ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլումբիեի պատրաստած զեկույցը, որը պետք է հրապարակվեր, բայց չհրապարակվեց դեկտեմբերի 17-ի նիստում, գաղտնազերծվել է:
Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դաշնակցական անդամ Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ այդ նիստում Ջ.Պրեսկոտն ու Ժ.Կոլումբիեն պետք է ներկայացնեին իրենց գնահատականը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: Երկու համազեկուցողներն էլ, սակայն, ինչ-ինչ պատճառաբանություններով չէին ներկայացել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին եւ, բնականաբար, զեկույցն էլ չէին հրապարակել: Սակայն Մոնիտորինգի հանձնաժողովը որոշել է գաղտնազերծել այդ զեկույցը եւ հայաստանյան պատվիրակությանը ծանոթացնել դրա բովանդակության հետ:
Ա.Ռուստամյանի ասելով, Պրեսկոտն ու Կոլումբիեն իրենց զեկույցում անդրադարձել են Սամվել Նիկոյանի զեկույցի «բոլոր փուլերին եւ բոլոր այն հարցերին, որոնք քննարկվել են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերի ժամանակ»: Դաշնակցական պատգամավորի խոսքերով՝ զեկույցի որոշ դիտարկումներ դրական են գնահատվել, բայց եղել են հարցեր, որոնք առաջացրել են համազեկուցողների տարակուսանքը: Պրեսկոտի ու Կոլումբիեի տարակուսանքն է առաջացրել հատկապես այն փաստը, որ ժամանակավոր հանձնաժողովը «իրավաչափ ու հավասարաչափ է գնահատել Ոստիկանության գործունեությունը» այն դեպքում, երբ ոստիկանների կիրառած «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից երեք հոգի է զոհվել: Թերի է համարվել նաեւ ձերբակալությունների ու դրանց հետ կապված բողոքների, եւ ընդհանրապես 1-2-ին հաջորդած իրադարձությունների մասին մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի տված գնահատականը: Ավելացնենք, որ այս Զեկույցում նույնպես համազեկուցողները չեն օգտագործել «քաղբանտարկյալ» տերմինը: Նրանք որեւէ վերապահում չեն հայտնել նաեւ մարտի 1-20-ն արտակարգ դրություն հայտարարելու առթիվ: Սակայն համազեկուցողները լիարժեք են համարել Ս. Նիկոյանի հանձնաժողովի զեկույցի` 10 սպանությունների ուսումնասիրության, սպանության հանգամանքների եւ կատարողների չբացահայտմանը վերաբերող հատվածը: Պրեսկոտն ու Կոլումբիեն անդրադարձել են միայն Ս.Նիկոյանի զեկույցի բովանդակությանը եւ նշված թերությունները շտկելու հետ կապված առաջարկություններ չեն արել: Նման առաջարկություններ հավանաբար կարվեն ԵԽ ԽՎ արդեն հունվարյան լիագումար նիստի ժամանակ, եթե, իհարկե, Հայաստանի հարցը ընդգրկվի քննարկումների օրակարգ եւ բանաձեւ ընդունվի: «Ընդհանուր առմամբ օբյեկտիվ զեկույց էր»,- եզրափակեց Ա.Ռուստամյանը:
Ա.Ռուստամյանը դժգոհ էր միայն նրանից, որ համազեկուցողներն իրենց զեկույցին չէին կցել Դաշնակցության հատուկ կարծիքը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հատուկ կարծիք էր հրապարակել: «Իրենք խոստացան շտկել այդ բացթողումը այն բանից հետո, երբ մենք թարգմանենք ու ուղարկենք մեր հատուկ զեկույցը»,- ասաց Ա.Ռուստամյանը:
ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, սակայն, զեկույցի օբյեկտիվ լինելը միանշանակ չհամարեց: Դ.Հարությունյանն իրեն հատուկ ձեւով կարծիք հայտնեց, որից այդպես էլ հնարավոր չէ կռահել նրա վերաբերմունքը: «Եթե ես անձամբ որոշ հարցերի հետ չհամաձայնեմ, դա չի նշանակում, որ մարդիկ չեն փորձել լինել օբյեկտիվ: Երկու համազեկուցողները, իմ պատկերացմամբ, գործում են իրենց խղճի թելադրանքով: Այդ տեսանկյունից օբյեկտիվ է»,- ասաց հանրապետական պատգամավորը: Ինչ վերաբերում է Ոստիկանության գործողությունների «իրավաչափ ու համաչափ» գնահատականի նկատմամբ թերահավատ լինելու հանգամանքին, ապա նրա կարծիքով՝ համազեկուցողներն այդ հարցադրումն անելու համար բավականին հիմքեր ունեն: «Արդյո՞ք օգտագործվել է պատշաճ զենք, թե՞ ոչ: Ես էլ ունեմ իմ հարցադրումները, եւ իմ խորին համոզմամբ՝ Ոստիկանությունն այդ տեսանկյունից, անշուշտ, անելիքներ ունի»,- ասաց Դ.Հարությունյանը: Այսինքն` «Մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված Ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել» գնահատականին պարոն Հարությունյանը կրկին երկիմաստ պատասխան տվեց. «Ողջամտության տեսանկյունից ես համարում եմ, որ իրավաչափ չեն եղել: Օրենսդրական եւ նորմատիվ դաշտը, որքան ինձ հայտնի է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից, բացակայել է: Այսինքն՝ ողջամտության տեսանկյունից ինձ թվում է, որ իրավաչափ չի եղել: Իրավական տեսանկյունից մեղադրանք ներկայացնելու այդ առումով, ցավոք, հիմքեր չկան»: Հայաստանյան պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը չխոսեց համազեկուցողների զեկույցի մասին, սակայն տեղեկացրեց, որ ինքը ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղարին բողոք է գրում Մոնիտորինգի նիստից Կոլումբիեի ու Պրեսկոտի բացակայության առնչությամբ: Նրա կարծիքով՝ դա կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Բացի այդ, պատգամավորն ասաց, որ ինքն իր հետ ԵԽ ԽՎ էր տարել ու պատվիրակներին բաժանել մոտ 20 գրություններից բաղկացած մի փաթեթ: «Այդ փաթեթում ներառված էին մարտի 1-ի զոհերի ծնողների նամակները, որ գոհ չեն ընթացող քննությունից: Կային գրություններ, որ այս պահին իրենց քաղաքական հայացքների համար դեռեւս ձերբակալված են մնում 15 հոգի, որ նրանց չեն ազատում նույնիսկ հիվանդության առկայության պարագայում: Գրություն կար մարտի 1-ին բանակի օգտագործման եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին: Որ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն չեն տալիս հավասար պայմաններում անցկացնել քարոզարշավը: Որ Խաչատուր Սուքիասյանի գործը դեռ չի կարճվել եւ նրա ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ դեռ հետապնդումները շարունակվում են եւ այլն: Զոհվածների ծնողները, նաեւ ես պահանջում էինք, որ ՀՀ-ի հարցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ»,- ասաց Զ.Փոստանջյանը եւ ավելացրեց, որ այս գրություններով մի փաթեթ էլ իրենից Դ.Հարությունյանն է վերցրել:
Պատգամավորի խոսքերով՝ իրենք նաեւ պահանջել են, որ Մոնիտորինգի հանձնաժողովում մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված հատուկ զեկուցող նշանակվի: Ժ.Կոլումբիեն ու Ջ.Պրեսկոտը ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ համազեկուցողներ են, քանի որ մեր երկիրը դեռ գտնվում է մոնիտորինգի տակ: Ավելացնենք նաեւ, որ համազեկուցողների զեկույցը հունվարի վերջին կայանալիք ԵԽ ԽՎ լիագումար նիստում չի քննարկվի, որովհետեւ այն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում չի հաստատվել: Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարյան լիագումար նստաշրջանի օրերին, որի ժամանակ, եթե նույնիսկ այս զեկույցը հաստատվի, միեւնույն է, քննարկման առարկա չի դառնա: Լավագույն դեպքում այն կքննարկվի ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ: Սակայն չի բացառվում, որ քննարկվի ոչ թե այս, այլ զեկույցի փոփոխված տարբերակը: Իսկ Կոլումբիեի ու Պրեսկոտի զեկույցը թեեւ գաղտնազերծվել է, բայց չի հրապարակվել: Հայաստանում դրա բովանդակությանը ծանոթ են միայն մեր պատվիրակության անդամներն ու հավանաբար մի քանի այլ պաշտոնյաներ: