Հնչակները գնում են դատարան

22/12/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած համագումարում ՍԴՀԿ ատենապետ հայտարարված Գեւորգ Պերկուպերկյանը երեկ նամակ է ուղարկել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին` պահանջելով վերջինից՝ հանձնել կուսակցության կնիքն ու փաստաթղթերը:

«Դուք վտարվել եք կուսակցությունից: ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության նորընտիր ղեկավարությունը Ձեզնից պահանջում է կազմակերպել ՍԴՀԿ կնիքի եւ մնացած փաստաթղթերի ընդունման-հանձնման գործընթաց»,- նշված է այդ նամակում, որը ստորագրված է այսպես՝ «ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյան»: ՍԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան՝ ցույց տվեց մի տեղեկանք, որը որպես կուսակցության ներքին շրջանառության փաստաթուղթ՝ կազմվել է վերը նշված նամակի ստացումից հետո: «Փաստաթուղթը զուրկ է իրավական որեւէ հիմքից, չունի ելքի համարակալում, ստորագրված է Գ. Պերկուպերկյանի կողմից, որը նույնպես անօրինական է: Վերոհիշյալի հիման վրա այն ենթակա չէ պատասխանի»,- նշված է այդ տեղեկանքում: Ընդհանրապես ՀՀ օրենսդրության համաձայն՝ եթե որեւէ կուսակցության կազմում ղեկավարների, ծրագրի կամ կանոնադրության մեջ փոփոխություն է տեղի ունենում, ապա դա պետք է գրանցվի ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: «Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում է նաեւ իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները)` պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ գործադիր նոր ղեկավար նշանակելու մասին»,- նշված է ՀՀ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքի 22-րդ հոդվածում: Ռեգիստրի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման, լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության ղեկավարի փոփոխության վերաբերյալ ներկայացվող դիմումում ի թիվս այլ վավերապայմանների, պետք է լինի նաեւ իրավաբանական անձի կնիքը: Եվ քանի որ ՍԴՀԿ կնիքը գտնվում է Լ. Սարգսյանի մոտ, ապա բնական է, որ նման փաստաթուղթ «արտակարգ համագումարի» մասնակիցները չեն կարող ներկայացնել: Ի դեպ, նշենք, որ ՍԴՀԿ գրասենյակում շարունակում են աշխատել Լ. Սարգսյանն ու իր կողմնակիցները: Իսկ ՍԴՀԿ-ի Վահան Շիրխանյան-Սեդրակ Աճեմյան թեւը Լ. Սարգսյանից կնիք կարող է ստանալ միայն դատական կարգով: «Արտակարգ համագումարում» ատենապետ հայտարարված Գ. Պերկուպերկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք անպայման կդիմեն դատարան, եթե Լ. Սարգսյանը կնիքը ինքնակամ չհանձնի: Այսպիսով` հարցը, թե ՍԴՀԿ թեւերից ո՞ր մեկը ի վերջո «հաղթող» դուրս կգա (այսինքն` թե ո՞ր թեւը իրավունք կունենա իրեն անվանել ՍԴՀԿ), կորոշվի դատարանում: Իսկ դատարանը, արտակարգ համագումարականների կնիքի վերաբերյալ պահանջը քննելիս պետք է հաշվի առնի, թե համապատասխանո՞ւմ է այդ արտակարգ համագումարը ՍԴՀԿ կանոնադրությանը ու ՀՀ օրենսդրությանը: Եթե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե Աճեմյան-Շիրխանյան թեւը գործում է ՀՀ իշխանությունների պատվերով, ապա դժվար չէ ենթադրել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի: Սակայն, այնուամենայնիվ, ո՞ր կողմերի փաստարկներն են ավելի հիմնավոր: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, որը Լ. Սարգսյանի կողմնակիցներից է, եւ, ըստ Լ. Սարգսյանի, այս պահին համարվում է ՍԴՀԿ շարքային անդամ, մեզ հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած այդ միջոցառումը, որ անվանվել է «արտակարգ համագումար», ամբողջությամբ հակասում է ՍԴՀԿ կանոնադրությանը: Նա, ի թիվս բազմաթիվ այլ` իր կարծիքով՝ օրենսդրական խախտումների, ասաց, որ կուսակցության կանոնադրությունում «արտակարգ համագումար» հասկացություն գոյություն չունի, եւ որ համագումարը կարող է լինել կա՛մ հերթական, կա՛մ արտահերթ: «Արտահերթ կամ հերթական համագումար, կանոնադրության համաձայն, կարող է հրավիրել միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը»,- ասում է Գ. Եղիազարյանը: Իսկ «արտակարգ» կոչված համագումարը, փաստորեն, չի համապատասխանում կանոնադրության այդ հատվածին, քանի որ չի հրավիրվել ՍԴՀԿ հայաստանյան կառույցի կենտրոնական վարչության 7 անդամներից առնվազն 4-ի որոշմամբ: Այդ 7 անդամներից մեկը մահացել է, չորսը Լ. Սարգսյանի թիմում են, եւ միայն երկուսն են հակառակ թիմում: ՍԴՀԿ մամլո պատասխանատու (ով հեռացվել է ՍԴՀԿ օրինական շարքերից) Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կանոնադրության համաձայն՝ համագումար (արտահերթ կամ հերթական) կարող է հրավիրել միայն ՍԴՀԿ վարչությունը: Սակայն, ըստ Ն. Գալստյանի, քանի որ այդ վարչությունը «մատնված է անգործության, կուսակցականների 90%-ի պահանջով հրավիրվել եւ անցկացվել է արտակարգ համագումարը»: Նա, սակայն, դժվարացավ հիշել կանոնադրության այն կետը, որով սահմանվում է վարչության անգործություն ու դրա հետեւանքով նոր համագումարի անցկացման ընթացակարգը: Ն. Գալստյանը նաեւ ասաց, որ հայաստանյան կառույցի վարչության անդամներից մեկը «հիվանդ է եւ վերջին 1 տարում գրեթե չի մասնակցում կուսակցության աշխատանքներին»: Հետաքրքիրն այն է, որ «անգործության մատնված» այդ նույն վարչության 4 անդամները, այսինքն` բացարձակ մեծամասնությունը, արտակարգ համագումարից անմիջապես հետո կուսակցությունից հեռացրել են վարչության մյուս երկու անդամներին: Ավելին, Լ. Սարգսյանը մեզ ներկայացրեց այս տարվա սեպտեմբերին կայացած համահնչակյան 19-րդ համագումարի արձանագրությունից մի հատված, որտեղ շատ բարձր է գնահատվում ՍԴՀԿ հայաստանյան կառույցի աշխատանքը: «…Ազգային հայրենական քարոզչական դիրքերի վրա կուսակցությունը արձանագրել է զգալի առաջընթաց, հատկապես հայրենական կյանքի մեջ այն դարձել է ամրաշեն միավոր… Համագումարը նշում է, որ ՍԴՀԿ հայաստանյան միավորը ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես վերջին տարիներին»,- նշված է այդ արձանագրությունում: «Նմանատիպ թղթերը ու ընդհանրապես ներքին խնդիրները մամուլում արծարծելու համար էլ մենք հեռացրել ենք Լ. Սարգսյանին: Ինչ վերաբերում է գնահատականին, ապա դա աշխատանքային պրոցեդուրա է, սիմվոլիկ բան է»,- ի պատասխան Լ. Սարգսյանի՝ իրենց իսկ կուսակցության համագումարի արձանագրությունից արված մեջբերման՝ նշեց Գ. Պերկուպերկյանը: Մեր այն դիտարկմանը, թե այդ փաստաթուղթը հրապարակվել է այս խժդժություններից հետո, Գ. Պերկուպերկյանը պատասխանեց. «Եթե ինքը իրեն համարում է կուսակցության ղեկավար դեռեւս. իրավունք չունի նմանատիպ թղթեր տրամադրել մամուլին»: