանի ազգական, նաեւ որպես լավ տղա է հայտնի: Նա քաղաքական ոչնչություն է»,- ասել է նա: Բոլոր նրանց, ովքեր լուրեր են տարածում, թե Հ. Հովհաննիսյանը դուրս չի գա ընտրապայքարից կամ իշխանության ներկայացուցիչն է, Հ. Հովհաննիսյանը խոստանում է խորը հիասթափություն: «Եթե իշխանությունը համարձակվեց ընտրակեղծիքների, բիրտ ուժի միջոցով կանխորոշել ընտրությունների արդյունքները ի օգուտ այդ քաղաքական ոչնչության, ապա նրանց կողմից մեծ ծառայություն կմատուցեն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բոլորի համար ակնհայտ կդառնա, թե այս տարիների ընթացքում որքան մեծ է հետընթացը 90-ականների համեմատ: Տեր-Պետրոսյանի տարիներին Կենտրոնից միշտ ընտրվում էին նրա հրապարակային հակառակորդները, եւ իշխանությունները ձեռնպահ էին մնում կեղծիքներից եւ բիրտ ուժերից»,- հիշեցրել է նա: