Կառավարության կանխատեսումները, որ 2009 թվականը կփակենք շուրջ 15% տնտեսական անկմամբ, ամենայն հավանականությամբ, իրականություն կդառնան։ Համաձայն պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակման, Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՆԱ-ն կրճատվել է 16%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Եվ քանի որ 2009 թվականն ամբողջությամբ ամփոփող հաջորդ հրապարակումը լինելու է արդեն 2010թ. հունվարի վերջին, անցնող տարին կարելի է ամփոփել 11 ամիսների ցուցանիշներով։
Ըստ ԱՎԾ հրապարակման, Հայաստանի ՀՆԱ-ն այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել է 2 տրիլիոն 786.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 84%-ն է։ Այսինքն՝ տնտեսական անկումն այս պահի դրությամբ կազմում է 16%։
Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման համաձայն՝ հունվար-հոկտեմբերի անկման ցուցանիշը 17.5% էր։ Ամփոփելով տարվա ցուցանիշների դինամիկան, նշենք, որ տնտեսական անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց հունվար-հուլիս ժամանակահատվածի համար, երբ պաշտոնական վիճակագրությունը գրանցեց ՀՆԱ-ի 18.5 տոկոսանոց կրճատում։ Կարելի է ասել, որ դա հենց ճգնաժամի պիկն էր Հայաստանի համար, քանի որ դրանից հետո անկման տեմպը սկսեց նվազել։ Ցուցանիշների բարելավումը սկզբից գրեթե աննշան էր՝ 0.1 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոսի համար ԱՎԾ-ն գրանցեց 18.4% անկում, հունվար-սեպտեմբերի համար՝ 18.3%։ Դրանից հետո անկման տեմպն ավելի թուլացավ, ինչպես եւ կանխատեսել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Սակայն ցուցանիշի հարաբերական բարելավումը չի նշանակում, որ առաջին 9 ամիսներից հետո տնտեսությունը աշխուժացել է։ Ինչպես եւ նախկինում նշել ենք, անկման տեմպի թուլացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008թ. վերջին մակրոտնտեսական ցուցանիշները արդեն զգալիորեն վատթարացել էին։ Օրինակ՝ նախորդ տարվա նոյեմբերին համախառն ներքին արդյունքը հոկտեմբերի համեմատ նվազեց ավելի քան 30%-ով՝ կազմելով 280.3 միլիարդ դրամ։ Բնական է, որ այս անկման ֆոնին՝ ընթացիկ տարվա նոյեմբերի ՀՆԱ-ն (320.3 միլիարդ դրամ) պետք է ցուցանիշների դրական միտում ցույց տար։
Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին, ապա կրկին անկում է արձանագրվել բոլոր ասպարեզներում։ Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2009թ. հունվար-նոյեմբերին նվազել է շուրջ 10%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գյուղատնտեսության անկումը կազմել է 0.2%, ծառայությունների ծավալի նվազումը՝ 2.5%։ Շինարարության ոլորտում, չնայած, ամսական կտրվածքով գրանցվել է 1.3% աճ (նոյեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ), այդուհանդերձ, 11 ամիսների համար անկումը գերազանցել է 38%-ը։
Արտաքին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ նվազել է 28.5%-ով՝ կազմելով 3 միլիարդ 570 միլիոն դոլար։ Արտահանումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 37.4%-ով եւ կազմել 624 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 26.3%-ով՝ կազմելով 2 միլիարդ 946 միլիոն դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է 2 միլիարդ 322 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի 30%-ն է։
Հետաքրքիրն այն է, որ արտահանման եւ ներմուծման նվազման, արդյունաբերության եւ ծառայությունների ծավալների կրճատման ֆոնին՝ պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է մանրածախ առեւտրաշրջանառության 0.5% աճ։ Կարելի է ենթադրել, որ այս գործում մեծ նշանակություն է ունեցել ՀԴՄ կտրոններով խաղարկության եւ բոնուսային մեխանիզմը՝ մեծացնելով առեւտրաշրջանառության ցուցանիշը։ 16 տոկոս տնտեսական անկման պայմաններում մանրածախ առեւտրի ծավալների անփոփոխ մնալը, բնականաբար, իշխանությունները կներկայացնեն որպես ստվերի կրճատում։
Տարվա ցուցանիշներից նշենք նաեւ, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 82.900 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11.6%-ով ավելի։ Միջին ամսական աշխատավարձը կազմել է 98.992 դրամ, որից՝ պետական հիմնարկների աշխատողների դեպքում՝ 82.125 դրամ, ոչ պետականի դեպքում՝ 123.273 դրամ։
Անկախ ամեն ինչից՝ այս տարին կմնա տնտեսական առումով ամենատխուրը Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Տարին կփակենք երկնիշ տնտեսական անկմամբ։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա կանխատեսումներին՝ 1.2%-անոց սպասվող տնտեսական աճի վերաբերյալ, ապա այն լիովին հավանական է թվում։ Այն պարզ պատճառով, որ բազան՝ այս տարվա տվյալները, շատ ցածր է։ Այսինքն՝ հաջորդ տարին համեմատվելու է ա՛յս՝ 2009 թվականի հետ, եւ 1.2% աճը, ըստ էության, շատ փոքր ցուցանիշ է ուրախանալու համար։
Վերջում ավելացնենք, որ սրանք ընդամենը ցուցանիշներ են, այն էլ՝ պաշտոնական։ Իսկ իրական կյանքը շատ է տարբերվում ցուցանիշներից, մանավանդ՝ պաշտոնական, եւ մանավանդ՝ Հայաստանում։